Ինչպես հայտնել էինք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով նախագիծը զեկուցող ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, ասաց, որ դեռեւս զինված ուժերում ատեստավորման մասին քննարկումներին ինքը մասնակցել է ՊՆ-ում․ «Անգամ հոգեբանական թեստերի մասին է խոսք գնացել, եւ ձեր ծառայության պարագայում դա եւս խիստ անհրաժեշտ կլինի։ ԱԱԾ աշխատակիցները հոգեբանական այլ խճանկարի հետ են առնչվում»։
Ապա Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ նախկինում էլ է ԱԱԾ-ում ատեստավորում եղել, եւ նայած ով ինչպես է դա օգտագործել՝ առաջընթացի՞ համար, թե որպես ոչ ցանկալի մարդկանցից ազատվելու գործիք։ «Այս նախագծով ատեստավորումն առաջարկվում է մեկտեղել առաջընթացի, պատրաստվածության եւ աշխատավարձի բարձրացման հետ։ Խնդիրներ կան, սահուն չի անցնելու։ Համոզված եմ, որ ԱԱԾ-ից հետո նման փաթեթ կներկայացնի ոստիկանությունը։ Բոլոր բարեփոխումները կհաջողեն, եթե գաղափարն ընկալելի լինի»,-հավելեց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Հետո հանձնաժողովի փորձագիտական խմբի ուսումնասիրությունը հրապարակվեց, որում նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկներ կային։ Անդրանիկ Սիմոնյանը խոստացավ բոլորը քննարկել՝ մինչեւ նախագիծն ԱԺ լիագումար նիստի օրակարգ բերելը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ