Aravot.am-ի տեղեկությունների համաձայն, Գյումրու փոխքաղաքապետ կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է (լուսանկարում՝ աջ կողմից)։
Վահագն Մկրտչյանը 28 տարեկան երիտասարդ է, մասնագիտությամբ ատամնաբույժ է, գյումրեցիներին բացարձակապես անծանոթ անուն-ազգանուն է․ որպես ավագանու անդամ դեռ չի հասցրել ոչինչ անել, գոնե ձեռք բարձրացնել ու քաղաքին առնչվող գեթ մեկ հարց բարձրաձայնել։
Գյումրու քաղաքապետարանից Aravot.am-ին տեղեկացրել էին, որ օրերս հանել են նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի անուն-ազգանվամբ ցուցանակը։
Քաղաքապետարանի աշխատակիցներին շշուկներ էին հասել, որ շատ շուտով այդ առանձնասենյակը կզբաղեցնի վարչապետի տիկնոջ ազգականը։
Կարդացեք նաև
Մենք դիմեցինք տեղի ՔՊ-ականներին՝ հասկանալու՝ որքանո՞վ են իրական լուրերը, ՔՊ-ից փոխանցեցին, որ հենց նրա թեկնածությունն է հաստատվել, ամենայն հավանականությամբ մոտ օրերս նշանակումը կլինի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից՝ Դավիթ Առուշանյանի պատգամավոր դառնալուց հետո Գյումրու երկրորդ փոխքաղաքապետի հաստիքը թափուր էր մնացել, որից հետո մտադրվել էին այս պատասխանատու պաշտոնում նշանակել Գյումրու ավագանուն նոր անդամակցված երիտասարդի։
Մենք շրջանառվող լուրերին անդրադարձել էինք դեռ հունվարի սկզբին՝ փոխանցելով գյումրեցիների վերաբերմունքը ոչնչով դեռ աչքի չընկած անձին պաշտոնյա դարձնելու մասին։
Հիշեցնենք, որ Գյումրու մյուս փոխքաղաքապետն էլ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է՝ Արթուր Պապիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ