ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի հետ
Փետրվարի 20-27-ը ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ աշխատանքային այց է կատարել Հայաստան:
Աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկվող միջոցները։
Փետրվարի 20-ից 22-ը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ: Այնուհետև խմբի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Այցի շրջանակներում Վարձկանների հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է այցի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նախնական գնահատականներն ու առաջարկությունները:
Ամփոփիչ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ վարձկանությունը և դրանից բխող վտանգներն ունեն տարածաշրջանային բնույթ, ինչի վկայությունն է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների լայն օգտագործումը: Նշվել է, որ տարածաշրջանային վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներգրավվածությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և խորացնելու համագործակցությունը Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի մանդատի շրջանակներում:
ՀՀ ԱԳՆ