Լրահոս
Օրվա լրահոսը

2 արծաթ եւ 2 բրոնզ՝ Ստրանջայում

Փետրվար 27,2023 15:23

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվել է բռնցքամարտի Ստրանջայի 74-րդ ավանդական միջազգային մրցաշարը: Հայաստանը մրցավայր մեկնել էր 12 բռնցքամարտիկով, որոնցից չորսը տուն են վերադառնում մեդալներով:

Եզրափակչում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հավասար պայքարում զիջել է աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին ու արժանացել արծաթե մեդալի: Հետաքրքրական է, որ մարտի ավարտից հետո հաղթողի անունը հայտարարելուց առաջ ամերիկացին, ի նշան շնորհակալության եւ հարգանքի, հատուկ սեղմեց հայ մրցակցի ձեռքը:

Ինչ վերաբերում է գերծանր քաշային Դավիթ Չալոյանին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ գյումրեցին վնասվածքի պատճառով չկարողացավ ներկայանալ վճռորոշ մենամարտին եւ հաղթանակը շնորհվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Բակհոդիր Ջալոլովին:

Ավելի վաղ Արթուր Բազեյանը՝ 57 կգ քաշային կարգ եւ Գուրգեն Մադոյանը՝ 67 կգ, նվաճել էին մրցաշարի բրոնզե մեդալներ:

Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը իր ՖԲ էջում գրել է, որ այս տարի Ստրանջայի մրցաշարն, ըստ էության, աշխարհի փոքր առաջնություն էր, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաներից, որոնք երկու ամիս հետո մեկնարկող աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու այս փուլում անհրաժեշտ թվով մենամարտեր անցկացրին: Նա նաեւ նշել է, որ մասնակից 38 երկրների մեջ նվաճած մեդալների քանակով Հայաստանը արժանիորեն դարձել է երրորդը եւ որ ամբողջ մրցաշարի ընթացքում տղաներին աջակցել է ՀԲՖ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728