Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամաբանակա՞ն, է, որ մենք կողմ լինենք այդ համաձայնագրին, իսկ ՌԴ-ն դեմ»․ Վիլեն Գաբրիելյանը՝ փոխնախարարին

Փետրվար 27,2023 14:08

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին։ Այն շուտով կներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

«Նպատակը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության խթանումն է։ Կիրարկմամբ նախատեսվում է նպաստել նաեւ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը եւ համատեղ դիմակայմանը»,-հայտարարեց նախագծի զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը։

Գեւորգ Մանթաշյան

Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ոլորտի ուղղությունները՝ սպառնալիքների հակազդեցություն, փորձի փոխանակում, ահաբեկչական կամ այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների բացահայտում, կանխում եւ հետաքննում։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց․ «Փետրվարի 16-ին ՌԴ պետդումայում ընդունվել է օրենք, որը ԵԽ կանոնադրության եւ 21 միջազգային կոնվենցիաների դենոնսացիայի (պետության կողմից որևէ գործողություն դադարեցնելու կամ համաձայնագրից հրաժարվելու հայտարարություն.-հեղինակ) մասին է։ Ստացվում է, որ մենք հիմա պետք է հաստատենք մի համաձայնագիր, որը կարգավորվում է նաեւ միջազգային կոնվենցիաներով, բայց կողմերից մեկը՝ ՌԴ-ն, փաստացի դենոնսացիայի է ենթարկել տվյալ կոնվենցիաները։ Տրամաբանակա՞ն, է, որ մենք կողմ լինենք, իսկ ՌԴ-ն՝ դեմ»։

«Սա զուտ երկու երկրների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մասին է, եւ կապ չունի ձեր նշածի հետ։ Երկու երկրների անվտանգության խորհուրդները համաձայն են, ընթացակարգերը պահպանված են»,-պատասխանեց Մանթաշյանը։

Վիլեն Գաբրիելյանը համաձայնագրից կետեր մեջբերեց ու պնդեց, որ խոսքը հենց այն մասին է, ինչ ինքը նկատի ուներ, որովհետեւ համաձայնագիրը հղում է անում մի շարք միջազգային կոնվենցիաներին։ Փոխնախարարն ի պատասխան բացատրեց, որ իրենց դիրքորոշումը չի հակասում դրան։

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728