Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատվելու է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Աղասի Խաչատրյանը (լուսանկարում)։ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Ռուբեն Խալապյանը նշանակվելու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։
Հիշեցնենք՝ վերջերս՝ փետրվարի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող 27-ամյա Ա.-ն ինքնասպանության փորձ էր արել, քանի որ «զոն նայող» Արտաշն իր մտերիմներով փորձել էր բռնության ենթարկել Ա․-ին՝ քրեական ենթամշակույթի չգրված կանոններին չենթարկվելու համար։
Ըստ մեր աղբյուրների՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մի քանի ամիս է՝ անկառավարելի վիճակ է․ պատիժ կրող այն անձինք, որոնք չեն ենթարկվում «զոն նայողին», ենթարկվում են դաժան ծեծի։ ՔԿՀ-ի վարչակազմը ոչինչ չի ձեռնարկում, քանի որ լավ հարաբերություններ ունի նրա հետ։
Կարդացեք նաև
Աղասի Խաչատրյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել 2022թ․ մարտի 15-ին։
Ի դեպ՝ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, դրսում հավաքված կողմնակիցների մոտ նրան ուղեկցեց Աղասի Խաչատրյանը, որն այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։ Թերեւս այս պատճառով էլ Աղասի Խաչատրյանը լավ փոխհարաբերություններ ունի իշխանությունների հետ։
Լուսանկարները քրեակատարողական ծառայության կայքից