Aravot.am-ին հասած տեղեկություններով, մոտ 10-15 օր առաջ 4 օտարազգիներ փորձել են Ախուրյան խոշորացված համայնքի տարածքից հատել հայ-թուրքական սահմանը։
Մեր տեղեկություններով, նրանց գործողությունները կանխել են հսկողություն իրականացնող ռուս սահմանապահները, որոնք և դեպքի մասին տեղյակ են պահել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ 4 օտարազգիներին ձերբակալել են։
Վերջիններս եղել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, թե ինչ նպատակ են հետապնդել Հայաստանից Թուրքիա անցնելով, այս մասին հստակ տեղեկատվություն չկա։ Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն ևս չի տարածվել։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կարծիքով, եթե չկա պաշտոնական հաղորդագրություն,, դա նշանակում է մի մութ թեմա կա, որը փորձում են հասարակությունից թաքցնել։
Կարդացեք նաև
«Շատ տարօրինակ է, որ այդ դեպքը շատ նուրբ ձևով փորձել են թաքցնել։ Սա հասարակության մոտ լիքը հարցեր է առաջացրել, որովհետև ներկա իշխանությունները նույնիսկ ոչինչ չանելու դեպքում են աղմուկ բարձրացնում, ուր մնաց այս դեպքում, երբ 4 սահմանախախտի են ձերբակալել։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ մարդիկ Հայաստանում լրտեսական գործունեություն չեն ծավալել, արդյո՞ք իրենք չեն եկել կոնկրետ այս տարածքում ինչ-որ ուսումնասիրություններ անելու, որից հետո իրենք գուցե անեին էնպիսի գործողություններ, որոնք ունենային անդառնալի հետևանքներ։ Առավել ևս, որ մենք շատ լավ գիտենք՝ թուրքական աշխարհը 44-օրյա պատերազմի ժամանակ բացի Ադրբեջանցի, թուրք զինյալներից նաև արաբ զինյալներ վարձեց Պակիստանից, Սիրիայից, բերեցին, օգտագործեցին։
Այսինքն՝ մենք կարող ենք հերթական անգամ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անվտանգային համակարգ չի գործում, դարձել է այսպես ասած «պրախադնոյ դվոր», ով որտեղից ուզի, գալիս, մտնում, ելնում է։
Պատկերացրեք, եթե իրականանար Ազգային Բևեռ կոչված ծռերի, նիկոլական քարոզչամեքենայի նպատակը, այստեղից դուրս հանվեին ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահ ուժերը, մեր երկիրը ինչ կարգի քաոսի կվերածվեր։
Հետաքրքիր այն է, որ Գյումրիում ամեն անգամ տեղ են ունենում ոստիկանության ուժեղացված հսկողություններ, ու յուրաքանչյուր ուժեղացված հսկողություն միշտ հաջորդում է նմանատիպ գործողության։ Օրինակ՝ նախոր անգամ մենք հիշում էինք Ամասիայի հյուսիսային հատվածում տեղի ունեցած սահմանախախտման դեպքը, որից հետո քաղաքում նորից սկսվեց ուժեղացված հսկողություն, որին հաջորդեց Պեմզաշենի դեպքը։
Այսինքն՝ ուզում եմ ասել, որ ցավոք սրտի, մեր իրավապահ մարմիններն ավելի ուշացած գործողություններ են իրականացնում, այսօր Գյումրիում դարձել է սովորություն, հենց տեսնում ենք ոստիկանական ուժեղացված ծառայություն, անկախ մեզանից սկսում ենք մտածել, որ դրանից ժամեր կամ օրեր առաջ հերթական դեպքն է տեղի ունեցել։
Հիշենք՝ ամառը սկսեցին մեր հյուրանոցները, խանութները ստուգել՝ կրկին վախենալով ինչ-որ դիվերսիոն խմբերից։ Ցավոք սրտի, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է իմ ասած « պրախադնոյ դվորը»։ Եթե էս տեմպով շարունակվի, մենք հաստատ ականատես կդառնանք կամ ինքներս կհայտնվենք ահաբեկչական ակտերի մեջ»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ