Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բոլոր հայցերն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հայելային հայցերով. Եղիշե Կիրակոսյան

Փետրվար 27,2023 16:49

Միջազգային դատարաններ Հայաստանի բոլոր հայցերը, ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումներն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից նմանատիպ հայելային հայցերով: «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս աղմուկ ստեղծել և փորձել նվազեցնել Հայաստանի ներկայացրած դիմումների ազդեցությունը:

Նա նախ մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի՝ դատարանին դիմելու ողջ ընթացքը. Հայաստանը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա. այս ընթացիկ վարույթի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է նաև մի շարք ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջներ:

Կիրակոսյանը հիշեցրեց, որ առաջին պահանջը ներկայացվել է դիմումի հետ միասին, և Հաագայում 2021-ի հոկտեմբերին տեղի ունեցան լսումներ, որոնք վերաբերում էին ժամանակավոր միջոց կիրառելու առաջին պահանջին. «Արդյունքը եղավ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով բավարարվեցին Հայաստանի երեք ուղղությամբ պահանջներ՝ գերեվարված անձանց նկատմամբ իրավունքների խախտումն արգելելու և նրանց իրավունքները երաշխավորելու համար, երկրորդը վերաբերում էր հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը և ավելի կոնկրետ պարտավորեցնում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վանդալիզմ են իրականացրել կամ վնասել են այդ օբյեկտները: Եվ երրորդը ատելության խոսքի դադարեցումն էր՝ ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, քանի որ ապացույցների մի զգալի մասը վերաբերում էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շարունակական ատելության խոսքի դրսեւորումներին, այդ թվում Ալիեւի կողմից»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ժամանակավոր միջոց կիրառելու երկրորդ դիմումը եղել է սեպտեմբերյան ագրեսիայից հետո, քանի որ այդ ագրեսիայից հետո Հայաստանն ունեցել է նոր գերեվարված զինծառայողներ. «Մենք դիմեցինք, որ դատարանը իր արդեն կիրառած ժամանակավոր միջոցը փոփոխի ու տարածի նոր գերեվարված անձանց վրա: Դատարանը չփոփոխեց իր որոշումը, բայց մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ իր որոշումը տարածվում է նաև հետագայում, այսինքն`2021 թ. դեկտեմբերի 7-ից հետո, նաև սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ:

Երրորդ դիմումը 2022-ի դեկտեմբերին ներկայացված դիմումն էր, որի արդյունքում Հաագայում ունեցանք լսումներ այս տարվա հունվարի 30-31-ին: Բնականաբար, տեսնում եք, որ բոլոր մեր հայցերն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հայելային հայցերով: Դրանց նպատակը հնարավորինս մեծ աղմուկ ստեղծելն է՝ փորձելով որոշակիորեն նվազեցնել Հայաստանի կողմից դիմումների էֆեկտը, որը կարծում եմ՝ չի հաջողվում:

Մեր վերջին դիմումը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը կոնկրետ, մեր պահանջը շատ հստակ էր, երեք խնդրանք ենք ներկայացրել դատարանին. Առաջինը վերաբերվում էր Լաչինի միջանցքում, այսպես ասած, «էկոակտիվիստների» ակցիաների դադարեցման պահանջին, երրորդը Լաչինի միջանցքում երկու ուղղություններով անձանց, մեքենաների և բեռների ազատ տեղաշարժի պահանջ և երրորդ պահանջը, որ ներկայացրել էինք հունվարի 26-ին, վերաբերում էր գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովմանը:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանը ներկայացրել էր հայելային պահանջ, որը վերաբերում էր ականապատմանը: Դեռեւս 2021-ին դատարանը մերժել էր այդ պահանջը՝ համարելով, որ այն չի համապատասխանում ժամանակավոր միջոց կիրառելու պահանջներին: Դատարանը նույնը կրկնեց նաև այս որոշման մեջ՝ հղում կատարելով նախկին որոշմանը:

Հայաստանի մասով, դատարանը կիրառեց միջոց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով: Դատարանն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ առաջին պահանջին՝ քանի որ արդեն իսկ անհրաժեշտություն չկա Լաչինի միջանցքով անցման համար նոր լրացուցիչ միջոց կիրառելու: Իսկ երրորդ պահանջի հետ կապված, Հայաստանը ըստ դատարանի բավարար ապացույց չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է մեղավոր կամ պատասխանատու գազի եւ էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված»,-ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ այս անգամ դատարանի որոշման կատարման ժամկետ չի նշվել, ինչը նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։ «Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Ըստ էության, որոշման մեջ գրված է, այդ մասին դատարանի նախագահն էլ ընթերցեց, որ այն ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», -ասաց նա:

Չնայած դատարանի որոշմանը, Ադրբեջանը դեռ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ դատարանը պահանջը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի նշում, սակայն ընդգծված է՝ այն ունի պարտադիր կատարման բնույթ, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է կիրառի քայլեր որոշման հրապարակման պահից սկսած: «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, որոշումների կատարման ուղղությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, որը, երբ հարցը խնդրահարույց կդառնա, իրավասու կլինի միջամտել գործընթացին: Անվտանգության խորհրդի միջամտությունը, հասկանում ենք, որ բարդ է: Թեպետ, մինչ դրան հասնելը, կան շատ այլ միջոցներ իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և դա ենթադրում է նաեւ աշխատանք: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման ապահովման ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն է, որ երբ պրոբլեմային դառնա հարցը, իրավասու կլինի միջամտելու գործընթացին: Ինքներս էլ հասկանում ենք, որ ԱԽ միջամտությունն այսօր բարդ է: Որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ: Այստեղ հարցի քաղաքականացվածությունը շատ բարձր է: Կարծում եմ՝ մինչև դրան հասնելը շատ այլ միջոցներ կան այս իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»:

Նա դրական է համարեց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա. «Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», – շեշտեց նա։

Եղիշե Կիրակոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728