Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը:
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:
ՀՀ ԱԳՆ