Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ օպերատիվ աշխատողները խնդիր կունենան ատեստավորման ընթացքում»․ ՔՊ պատգամավոր

Փետրվար 27,2023 16:59

«Շատ լավ տարբերակ է ընտրել կառավարությունը, որ աշխատավարձի բարձրացումը կապում է պրոֆեսիոնալիզմի հետ, բայց ուժային մարմինների հետ կապված մտահոգություն կա։ ԱԱԾ աշխատանքի հիմնական մասն օպերատիվ բլոկում է։ Նրանց աշխատանքը սկսվում է ինչ-որ ժամի, եւ որեւէ մեկը չի իմանում, թե երբ է այն ավարտվում»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովում այսօր քննարկվել է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։

Արմեն Խաչատրյանը շարունակեց․ «Մտավախությունս այն է, որ օպերատիվ մասի այն աշխատողները, որոնք ունեն բարձր արդյունավետություն եւ պրոֆեսիոնալիզմ, խնդիրների առաջ կկանգնեն ատեստավորման ընթացքում։ Այսինքն, այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը սկսվում է 9-ին եւ վերջանում 18:00-ին, կարող են ավելի լավ պատրաստվել ատեստավորման թեստերին։ Թող չնեղանան, բայց նրանք ավելի շատ ժամանակ ունեն պատրաստվելու, եւ նրանց աշխատանքը չես համեմատի օպերատիվ բլոկի աշխատողների գործի հետ։ Հիմա այն օպերը, որն առավոտ տանից դուրս է գալիս ու վերադառնում, ասենք, հաջորդ օրը, իրենից պահանջվելու են մասնագիտական գիտելիքներ եւ այլն։ Ուստի առաջարկում եմ ատեստավորման կարգը եւ թեստերը քննարկել մեր հանձնաժողովում, հետո նոր ներկայացնել կառավարությանը»։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ պետք է հաշի առնել, որ բարձր արդյունավետություն ունեցող ծառայողը կարող է որեւէ հանձնարարական չկատարել ու դրա պատճառով պաշտոնազրկվել, ինչն անթույլատրելի է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728