Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին եւ Թուրքիային «մեղադրական նամակներ» են հղվել․ ՄԱԿ աշխատանքային խումբ

Փետրվար 27,2023 20:40

ՄԱԿ վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ  այցելել է  Հայաստան: Խմբի անդամներն այսօր հրավիրված ասուլիսում ասացին, որ  8-օրյա այցելության ընթացքում աշխատանքային խումբը տեղեկություններ է հավաքագրել այն օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ, որոնք քրեականացնում են վարձկանների գործողությունները, խումբը նաեւ հաշվի է առել մասնավոր պահնորդային ընկերությունների գործունեությունը եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա։

Ռավինդրան Դանիելն  ասաց՝ փորձագետները տեղեկություններ են ստացել, որ Կապանում տեղի ունեցած դատական լսումների ընթացքում մարզի առաջին ատյանի դատարանը կիրառել է վարձկանությունը քրեականացնող օրենսդրությունը․ «Եվ պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դաժանությունների համար մեղադրանք ներկայացրել սիրիացի երկու վարձկաններին։ Երկուսն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման, սակայն մի դատավարության ընթացքում, որը տեւել է մեկ օր, 2021 թվականի մայիսին։ Փորձագետներն ընդգծել են, որ տվյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումը դեռ սաղմնային փուլում է, եւ  հորդորել են ՀՀ դատական իշխանությանը ապագայում կիրառել առավել զոհակենտրոն մոտեցում։ Փորձագետները տեղեկություններ են ստացել նաեւ երկրում մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործման վերաբերյալ»։

Խմբի անդամ Ելենա Ապարաքը նշեց, որ խումբը 2020 թվականին արդեն ստացել է հաղորդում՝ վարձկանների օգտագործման վերաբերյալ, եւ այդ ժամանակ խումբն  արդեն արձագանքել է, համապատասխան հաղորդագրություն է ներկայացրել։

Ելենա Ապարաքն ասաց, որ  խմբի այցելությունը Հայաստան բավականին երկար ժամանակ նախապատրաստվել է Հայաստանի իշխանությունների հետ․ «Այս պահին մեր խմբին հասած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է սիրիացի երկու վարձկաններին, որոնց գերի են վերցրել, որոնց մեղադրանք է ներկայացվել, դատական գործընթաց է սկսվել, լսումներ են տեղի ունեցել: Մենք այդ ամենի վերաբերյալ դեռ հավաքագրում ենք տեղեկատվությունը։ Մենք փաստահավաք առաքելություն չենք, մենք գործում ենք մեզ տրամադրված տեղեկատվության հիման վրա, որը կարող է տրամադրվել ՀԿ-ներից կամ ցանկացած այլ աղբյուրից: Փաստ արձանագրելը տեղի է ունենում պաշտոնական գործընթացով, այսինքն՝ տեղեկատվությունը ստանում են պաշտոնական աղբյուրից, եւ այդ տեղեկատվության հիման վրա կարող են որոշել, թե ով է իրադարձությունների համար պատասխանատու կողմը»։

Նա նաեւ նշեց, որ խումբը 2020 թվականին կիրառել է մանդատով տրված գործիքը՝  «մեղադրական նամակ»-ը, որը  ներկայացնում են պետություններին եւ ոչ պետական կառույցներին։

2020 թվականի իր թեմատիկ զեկույցներում աշխատանքային խումբը նկատել է՝  գլոբալ մակարդակով շատանում է վարձկանների եւ մասնավոր պահնորդական ընկերությունների օգտագործումը։

Իսկ ինչ վերաբերում է «մեղադրական նամակներ»-ի հետեւանքներին,  ապա նա ասաց՝  ցավոք, աշխատանքային խմբի մանդատն այդ հարցով բավականին սահմանափակ է․ «Մենք կարող ենք պատասխաններ ստանալ: Այդ պատասխանները հրապարակային են: Եվ հետո արդեն մյուս շահագրգիռ կողմերը պետք է օգտագործեն մեր այդ մեղադրական նամակները, արձագանքները եւ դրանց հիման վրա գործողությունների դիմեն՝ կլինեն ՀԿ-ներ, միջազգային կազմակերպությունները, այլ պետություններ։ Այսինքն, ինչ-որ մեկը դրանով հետո պետք է զբաղվի»։

Ռավինդրան Դանիելը հավելեց՝  ակնհայտ է, որ խմբի աշխատանքի արդյունքում խնդիրներն ավելի տեսանելի են դառնում, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին:

Ճշտող հարցին՝  արդյոք Ադրբեջանին եւ Թուրքիային «մեղադրական նամակներ» հղվել են, խմբի անդամները դրական պատասխանեցին, նշելով՝  դրանք հրապարակվել են։

Ելենա Ապարաքն ասաց, որ սիրիացի երկու վարձկանների հետ չեն կարողացել հանդիպել, ապա հույս հայտնեց, որ մինչեւ վերջնական զեկույցի հրապարակումը լրացուցիչ տեղեկություններ կստանան նրանց գործի հետ կապված։

Աշխատանքային խումբը հայտ ուղարկել է Ադրբեջան այցի համար, բայց Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728