Ինչպես հայտնել էինք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։
Նախագիծը զեկուցած ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը նիստից հետո խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել, միայն ասաց, որ ատեստավորումն ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին չի վերաբերելու, նրանք բացառություն են։ Թե ինչու, չբացատրեց․ «Հարցազրույց չեմ տալիս»։
Ավելի ուշ ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ՀՀ պետական սահմանի պաշտպանություն իրականացնելու ԱԱԾ-ի գործառույթն արդյո՞ք ապագայում ընդլայնվելու է, ե՞րբ են առաջնագծում զինծառայողներին ամբողջությամբ փոխարինելու ԱԱԾ սահմանապահները։
Կարդացեք նաև
Անդրանիկ Սիմոնյանը, սակայն, շտապում էր հեռանալ։ «Դուք հաշվետու չե՞ք այն քաղաքացիների առաջ, որոնց հարկերից աշխատավարձ եք ստանում» հարցին Անդրանիկ Սիմոնյանն արձագանքեց․ «4-րդ անգամ եք արդեն հարցնում։ Ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալություն։ Որքանո՞վ է սիրուն վերելակի մեջ կանգնել։ Ասում եմ՝ հարցազրույց չեմ տալիս։ Գրավոր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ