Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դասի ժամանակ կավիճն ընկնում է ցած կամ դրսից ձայն է լսվում, երեխաները լարվում են»․ գյուղի միակ շրջանավարտի ու չհանձնվելու մասին

Փետրվար 27,2023 15:38

Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ կունենա՝ Նոննա Փադունցը որոշել է ընդունվել Երեւանի բուհերից մեկը։ Նրա ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ աղջիկը կարողանա գնալ իր երազանքի հետեւից, անգլերենի բաժինն է ընտրել։

26 տարվա աշխատանքային փորձով Հերմինե Դիլանչյանը Ներքին Խնձորեսկի անգլերենի ուսուցչուհին է, Նոննայի հետ ինքն ու հայերենի ուսուցչուհին անվճար են պարապել։

Նոննա Փադունց

Aravot.am-ի հետ զրույցում Հերմինե Դիլանչյանն ասում է, որ ներկայումս դպրոցում սովորում է 29 աշակերտ, ցավոք ուսուցիչները պարապում են ամբողջ դասաժամը, բայց պետությունը վճարում է կիսով չափ։ Դասարանները կոմպլեկտավորված են։ Նա ափսոսանքով նշում է, որ անգլերենի կաբինետում համակարգիչ չկա, Նոննան էլ չունի, եւ ուրախ կլինեն, եթե ինչ-որ մեկը կարողանա նվիրել։

«Առաջին դասարանում սովորում էր 6 երեխա, հիմա նոր դասվար ենք ընդունել, որը եռյակ ունի եւ այդ բալիկներն էլ են մեր դպրոց հաճախում, այժմ 9 հոգի են»,-ասում է Հերմինե Դիլանչյանը։

Հետաքրքրվեցինք՝ հոգեբանորեն չե՞ն ճնշվում երեխաները, որ անընդհատ ադրբեջանցիների նշանառության տակ են։ «Ներքին Խնձորեսկը երեք կողմից է շրջապատված, իսկ Խնձորեսկ տանող ճանապարհը հենց իրենց տեսանելիության տակ է։ Եթե պատահում է, որ դասի ժամանակ, թեկուզ կավիճն ընկնում է ցած կամ դրսից մի ձայն է լսվում, երեխաները լարվում են, քո աչքերի մեջ են նայում»,-ասում է ուսուցչուհին։ Հավելում է, որ արդեն 5 օր է, լույս չկա, ինչը հաստատ իրավիճակն ավելի է բարդացնում, քամու պատճառով էլեկտրասյուները շրջվել են, հոսանքն անջատվել է, իհարկե, աշխատանքներն ընթանում են, որ վերականգնվի։

Հերմինե Դիլանչյան

Ուսուցչուհուց տեղեկացանք, որ գյուղում ժամանցի վայր կամ երիտասարդական ակումբ չկա, որպեսզի երեխաները դպրոցից հետո հաճախեն։ Լավ է, գոնե հնգօրյա անվճար անխափան տրանսպորտ է գործում, ուսուցիչները գալիս են գյուղ, համայնքի բնակիչներն էլ կարողանում են գնալ Խնձորեսկ ու Գորիս; Անվճար տրանսպորտն ապահովվում է Գորիսի համայնքապետարանը։ Դպրոցից 4 երեխա Խնձորեսկից երաժշտական դպրոց է գնում, Նոննայի քույրիկն էլ Գորիս՝ պարի։

«Մեր դպրոցի երեխաները հիմնականում ինքնամփոփ են, քանի որ ամեն դասարանում մեկ-երկու հոգի է սովորում։ Փորձում ենք իրենց շատ խոսեցնել, բացել։ Շատերը ավարտելուց հետո էլ չեն շարունակում ուսումը, բայց կան երեխաներ, որ ցանկանում են անպայման սովորել, ինչպես Նոննան։ Ինքը պահանջատեր է, ուզում է ինչ-որ բանի հասնել, անընդհատ գալիս, ասում է՝ սա անենք, նա էլ պարապենք, շատ է ուզում սովորել»,-նշում է Հերմինե Դիլանչյանը։

Չի մոռանում խոսել բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների մասին, որոնք ինչ-որ բանով աջակցել են դպրոցին, ինչպես Փ․ Թերլեմեզյանի անվան քոլեջն ու փոխտնօրեն Արեւիկ Սարգսյանը, «Բարի մամա» կազմակերպությունը, Armenia Tree Project-ից մի բնապահպան։ Աջակիցների շնորհիվ երեխաները դպրոցում անվճար սնվում են, էքսկուրսիա գնում՝ Երեւան, Գառնի-Գեղարդ։ «Մի քանի տարի առաջ երեխաներից մեկն ասաց, որ երբեք չեն եղել ռեստորանում, սրճարանում, մի բնապահպան կար, աշխատում էր Armenia Tree Project -ում, իմացավ ու իրենց աջակցությամբ երեխաներին տարանք ռեստորան»,-ի թիվս այլնի՝ հիշում է մեր զրուցակիցը։

Հարցրինք՝ պատահե՞լ է, որ երեխաները ցանկություն հայտնեն գյուղից հեռանալու մասին։ «Պատերազմի ժամանակ մի անգամ կատակով ասացի՝ մեզ Երեւանում տեղ տան, բոլորս միասին այնտեղ դպրոց գնանք։ Երեխաներն ասացին՝ մենք Ներքին Խնձորեսկից բացի՝ ոչ մի տեղ չենք ուզում ապրել․․. Զարմանալի է, ուրիշ կերպ են սիրում գյուղը»,-ասաց ուսուցչուհին։

Հերմինե Դիլանչյանը նշում է, ամեն անգամ շատ է չարչարվում, մինչեւ որեւէ դրամաշնորհ է բերում դպրոց, նա նաեւ «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ի նախագահն է։ Հացի արտադրամաս են բացել, փորձում են հիդրոպոնիկ համակարգ ներդնել։ «Շատ ենք չարչարվում, մինչեւ մի ծրագիր հասցնում ենք գյուղ։ Հոգնում ենք, բայց պահանջատեր եմ, մինչեւ վերջ գնում եմ, որ մի բանի հասնեմ։ Հաճախ ծրագրեր գրելիս ասում են՝ ձեզ կես ժամ ժամանակ, այս թուղթն ուղարկեք; Հիմա 5 օր է` լույս չունենք, կապ չունենք, չեն պատկերացնում, որ նման խնդիրներ կան, ամեն ինչ մեծ դժվարությամբ ենք գլուխ բերում։ Մի բան, որ կարող ես ուրիշ տեղ մեկ շաբաթում անել, այստեղ մեկ ամիս է տեւում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ չի հուսալքվում, գիտի, որ ոչինչ հեշտ չի տրվում, ամենակարեւորը մարդիկ սիրում են իրենց գյուղը եւ երեխաներին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Հերմինե Դիլանչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728