Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ 2023թ.-ը բեկումնային կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:
«Հույս ունեմ, որ 2023թ-ը բեկումնային կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ամեն դեպքում, մենք նման հույս ունենք»,- ասել է Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Լավրովին՝ այդ գործընթացում մասնակցության համար: «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր ընկեր, դաշնակից և հարևան, հատուկ դերակատարություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ նախորդ տարում կարևոր ջանքեր են գործադրվել՝ ուղղված հայ-ադրբեջանական կարգավորմանը: «Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը: Մասնավորապես, երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով, այն հիմքն է, որը և կարող է օգտագործվել խաղաղության պայմանագրի հասնելու համար,- ասել է Ալիևը:- Ամեն դեպքում, մենք դրական և կառուցողական ենք տրամադրված աշխատելու հայկական կողմի հետ և ռուսական կողմից հետ՝ որպես մեր բարեկամ և հարևան, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք թշնամության այս էջը և խաղաղություն վերադարձնենք Հարավային Կովկաս»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ