Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չգիտեմ` բժշկության մեջ ավելի շատ արվեստ կա, թե արվեստում` բժշկություն»

Փետրվար 27,2023 13:00

Հարցազրույց երիտասարդ գրող Թադեւոս Ծպնեցյանի հետ

– Թադեւոս, «Մեռնող սլաքներ» եւ «Ան_Րիա» հեղինակային գրքերումդ հայրենիքի, սիրո, պահի ամենատարբեր դրսեւորումների խտացումներ ենք տեսնում` քո ձեռագրին հատուկ երանգներով։ Այդ գրքերն ինչ հետք են թողել քեզ վրա։

– Արդեն հրատարակված իմ երկու գրքերի ու նրանց թողած ազդեցության մասին կարելի է երկար խոսել, բայց ցանկանում եմ առանձնացնել  մի քանի կետ։ Վեպս, որ ինքն է տղաս, առաջնեկս, լինելով փաստավավերագրություն` ունի յուրահատուկ էներգետիկա, ամեն անգամ թերթելիս մտովին ինձ տանում է զորամաս, սահման, խրամատ, հիմնական իրադարձությունների կիզակետ ու ստիպում գնահատել համամարդկային արժեքներից մեծագույնը՝ խաղաղությունը, որ պահպանման գաղափարի կրելն ու մասնիկը լինելն ինձ վիճակվել է դեռ կյանք ստանալու օրվանից։ Հայ տղան ծնված օրվանից հայրենյաց պատվի զինվոր է, իսկ գիրքը` հասարակ զինվորի կարեւորության ու հզորության մասին է։

Երկրորդ գիրքս` աղջիկս, իմ մեծագույն սերը, իր ազդեցությունը թե՛ իմ, թե՛ ընթերցողի վրա թողել է այլ կերպ, չէ՞ որ սիրո մասին խոսել պարզ ու հասարակ բառերով` այնքան էլ հեշտ չէ, իսկ աղջիկս վկայումն է ու իմ քչախոսության պտուղն այն իրողության, որ սերը ամրացնող ամենանուրբ լույսն է…

– Քո «ռԷ_Անիմացիա» շարքը, որին ծանոթանում ենք համացանցում հրապարակումների միջոցով, եւս հետաքրքիր ենթաշերտեր ունի։ Այն գիրք դառնալու ճանապարհի՞ն է։

– «ռԷ_Անիմացիա» շարքս անպայմանորեն գնում է գիրք դառնալու ճանապարհով, դանդաղ, բայց սահուն քայլերով: Շարքի ծնունդը եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, համավարակի օրերին` աշխատանքիս զուգահեռ։ Շարքը բազմաշերտ է` սեր, հայրենիք, Աստված ու մարդկային ամենապարզ փոխհարաբերություններ։ Այս շարքն էլ ունի ասելիք, այդ իսկ պատճառով, որպես գիրք ընթերցողիս սեղանին հասնելու ճանապարհին է։ Երրորդ գրքում, «ռԷ_Անիմացիա» շարքից զատ, կլինի նաեւ «Հուշագրություն»  փոքրիկ պատմվածքներիս համահավաքը, հետ-առաջ սկզբունքով երկու գիրք մեկում կգնա տպարան:

– Թեեւ մեր զրույցը քո հեղինակային ստեղծագործությունների շուրջ է, բայց ինձ հետաքրքրում է առաջին հեքիաթը, որ հիշում ես, երբ պատմել են կամ կարդացել ես։

– Անկարելի է մոռանալ առաջին հեքիաթը, որն ինձ պատմել է պապս։ Լավաշի հեքիաթն էր, տատիկս ու մայրս թոնրում հաց էին թխում, իսկ աշխատավոր պապս կեսօրին արդեն հոգնած հերթական գլանակ սիգարետն էր մուշտուկին հարմարեցնում, որ վառի ու ծխին նայելով հետագա անելիքները մտմտա, կամ էլ երգ դնդնա քթի տակ, որն իր սիրելի սովորություններից էր: Նոր թխված լավաշն ու հորած պանիրը միասին տարա պապիս ու նա նախ ինձ համար, ապա իր համար բրդուճ փաթաթեց ու սկսեց պատմել հեքիաթը, իսկ այդ օրվանից լավաշն ինձ համար սրբություն դարձավ, ճիշտ հայրենիքիս նման։

– Դու տեսնո՞ւմ ես կյանքի մատնահետքը գրականության վրա…

– Կյանքի դրոշմը, մատնահետքը չնկատել գրականության ու արվեստի վրա, եթե իրապես արվեստին մոտ կանգնած մարդ ես, անկարելի է։ Ժամանակը կամա թե ակամա իր ազդեցությունը թողնում է գրականության վրա։ Մի օրինակով փորձեմ ավելի հստակեցնել միտքս՝ գրականությունը սրտից դուրս եկող խոշոր զարկերակն է, իսկ կյանքը` օրգանիզմը, որ սպասում է իր բաժին թթվածնին, արի ու տես` ժամանակ կոչվող թրոմբը երբեմն փորձում է փակել անոթի լուսանցքը կամ էլ լուծվում է ինքնակամ։ Գրականությունը կյանքի շարժիչ ուժն է։

– Բանաստեղծ, դրամատուրգ Ուիլյամ Բաթլեր Յեյթսն ասում էր, որ մարդ պետք է ընտրություն կատարի կյանքի եւ աշխատանքի միջեւ: Քո կարծիքով` ճի՞շտ է ասել։ Չմոռանանք նաեւ քո` ապագա բժիշկ լինելու մասին։

– Կարծում եմ` արժե համակարծիք լինել նրա հետ, բայց լինել նաեւ բացառություն: Ես չգիտեմ, բժշկության մեջ ավելի շատ արվեստ կա, թե արվեստի մեջ բժշկություն, սակայն մի բան հստակ գիտեմ՝ իմ կյանքում նրանք օգնում են մեկը մյուսին, լրացնում իրար ու դա հրաշալի է։ Մի օր բուժառուներիցս մեկն ինձ ասաց, որ քիչ է լինում, երբ միաժամանակ բժշկում են եւ հոգին, եւ մարմինը, իսկ դուք վստահաբար տիրապետում եք երկու արվեստին էլ։ Իմ մասնագիտական ընտրությունը լրացվում ու ամբողջանում է արվեստով, ես ուրախ եմ երկուսի մասը լինելու ճշմարտությամբ:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728