Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ:
Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Մեր հարաբերությունների զարգացմանը խանգարող որևէ հանգամանք չկա: Կարծում եմ, որ պետք է մտածենք դրանք ավելի զարգացնելու մասին, օգտագործենք այն բոլոր հնարավորությունները, որ կան, որոնք բավականին լայն են: Էստոնիա կատարած իմ վերջին այցելության ժամանակ բոլոր հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Էստոնիայի նախագահին և բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել եմ: Համոզված եմ, որ կշարունակենք այս արդեն իսկ սկիզբ դրած ավանդույթը և առիթներ կստեղծենք ավելի շատ հանդիպելու, որովհետև այդ առումով մարդկային հարաբերությունները շատ օգտակար են դառնում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ, էստոնացի ժողովրդին մաղթում՝ նոր ձեռքբերումներ և հաջողություններ»:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Ռինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի այցելությունն Էստոնիա մեծապես խթանել է երկու երկրների հարաբերությունների սերտացումն ու համագործակցության խորացումը:
«Շնորհակալություն, պարոն նախագահ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել: Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, երկար ժամանակ էր անցել այն պահից, երբ մեր երկու երկրների միջև բարձրաստիճան այցեր էին տեղի ունեցել և Ձեր այցը շատ բարձր է գնահատվել մեր, մեր նախագահի կողմից: Այն նոր խթան հանդիսացավ մեր երկկողմ հարաբերությունների համար և կարծում եմ, որ դրական ազդեցություն է ունեցել բոլոր ինստիտուտների փոխհարաբերությունների առումով»,- նշել է դեսպան Կալյուրանդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների խորացման, երկկողմ հետաքրքրություններ ունեցող ոլորներում համագործակցությանը նվիրված հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին և վերջինիս կապակցությամբ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ վճռին: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ