44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, որ մշտապես հյուրընկալվում է «Հայելի» ակումբում, այսօր կրկին անդրադարձավ հունվարի 19-ին խաղաղ պայմաններում հրդեհի պատճառով մոխրացած մեր 15 զինծառայողների խնդրին:
«Մի քանի հակասական վարկածներ կան, որոնք դաշտ նետեցին հենց առաջին օրերին՝ նորից ուշադրություն շեղելու համար: Սրանք գտել են գլխավոր թելը: Նորից մաշեցման պրոցես է գնում: Այսինքն, այսպես կմնա մեկ, երկու, երեք ամիս, կմոռանան, ծնողների մի մասը կհոգնի, մի մասին ինչ-որ բանով կխաբենք: Ու այս թեման էլ այսպես կփակվի, կգնա: Այս հինգ տարվա մեջ ի~նչ չեն արել մեր գլխին: Ու այնպիսի տպավորություն է, որ մենք այլեւս ցավի շեմ էլ չունենք: Մի երկու-երեք օր ասում ենք, քննարկում, անցնում է ու նորից առաջ ենք գնում:
Բայց պիտի ասեմ, որ անցյալ օրը, երբ լսում էի 15 երեխաների մայրերին, որ ասում էին, որ իրենց երեխաներին մորթել են, հետո վառել եւ այլն, մի շատ վտանգավոր գիծ տեսա: Մայրերից մեկը, գուցե, առանց հասկանալու, ասաց՝ ձեր երեխաներին բանակ չուղարկեք: Դա, ըստ էության, այն է, ինչ Նիկոլը եւ իր խմբավորումը, արեւմտյան կենտրոնները անում են. ոչնչացնել բանակը՝ մի մասին սպանելով, մի մասին գերու, անհետ կորածի կարգավիճակում թողնելով, մի մասին երկրից դուրս հանելով, մի մասին նարկոման ու խաղամոլ սարքելով, մեծ մասին էլ՝ վախեցնելով, որ եթե ձեր երեխաներին ուղարկեք բանակ… հետեւաբար, մի ուղարկեք բանակ, այլ փախցրեք, հանեք երկրից դուրս: Այսպես կատարվում է իրենց ծրագիրը, իսկ մենք լուռ հետեւում ենք: Ու մայրերը, որոնք սա չեն հասկանում, իրենց խոսքերը կրկնում են:
Ես վստահ եմ, որ այդ մայրերը իմ նման միայնակ մոր կարգավիճակում չեն, էլի երեխաներ ու թոռներ ունեն: Իսկ ձեր մյուս երեխաներին ու թոռներին ո՞վ է պաշտպանելու, եթե բանակ չունենանք: Ուզում եմ հավատալ, որ այդ խոսքերը ասվել են ցավի, էմոցիաների ազդեցության ներքո եւ միտումնավոր ոչ մի բան չկար»,-ասաց Նաիրա Մելիքյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ