Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Վահե Վայան

Փետրվար 28,2023 13:35

Արցախ 35. Պայքարը շարունակվում է

(Երկինքը կարմրում է)

Քաղաքում օդը սառեց.

Դիլիջանից դեպի երևան եկող մեքենայի մեջ, կողքիս նստած աղջիկը, հպել էր գլուխը ապակուն:

Նա ինչ-որ բան ասաց, բայց ես չլսեցի:

-Կներեք, ի՞նչ:

– Երբ երկինքը կարմրում է, ասում են պատերազմ է սկսվելու:

Նայեցի երկնքին, մայրամուտ էր ուղղակի, ոչ մի արտասովոր բան:

Պատուհանիս կեսն առավոտ էր, երբ կիսվեց պատերազմի ձայնով:

Վարագույրը թաքստոց չէր, ընդամենը քնելու միջոց, անքնությանը խաբելու, թե խաղաղություն է դրսում:

Անհամ էր արևը:

Մի քանի օր հետո ես Դիլիջանում եմ, էդ օրերի ընթացքում մի քանի բառ էի խոսել, էն էլ մորս հետ:

Նստում եմ տաքսի ու գնում եմ դպրոց, որտեղ դասավանդում եմ:

Ես՝ ուսուցիչ եմ, ես օրինակ եմ:

Ես գրող ու սև հող եմ…

Օրեր՝ երբ լռեցին մատներս:

Երբ վախը սրտիս մեջ ընկավ,

Ու ես արմատախիլ արեցի:

Սառեցի զգալով փոքրությունս:

Արյունս տաք էր հոսում երակներում:

Ես նման եմ նորածնի, որն ուզում է բռնել մոր մատը:

Բայց մատը կտրում են:

Իսկ հողը միակ տաք տեղն է մնում:

Վերցնում եմ հեռախոսը:

-Վահ, ապե, ոնց որ թե վերջն ա, գրկում եմ քեզ, կներես:

-Ապեեեեեեե

Հետո, էլ հետը կապվել չեմ կարողանում:

Դպրոցում երեխաներ են, բայց լռություն է:

Պատուհանից այն կողմ, փոքրիկ այդ աղջիկ երեխաներն իրենց փոքրիկ ձեռքերով, զինվորական թաքստոց են պատրաստում:

Ժամերը դատարկված են…

-Դո՜ւք, ի՞նչ էտյուդ եք արել:

-Մենք զինվոր ենք, Սմբատին խփում են, ես պետք ա իրեն օգնեմ:

Ալեքսի ձեռքին փայտ է, որը զենքի տեղ է բռնել ու կրակում է դահլիճի ուղղությամբ:

Սմբատը բարձերի վրա պառկել ու աչքերը սառած նայում է առաստաղին:

-Ալեքս, լա՛վ կրակի:

-Հա՛, ընկեր Վահե, հեսա տեսեք ինչ եմ անում:

-Սմբատ, աչքերդ բաց, էն փետը վե՛րց ու դու էլ կրակի:

-Հեսա անեմ, ընկեր Վահե (ժպտում է):

– Ընկեր Վահե, կլինի գռանատ էլ գցեմ (ոգևորված):

– Արա, բա պահել ես ձեռդ՝ ի՞նչ անես, ինչ կարաս՝ գցի:

Գռանատը գցեց ուղիղ ոտքերիս տակ:

-Ընկեր Վահե, կարո՞ղ ա տաք, մի հատ էլ գցեմ (ամաչելով)

-Թող, էս էլ ես կգցեմ, դու շարունակի:

-Վերջ, էլ թշնամի չկա:

– Վերջ չի, թշնամի չկա, բայց ընկերդ կա, գնա գրկի:

Ետ եմ վերադառնում…

Մայրամուտ է արդեն:

Գլուխս հպել եմ ապակուն:

Ու քթիս տակ ինչ-որ բան եմ ասում:

Այնպես եմ ասում, որ հանկարծ չլսեմ.

Ժամանակն անցավ սրտխառնոցի նման: Ու թվում էր, թե ամեն ինչ վերջացել է:

Բայց սառն էր պատերազմը, իսկ էդ սառնությունը երկարաժամկետ է:

Ընկերս նոր էր եկել դիրքերից:

Ծառայությունը վերջացել էր, պատերազմը շարունակվում էր ու տուն էլ չէր գնացել, եկել էր՝ ինձ տեսներ:

Զինվորական հագուստով, կեղտոտ «բատինկաներով», իսկ ես սիրուն հագուստ հագած, քայլում էինք Երևանի փողոցներով:

Առաջին հինգ րոպեն փաթաթվեցինք:

Երկար խոսեցինք…

Հետո լռություն էր, բան չէինք խոսում:

Դրսում արև էր:

Նույն անհամ արևից:

Ես դանդաղ էի փորձում քայլել, որ չլսեի «բատինկաների» ձայնը, թե ոնց ա ասֆալտին կպնում:

Մի պահ հայացքս ընկավ հայացքի մեջ, ու ես ինձ վատ զգացի հագուստիս համար…


Ծրագրային պլան

Ստեղծել հարթակ, որտեղ կմիավորվեն Արցախում ապրող և Հայաստանում ապրող հայ երիտասարդները:

  • Նրանք միասին կաշխատեն մի գաղափար իրականացնելու վրա:
  • Նախագծի իրականցման ժամանակը՝ մեկ ամիս:

Մեկ ամսվա ընթացքում, բոլոր երիտասարդները կապրեն նույն վայրում: Կճաշեն միասին, խաղեր կխաղան, կծանոթանան ու հիշողություններով կկապվեն իրար հետ:

Օրինակ՝

  • երիտասարդները միասին կաշխատեն ռոբոտաշինության, փոքրիկ ներկայացման, գուցե նաև զենք ստեղծելու վրա:
  • Յուր. թիմ կկազմվի այն երիտասարդներից, ովքեր ունեն նույն մասնագիտությունը, (հետաքրքրությունը):

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ցույց կտան իրենց գլխավոր աշխատանքը, որն էլ կգնահատի հանձնաժողովը:

  • Հիմնական աշխատանքից, նախագծից, որը կանառակացնեն թիմերը, կարող են հավաքել 100-ից առավելագույնը 60 միավոր:
  • Մյուս 30 միավորները հնարավոր է հավաքել՝

Այդ մեկ ամսվա ընթացքում մասնակցելով տարբեր մրցումային խաղերի:

Օրինակ՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հրաձգություն, շախմատ, փեյնտբոլ:

  • 10 միավորները հնարավոր է վաստակել՝ կարգապահության, մրցակցի նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար:

Մեկ ամսվա մեջ, յուրաքանչյուր շաբաթվա՝ շաբաթ օրը, տեղի կունենան մարտավարական խաղեր, որոնց ընթացքում հնարավոր կլինի թիմային հնարամտության և միասնության շնորհիվ ևս վաստակել լրացուցիչ միավորներ:

Յուրաքանչյուր շաբաթ հնարավոր է վաստակել ամենաշատը՝ 5 միավոր

. Նախագծի վերջին օրը՝

  • Սահմանված կլինեն մրցանակներ՝ առաջին, երկրորդ, և երրորդ տեղերին:
  • Կլինեն նաև անհատական և թիմային խրախուսական մրցանակներ:

Նախագծի նպատակը՝

(Իրականում շատ պարզ է, բայց պարզն է հենց հանճարեղը և բարդը)

Երիտասարդների մասնագիտությունների և հետաքրքրությունների միջոցով, կապել երիտասարդներին հիշողություններով, քանի որ մարդու համար հիշողությունը ամենակարևոր բանն է («որն էլ տարբերում է մարդուն անասունից». Հրանտ Մաթևոսյան): Ստեղծել ջերմություն, մեկը մյուսի հանդեպ ցավելու կարողություն: Մեկը մյուսի հանդեպ պատասխանատվության զգացում, դարձնել շփումը սովորական և բնական: Ճանաչել իրար:

Այս ամենը, նախագիծը իրականացնելուց հետո ինքնին տեղ կունենա ենթագիտակցության մեջ:

Եվ հարկ եղած ժամանակ այլևս չի տարանջատվի Արցախցի, Հայաստանցի:

Կլինի հայ, որն ապրում է Արցախում, հայ, որն ապրում է Հայաստանում:

Կլինի ընկերս, սիրածս աղջիկը, հակոբը ում պարտվեցի թենիսով, բայց ինքն իմ ձեռքը սեղմեց, Գայանեն՝ ով միշտ տխուր էր, Սյուզին՝ ով ամենագեղեցիկ մազերն ուներ, Միքոն՝ որն ինձնից բոյով էր, ու գլուխ էր գովում:

Այս միջոցով կստեղծվի միասնական ուժ:

Կստեղծվի, Մարդուն՝ քո ընկերոջը, քո հիշողության աղջկան կամ տղային, կամ գուցե նաև քո սիրելիին օգնելու և կողքին լինելու ցանկություն, և սա միայն կամրապնդի մեզ ու կմիացնի:

Կարծում եմ, որ կլինեն նաև ամուսնություններ, որոնք միայն լավ է, քանի, որ ընտանիքը հայի համար հավատքին հավասար՝ պահող ուժ է:

(Լրացում՝ վերջապես կարելի է ինչ-որ կերպ այդ ամսվա ընթացքում, անցնել ադրբեջաներենի փոքրիկ դասեր: Ամենասովորական բառերը, որոնք պատերազմի ժամանակ, կարող են օգնել մեզ:

Կարծում եմ,որ դա նաև պետք է լիներ բանակի դասերի մեջ:

Քանի, որ զինվորը կարող է ինչ-որ իրավիճակներում օգտագործել, հակառակորդին շփոթության մեջ գցելու նպատակով:)

Վահե ՎԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հրաշալի աշխատանք է: Շատ հետաքրքիր մոտեցում, բրավո!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728