Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ակնհայտ է, որ գործի նկատմամբ կա որոշակի չակերտավոր պետական մոտեցում»․ Րաֆֆի Ասլանյանը՝ վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործի մասին

Փետրվար 27,2023 21:12

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն  ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ  Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով փետրվարի 27-ին կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին ևս չորս վկաներ՝ երեք անցորդներ և ոստիկանության մեկ աշխատակից։

Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ վկաներն առարկայական ոչինչ չեն ասել քննության համար։ Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց․ «Ոստիկանության  ներկայացուցիչը ներքևի խաչմերուկի կարգավորողն է և ըստ էության ոչնչից տեղյակ չէր, ականատես չէր»։ Հետաքրքրվեցինք՝ արագության գերազանցման հետ կապված վկաների հարցաքննություններում հարց եղե՞լ է։ Րաֆֆի Ասլանյանն այս առիթով փաստեց՝ արագությունը որոշվում է փորձագիտական համապատասխան եզրակացությամբ, ինչն արդեն կա ու շարունակեց․ «Հետևաբար պաշտպանական կողմի անտեղի հարցադրումներն ընդամենը գնահատողական դատողություններ են, որ ասում են՝ այս արագությամբ այս խաչմերուկը հնարավոր չէր մտնել և այլն։ Ցանկացած արագությամբ ցանկացած խաչմերուկ հնարավոր է մտնել՝ առավել ևս, թե ով է ղեկին, կախված է դրանից։ Դրանք գնահատողական դատողություններ են»։

Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ վկաների վկայություններն ըստ էության գործի համար շատ մեծ նշանակություն չունեն, քանի որ ամբողջ դեպքը տեսագրված է, դեպքին հաջորդող ժամանակահատվածը տևական ժամանակ տեսագրված է, ուստի այդտեղ նոր բան ասելը դժվար է։

Հարցին՝ կա՞ն ցուցմունքներ, որոնք հակասական էին, փաստաբանը պատասխանեց․ «Ընդամենը   վկաներից մեկի ցուցմունքը հակասում է  իր նախաքննական ցուցմունքին՝ որպես պարզաբանում վկան ըստ էության խուսափողական վարքագիծ դրսևորեց, բայց կոնկրետ այդ վկայի ցուցմունքը դեպքի հանգամանքների համար էական նշանակություն ունեցող ցուցմունք չէր։ Ասում էր, որ ինքը դեպի վայրում տեսել է Սոնա Մնացականյանին ընկած վիճակում, երբ շտապօգնությունը մոտեցել, տեղափոխել է։ Նա կանչվել էր այն պատճառով, որ լրագրողներից մեկի հետ զրույցում ամբողջը պատմել էր՝ որպես ականատես, ցուցմունքում ներկայացրել էր, որ ոչ թե ականատես է եղել, այլ իրեն պատմել են, ինքը ականատես է եղել միայն Սոնային արդեն գետնին ընկած վիճակով և շտապօգնությունով տեղափոխելիս։ Դատարանում  նշեց, որ դրան էլ ականատես չի եղել, դա էլ է պատմելով վերարտադրել»։

Հիշեցրինք՝ դատական գործերից մեկում ՃՈ աշխատակից, տեսուչ Կիրակոս Ղազարյանին հարցրել էիք՝ ինչո՞ւ չեն կանգնել վրաերթից հետո, իսկ նրա պատասխանները խուսափողական էին։ Հետաքրքրվեցինք՝ այս վերաբերմունքն ինչի՞ մասին է վկայում։ Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց․ «Իրենք պատճառաբանություն չունեն։ Նման օրենսդրություն չկա, չկա ենթաօրենսդրական ակտ, որն արգելում է կանգնել։ Վերացական բաներ են խոսում, հետևաբար իրենք իրենց ասածի հիմքը չունեն։ Պատասխանը, հիմնավորումը չունեն, սա է ամբողջ խնդիրը»։

Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ միտումը գործը կոծկե՞լն է, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց․ «Կոծկելու խնդիր չէ, քանի որ անձը մեղադրյալի կարգավիճակով գտնվում է դատարանում այս պահին։ Այնուամենայնիվ, գործի բնույթը հաշվի առնելով՝ ինձ համար ակնհայտ է, որ գործի նկատմամբ կա որոշակի չակերտավոր պետական մոտեցում։ Բնականաբար, ամեն ինչ արվելու է, որպեսզի կոնկրետ մեղադրյալին զերծ պահեն քրեական պատասխանատվությունից, կամ գոնե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ամենաբարենպաստ ելքը լինի տվյալ անձի համար։ Ես ամեն դեպքում  օբյեկտիվ նախաքննության ականատես չեմ եղել։ Եվ դատաքննության մասով կարծիք կհայտնեմ վերջում»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 15․00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728