ԿԳՄՍ նախարարի հրամանով 2022թ դեկտեմբերի 30-ին հրապարակվեց եւ այս տարվա հունվարի 4-ից ուժի մեջ մտավ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման նոր կարգը, որը ծնողների շրջանում մտահոգությունների տեղիք է տվել:
«Մանկավարժահոգեբանական ծառայությունների կարգը հստակեցնում է, թե ինչպես պետք է երեխաների կրթությունն արդյունավետ կազմակերպվի, եւ այստեղ հարց է ծագել, թե աջակցության կարիք ունեցող երեխաներն ինչպես պետք է իրենց կրթությունը կազմակերպեն դասարանում։ Այս հարցը ծագել է նրանից, որ շատ դեպքերում դպրոցի մասնագետները նստում են երեխաների կողքին, անում իրենց գործառույթներից դուրս գործառույթներ»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Ներառական կրթությունը՝ թղթի վրա և իրականում. ինչո՞ւ են դժգոհ ծնողները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկուհի Ադամյանը։
Նրա խոսքով․ «Այս պահին, երբ խոսվում է այն մասին, որ երեխային չպետք է դասարանից դուրս հանել, որովհետեւ պետք է կրթության մեջ պետք է ներգրավված լինի, խնդիր է բարձրացվում, որ գուցե կան երեխաներ, որոնք հենց դասերի ժամանակ ունեն աջակցության կարիք։ Ես կարծում եմ, որ ուսուցչի օգնականի ներդրմամբ որոշ առումով կարող ենք աջակցել նման երեխաներին։
Կարդացեք նաև
Իհարկե, կան երեխաներ, որ գուցե ունենան անձնական օգնականի կարիք, որն ունի կոնկրետ գործառույթներ։ Անձնական օգնականը, սակայն, չպետք է միջամտի բուն կրթության գործընթացին, որովհետեւ ինքը կրթության մասնագետ չէ։ Անձնական օգնականը պետք է աջակցի, որ երեխան լինի դասարանում, կարողանա օգտվել այն ամենից, ինչն իրականանում է դասարանում։ Պարզապես պետք է ծնողներին ուղղորդել, որ այն մարդը, որը նստած է երեխայի կողքին, չի իրականացնում կրթություն։ Կրթությունն իրականացվում է դասարանում՝ ուսուցչի միջոցով, ուսուցչի օգնականի աջակցությամբ, իսկ զարգացնող աշխատանքն ուրիշ է, որը պետք է լինի դասերից դուրս, դասերից հետո»։
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանի տպավորությամբ, մտահոգությունները, որ կապվում են ԿԳՄՍ նախարարի վերջին հրամանի հետ, իր համար այնքան էլ հասկանալի չեն․ «Բավականին հստակ վեր հանվեցին այն բացերը, որոնք իսկապես կարգավորման կարիք ունեն, կամ նաեւ այն խոչընդոտները, որոնք խանգարում էին երեխայի կրթությունը լավագույնս կազմակերպելուն»։
Սուսաննա Թադեւոսյանի համոզմամբ, ներկա կարգով փորձ է արվել երեխային հնարավորինս դիտարկել դասարանում՝ որպես դասարանի երեխաներից յուրաքանչյուրը․ «Կարգը հստակ սահմանում է կրթական ողջ գործընթացը եւ այդ ընթացքում մանկավարժահոգեբանական աջակցությունը, որը պետք է տրամադրվի ոչ միայն երեխային, այլեւ ծնողին, ուսուցչին, եթե ինձ հարցնելու լինեն՝ նախ եւ առաջ ծնողին ու ուսուցչին, որովհետեւ դրանից, առաջին հերթին շահում է երեխան»։
Նրա ձեւակերպմամբ, լավ կլիներ ավելի կոնկրետացվեր, թե կարգի որ հատվածներն են մտահոգություն առաջացրել ծնողների շրջանում․ «Ուզում եմ վստահեցնել, որ իսկապես այս փաստաթղթով նպատակ է դրվել կրթական գործընթացը լավագույնս դարձնել ներառական»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի