«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»
Չխաբենք ու չխաբվենք
Գուցե սկսեմ այնտեղից, թե, ըստ իս, ինչ չպե՛տք է անեմ ես, ինչ չպե՛տք է անեն իմ սերնդակիցները Արցախի խնդրի լուծման ճանապարհին:
Չպետք է խաբեմ, չպետք է խաբենք։
Երևի թե, կարիք չկա ասելու, թե ինչու է անհրաժեշտ սկսել հենց այստեղից։ Վստահ եմ, ամենքս էլ գիտակցում ենք այն դառն իրողությունը, որ այս ողբալի հանգրվանին ենք հասել նաեւ կամ եթե կուզեք` առավելապես մեր իսկ բազմաթիվ սխալների ու վրիպումների, ավելին` այդ սխալներն ու վրիպումներն ամեն գնով սքողելու, արդարացնելու կամ որպես աննախադեպ հաջողություն ներկայացնելու հիվանդագին մարմաջի պատճառով։ Եվ, որքան էլ անտրամաբանական է թվում, նույնիսկ հիմա` դաժան պարտությունից եւ անդառնալի ու անգին կորուստներից հետո չենք դադարում գործել այդ նույն սխալները։
Կարդացեք նաև
Ուրեմն, ինչ չպետք է անել պարտության ու կորուստների «շքերթը» կասեցնելու համար։
Ոչ մի դեպքում չպիտի տրվենք` հատկապես 2020 թվականի աղետաբեր պատերազմից հետո նոր թափ առած, քաղաքական տարբեր ուժերի շահերը սպասարկող անհատների կեղծ, հիմնազուրկ քարոզչությանը:
Այդ քարոզչության «առյուծի բաժինը» 1994 թվականի Արցախյան հաղթանակը որպես պարտություն ներկայացնելու, ներկայիս անմխիթար, գրեթե անհուսալի վիճակը այդ «չկայացած» հաղթանակով պատճառաբանելու վրա է ծախսվում, միով բանիվ` նենգափոխվում ու նվաստացվում է մեր նորագույն պատմության, թերեւս, հպարտության արժանի միակ շրջանը։
Միակ, որովհետեւ այդ հաղթանակից հետո գահավիժելով եկել հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն պետության առաջին դեմքերի շուրթերից ենք լսում, որ կանգնած ենք «120 հազարի եւ 3 միլիոնի միջեւ» ընտրություն կատարելու շեմին։
Արդեն հասել ենք այնտեղ, որ քննարկվում է նույնիսկ` արժե՞ր 1992 թվականին պատերազմել, կարծես` այդ պատերազմը մենք էինք սկսել, կարծես այլընտրանք ունեինք` Հայաստանն ու Արցախը պաշտպանելուց զատ։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ չարժեր սեւեռվել այս խնդիրների վրա, որովհետեւ շատ խելացի պետք չէ լինել` հասկանալու համար, որ թվարկված եւ այս նույն «տրամաբանությամբ» առաջնորդվող ցանկացած «հիմնավորում» ընդամենը իմաստազուրկ ճոռոմաբանություն է, բայց ստիպված ենք խոստովանել նաեւ, որ նման դատարկախոսների լսարանն անհամեմատ մեծ է այն օրեցօր նոսրացող լսարանից, որտեղ իրականությունը ներկայացվում է ինչպես որ եղել է ու կա, եւ հետագա անելիքներն էլ քննարկվում են ստեղծված իրավիճակին համահունչ։
Ուրեմն, ինչ չպետք է անի մեր սերունդը։ Չպետք է դառնա տեղեկատվական պղտոր սելավի ինքնակամ զոհը` անգիտակցաբար կամ գիտակցաբար դառնալով ինչ-որ քաղաքական ուժի կամ ուժերի շահերի սպասարկուն, եւ իր երիտասարդական եռանդը վատնի նմանօրինակ սին կռվշտոցների մեջ` «արեւմտամե՞տ ես, թե՞ ռուսամետ», «արժի՞ Բաքվում չայ խմել, թե՞ Կուր–Արաքսի կողմերում խորոված ուտենք», «ռուս խաղաղապահները սրտա՞նց են կանգնած ադրբեջանցիների ու արցախցիների միջեւ, թե՞ մտքներին ուրիշ բան կա»…
Մեր սերունդը պիտի գիտակցի ամենակարեւորը` մենք հասել ենք մի գրեթե անելանելի թվացող փակուղու դեմ հանդիման, որտեղ սին պոռոտախոսությունը մեզ միայն սրընթաց մի տեղ է տանում` դեպի անդունդ, որտեղից մեզ միայն հրաշքը կարող է հանել այսքան կորուստներից հետո, եւ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը իրատեսությունն է։
Որքան էլ դժվար է սառը դատել ու սթափ գնահատել ստեղծված իրավիճակը` պարտավո՛ր ենք դա անել։ Իսկ սառը դատողությունն ու սթափ գնահատականները հուշում են` պետք չէ թերագնահատել հակառակորդին, պետք չէ առաջնորդվել ատելությամբ. մենք այս հողագնդի վրա ապրող միակ պատերազմող երկիրը չենք, մարդկային պատմությունը սարսափազդու քանակի ու չափերի պատերազմներ է տեսել` միլիոնավոր զոհերով, բայց այդ նույն միմյանց դեմ պատերազմած պետությունները հիմա հաշտ ու խաղաղ ապրում են կողք կողքի, եւ ռուսը վաղուց արդեն չի ասում` գերմանացին մնում է գերմանացի, անգլիացին էլ չի ասում` ֆրանսիացին մնում է ֆրանսիացի… Եվ այսպես շարունակ` օրինակները գրեթե անթիվ են։
Դժվա՞ր կլինի։ Անկասկած։
Իսկ դժվար չի՞, անգթորեն դժվար չի՞ տեսնել, թե ոնց է հազարներով զոհվում երիտասարդությունը` հենց ի՛մ սերնդակիցները, հենց նրանք, ովքեր Արցախի ու Հայաստանի ապագան կերտողները պետք է լինեին։
Ի դեպ, խոսքն ամենեւին էլ այսօրվա հակառակորդին սիրելու մասին չի, սերն այստեղ անելիք չունի, սերն անելիք չունի ցանկացած` նույնիսկ ամենաքաղաքակիրթ պետությունների հարաբերութունների պարագայում։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը սառնասրտորեն գիտակցել, որ առնվազն այս տարածաշրջանից ոչ մենք ենք պատրաստվում հեռանալ, ոչ էլ մեր այժմյան հակառակորդները։ Ինչպես դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի, այդպես էլ շարունակելու ենք ապրել, և ուրեմն` ատելությունը միայն խանգարում է կենտրոնանալ կարևորագույն խնդիրների վրա, որոնց լուծումն անհետաձգելի է «ապրել–չապրելու» աստիճանի։
Մեր սերունդը պետք է ատամները սեղմի եւ բանական, հիմնավորված, համարձակ բանավիճելու դասեր տա հանրությանն իր սեփական օրինակով. այդ բանավեճերը չեն կայացել ոչ նախկինում, ոչ էլ այսօր են կայանում։ Մինչեւ մենք չբարձրաձայնենք մեր սխալների, ճակատագրակա՛ն սխալների մասին, ճիշտ քայլ անել չենք կարող շատ պարզագույն պատճառով. եթե չգիտակցենք, թե որոնք են եղել մեր սխալները, մեր ցավագին պարտության պատճառները, ինչպե՞ս կարող ենք գտնել ճիշտ ճանապարհը։
Ասում են` հողը նրանն է, ով ապրում է այնտեղ. ճշմարիտ, ճշմարիտ են ասում։ Ուրեմն՝ իմ սերունդը պետք է ամեն ինչ անի, որ արցախցին շարունակի ապրել Արցախում։ Իմ սերունդը պետք է ջարդի կեղծիքի վրա կառուցված տաբուները, չերկնչի մեծամասնության բարձրացրած աղմուկի առաջ եւ համբերությամբ բացատրի մեր խաբված հանրությանը, որ պատերազմը մեզ համար այլեւս ինքնասպանություն է, «հավերժ թշնամիներ» չեն լինում, եւ որ հնարավոր է նույնիսկ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության ուղի գտնել։
Ես վստահ եմ, որ ինչպես 1988 թվականին մինչեւ ուղնուծուծը սովետականացված մեր ժողովուրդը մտավ Ազատության հրապարակ եւ կարճ ժամանակի ընթացքում վերափոխվեց ու դարձավ ազատ մտածող քաղաքացի, այդպես էլ` մեր սերնդի շարքերում կգտնվեն «Ղարաբաղ» կոմիտեի անդամների նման համարձակ եւ ոչ մի պարագայում սթափությունը չկորցնող երիտասարդներ, որ պարզապես չեն խաբի հասարակությանը, դատարկ հեքիաթներով չեն կերակրի եւ կհիշեցնեն ներկա եւ գալիք սերունդներին, որ հեքիաթները մանուկների համար են, իրականությունը մեզ թելադրում, նաեւ պարտադրում է մեր ցանկացած, նույնիսկ աննշան թվացող քայլի անհրաժեշտությունը հիմնավորել անխոցելի փաստարկներով եւ նոր միայն ոտքն առաջ գցել։
Ալինա ԴԱՎԹՅԱՆ