Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ինչպե՞ս «Լիդիան Արմենիան»-ը, որ պատրաստվում է կառավարությանը դատի տալ, հանկարծ դարձավ նույն կառավարության գործընկեր»

Փետրվար 27,2023 17:09

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց Ամուլսարի հանքը շահագործելու նպատակադրության մասին: « Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի գրաֆիկը որ նայեք, ամբողջը նվիրված էր Ամուլսարին: Ես ամսաթվերով առանձնացրել եմ, թե 2019 թվականի ընթացքում Ամուլսարի վերաբերյալ քանի խորհրդակցություն, կառավարության նիստ եւ հանդիպումներ է անցկացրել: Այն ժամանակ, երբ ես Ջերմուկում իրեն հանդիպեցի, պարզվեց, որ նա տեղյակ չի, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերջին մի քանի տարում իր ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում․–խմբ) երկու անգամ փոխել է: ՇՄԱԳ-ը այն հիմնական փաստաթուղթն է, որով, ըստ էության, պետք է այդ պրոյեկտն իրականացվի: Իսկ դրա փոփոխության մասին ինքը՝ վարչապետը, չգիտի: Ես իրեն ասում եմ, որ գործարանը սկզբից պետք է լիներ Գորայքում, հետո բերեցին Գնդեվազից վերեւ, հիմա տարել են Գնդեվազից ներքեւ, նա ասում է՝ այդ ե՞րբ է եղել: Բա որ օրվա մեջ մի քանի անգամ խորհրդակցություններ ես անում՝ ի՞նչ ես քննարկում:

Եկեք հիշենք: Հանդիպում «Լիդիանի» ներկայացուցիչների հետ, «Էլարդ» ընկերությանը պատվեր՝ հետազոտությունների համար, հետո քննչական կոմիտե: Չգիտես ինչի, տնտեսական ու բնապահպանական խնդիրների հետ առնչվող պրոյեկտով զբաղվում էր քննչական կոմիտեն: Եվ այն դեպքում, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մինչեւ այդ հանցավոր գործունեությամբ չի զբաղվել:

Վերջին փաստաթուղթը, որը ստորագրել է Վահան Քերոբյանը, ասում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր բաժնետոմսերի 12,5 %-ը պատրաստ է անհատույց տրամադրել Հայաստանի կառավարությանը: Այսինքն, պետությունը այդ բաժնետոմսերը չի գնում, փող չի ներդնում: Խոսքը այն նույն ընկերության մասին է, որը 2020 թվականին, երբ 2019 քննարկումների արդյունքում որոշվեց պրոյեկտը սառեցնել, պատրաստվում էր դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի կառավարությանը դատի տալու եւ կրած միլիոնավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջով: Իսկ հիմա, պարզվում է, որ դարձել է պետության գործընկեր»:

Էդգար Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ «Լիդիան Արմենիան» ընկերության 100 %-ի բաժնետերը «Լիդիան Ինթերնեյշնըլ» ընկերությունն է: «Այս ընկերության տերը լրիվ դրսում գրանցված եւ Հայաստանի հետ կապ չունեցող կազմակերպություն է: Ի դեպ, «Լիդիան Ինթերնեյշնըլը» երբեւէ որեւէ երկրում հանքարդյունաբերությամբ չի զբաղվել: Հիմնադրվել է 2005 թվականին, որպեսզի 2008-ին հանքարդյունաբերական ծրագրեր իրականացնի Վրաստանում եւ Հայաստանում: Վրաստանից իրեն հանել են, մնացել է Ամուլսարը»:

Պատերազմի սպառնալիքը բիզնեսի համար ամենամեծ ռիսկն է: Եվ այս տեսանկյունից երբ նայում ես, հարց է առաջանում, թե ո՞նց է հնարավոր հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ անեն, երբ այնտեղ պատերազմի վտանգ կա, թուրքերը եկել՝ հասել են այդ հանքի տակ: Այս ի՞նչ գործարքներ են, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: Ի դեպ, եթե իրենց քարտեզներով նայեք ադրբեջանական ներխուժումների թիրախները, կտեսնենք. Սոթքի ոսկու հանք Քարվաճառում, որի կեսը Նիկոլ Փաշինյանը գրիչի մի հարվածով հանձնել է Ադրբեջանին, Ջերմուկի ուղղությամբ՝ Ամուլսարը, երրորդը՝ Սյունիք, Քաջարան. Զանգեզուրի կոմբինատ, որը Հայաստանի թիվ մեկ հարկատուն է: Հաջորդ թիրախը ջրային ռեսուրսներն են, որոնք սկիզբ են առնում այս տարածաշրջաններից»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728