Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի դպրոցի նախկին տնօրեն Հովիկ Համբարձումյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարելու մասին իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել:
Ըստ այդ տվյալների՝ Համբարձումյանը պաշտոնավարման տարիների ընթացքում կատարել է ապօրինություններ, չարաշահումներ, ինչպես նաև յուրացում, մասնավորապես հարսին՝ Ռուզաննա Ա․–ին, 2007-ից մինչև 2010 թվականը հրամանագրել է որպես դպրոցի ցերեկային պահակ և գրադարանավարուհի, որն իրականում դպրոց չի հաճախել, չի աշխատել և ամսական ստացել է մոտ 34.000 դրամ աշխատավարձ:
Նշված ժամանակահատվածում՝ վերջինիս 2 անգամ ձևակերպվել է ֆիզարձակուրդ, որի դիմաց ստացել է մոտ 400,000 դրամ գումար: 2007-2010 թվականների ընթացքում Ռուզաննան ստացել է ընդհանուր մոտ 1.600.000 դրամ աշխատավարձ:
Հովիկ Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ տվյալները զրպարտություններ են, նման բան չկա: Նա ասաց, որ ցերեկային պահակ իր պաշտոնավարման ընթացքում դպրոցում չի եղել, իսկ գրադարանավարուհին օրենքով սահմանված կարգով եղել է իր կինը: Մեր հարցին՝ ինչ ապացույցներ ունի իր անմեղությունը հաստատելու համար, նախկին տնօրենն ասաց՝ քննության ժամանակ կներկայացնի:
Կարդացեք նաև
Իսկ ինչպես է հարսը՝ որդու կինը, որպես դպրոցի աշխատակից, երկու անգամ ֆիզարձակուրդ ձեւակերպել, այս հարցին պատասխանեց նախկին տնօրենի որդին՝ ասելով, որ պարտավորություն չունեն բացատրություններ տալ։ Նա ասաց, որ իր հայրը այլ հարցերի չի ցանկանում պատասխանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ