Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը

Փետրվար 27,2023 16:26

22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:
«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից՝ պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն բացահայտել այն ժամանակ, երբ շփոթվում է, հայտնվում անելանելի վիճակում և պետք է ինչ-որ մեկին օգնի: Ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ընդհանրապես շփոթվող չեմ: Կարողանում եմ իրավիճակից արագ դուրս գալ այնպես՝ ինչպես պետք է: Եթե ես իմանայի, թե ինչ է սպասում ինձ ռազմի դաշտում՝ կկրկնեի նույնը…առանց մտածելու»,- ասում է Հայկը:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով, ավելի քան մեկ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետևողական ջանքեր են գործադրում: Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա և հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգևորում է գործընկեր կազմակերպություններին: Եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է, տղաներին բնականոն կյանքի վերադարձնելու ջանքերն էլ՝ համառ:


Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնելու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցություն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկալելով: Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728