Կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի նպատակն է՝ ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը եւ դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը։ Ինչպես այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (լուսանկարում), նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական ծառայության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար։
«Ընդ որում, նշյալ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն առաջին անգամ ատեստավորմանը կմասնակցեն կամավոր սկզբունքով։ Ամեն 100-րդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը եւս մեկ ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Երկու անգամ դիմելուց հետո հավելավճար ձեռք բերելու իրավունք չստացածները կազատվեն զբաղեցրած պաշտոնից եւ երկու ամիս ժամկետով կմնան կադրերի տրամադրության տակ»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նշյալ անձանց երկու ամսում կառաջարկվի այլ պաշտոն, եւ նշանակվելու համաձայնություն չտալու դեպքում անձը կարձակվի ծառայությունից։ Հավելավճարի չափը կորոշի կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ԱԱԾ պաշտոնների շրջանակը՝ ԱԱԾ տնօրենը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց․ «Ատեստավորումը ներդրվում է նաեւ ԶՈՒ-ում։ Ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ երկու անգամ ատեստացիա չանցնող ծառայողը դուրս է մնում ծառայությունից, ԶՈՒ-ում զինվորականը շարունակում է ծառայել նույն պաշտոնում։ Որքանո՞վ է սա արդար»։
Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց, որ այլ համակարգի փորձը չի գնահատի․ «Այս իրավակարգավորումները կոնկրետ վերլուծության արդյունք են»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հարցրեց՝ ի՞նչ վերլուծության մասին է խոսքը։ Ապա Գաբրիելյանը դիմեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ խնդրելով հետեւողական լինել, որպեսզի ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն նման նախագծեր շրջանառելուց առաջ հանձնաժողովին տեղյակ պահեն։ Քոչարյանն ընդունեց ի գիտություն, հայտնեց, որ ԱԺ փորձագետները վերլուծել են նախագիծը, նաեւ ասաց, որ Գեղամ Մանուկյանի հնչեցրածի առիթով եւս անելիք ունեն։
Ապա Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց հարցադրումներին․ «Նպատակը բարձր վարձատրությունն է, եւ պետք է վստահ լինենք, որ այն տալիս ենք բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողին, որը հավակնում է պաշտոնի։ Իսկ ծառայության ազատման մեխանիզմները տարբեր են»։
Վիլեն Գաբրիելյանը նաեւ հարցրեց՝ նախկինում ԱԱԾ-ում ատեստավորում եթե եղել է, ապա ո՞րն է եղել դրա նպատակը։ Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց․ «Եղել է՝ պաշտոնի համապատասխանությունը ստուգելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ