Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում. Վահագն Խաչատուրյան

Փետրվար 27,2023 10:00

Վահագն Խաչատուրյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:

Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը:

Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում։

Սիրելի հայրենակիցներ,

Աշխարհասփյուռ հայություն,

Դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։

Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի։

Խաղաղություն մեր ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն Արցախի մեր հայրենակիցներին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728