Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապույտ մշուշում թաքնված սերը

Փետրվար 27,2023 12:00

Գեղանկարիչ Համլետ Ասատրյանի շնորհն ու տաղանդը ակունքվում է հայրենի բնաշխարհից՝ Դիլիջանից: Նա մեկն է այն դիլիջանցիներից, ում կենսագրությունն ու ստեղծագործությունը սերտորեն ձուլված է ծննդավայրին ու նրա մարդկանց, նրա չքնաղ ու եթերային բնությանը: Վարպետը կրողն է քաղաքի նվիրական հիշատակների, պատմության ու մշակույթի: Նա Դիլիջանի մեծ նվիրյալ է, ինչպես մի առիթով դիպուկ նկատել են՝ Դիլիջանի ասպետը: Եվ իսկապես, ասպետական է Համլետ Ասատրյանի կեցվածքը, ապրածն ու գործը, մարդուն ու աշխարհին իր հոգուց նվիրածը:

Ժամանակ առաջ էր, որ բախտ ունեցա ծանոթանալ այս հրաշալի արվեստագետին ու մարդուն: Տեսել էի նրա դիլիջանյան աշխատանքները, որոնցով անհատնում հիանում էր հոգիս եւ ազդվում, որոնցում մեծերիս ծննդավայր Դիլիջանն այնքա՜ն կենդանի, շնչող ու ապրված է: Այդ ստեղծագործություններում արվեստագետի հոգին է, զգացումը, տրամադրությունը եւ կյանքի հանդեպ նրա ունեցած լավատեսական շունչը, որին հաղորդ է դառնում դիտողը: Նրա գործերը մի տեսակ ձգողական ուժ ունեն, որ հարգանք է ներշնչում դրանք արարողի հանդեպ ու մեկ քայլ անելուց առաջ, ստիպում խորհել, թե ի՞նչ լայն, խորը ու հետաքրքիր ներաշխարհ ունի գեղանկարիչը, հոգու հարուստ ներկապնակ, որում գերիշխողը կապույտն ու ճերմակն է, դիլիջանյան գույնը՝ զմրուխտականաչն ու մանուշակագույնի փոփոխվող կապույտը: Ամենակարեւորը՝ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ իր հոգու արեւն է, որը բացվում է ինչպես ցայգածաղիկը անտառի փեշին:

Ծնվել է մանկավարժների ընտանիքում, 1947թ. փետրվարի 27-ին: Իր պատմելով, նկարել սկսել է երեք տարեկանից: Նկարչության հանդեպ սերը գալիս է մորից եւ հենց նրա հորդորով ու բնության թելադրանքով՝ հետագայում ընտրում է նկարչությունը:

Գեղանկարչի հետ մեր բարեկամության պատճառ դարձավ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Սերիկ Դավթանը, ում կենսագրության ամեն պատառիկ հավաքում ու հետաքրքրում էր ինձ: Գիտեի, որ ճանաչել է նրան: Մի օր էլ անհուն ջերմությամբ ու սիրով պատմեց Սերիկի մասին ժամանակի միջով անցած իր հուշը, որը Վարպետը խնամքով ու փայփայանքով պահում է իր հիշողությունների գանձատուփում: Տպավորիչ էր խոսքը, ձայնի ելեւէջն ու ոգեւորությունը, զգալի էր պատկառանքն ու հարգանքը: Տարիների հեռվից նույնիսկ չի խամրել խոր ակնածանքն ու հիացմունքը մեծ դիլիջանցու եւ հայուհու հանդեպ: Անցյալի ու ժամանակի ծանր վարագույրը հետ գնալով բացվում է մի տեսարան՝ հին Դիլիջանն ու մարդիկ, անցյալ, որ կարոտի գույն ունի, որ ապրում է շարունակ ձգվող ներկայում, դառնում ծննդավայրի ու կյանքի պատմություն, իմաստություն, դառնում կենսագրություն ու դրոշմ: Հեռվից ծանոթ դեմքերը գալիս ու նորից անցնում են հիշողության միջով. վերապրում է անցյալի քաղցրությունը եւ հուշը, որ ժամանակի մեջ ապրել է: Պատմում է մի սրտառուչ դրվագ Սերիկի ու իր կյանքից: Դրանք թանկ եւ նույնքան անմոռանալի են: Անցյալի կարոտը հուզում է սիրտը: Նվիրական ու սիրելի շատ անուններ կան այնտեղ. դիլիջանյան տարիներին առաջին ուսուցիչները՝ Մամիկոն Ղուլյանը եւ գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանը, Գեղարվեստա-թատերական ինստիտուտում ուսումնառության տարիներին նկարիչներ՝ Գրիգոր Աղասյանը, Բաբկեն Քոլոզյանը, Անատոլի Պապյանն ու Վռամշապուհ Շաքարյանը:

Ապրումի նույն զգացումն ունեցա, երբ պատմում էր Արա Սարգսյանի եւ Դիլիջանի խորհրդանիշ դարձած նրա՝ «Անտառի արքա» քանդակի տեղադրման աշխատանքների մասին հիշողությունը: Դա հեռավոր 1966թ. էր, երբ դեռ ուսանում էր Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Հոր՝ ուսուցիչ Միհրդատ Ասատրյանի եւ ընկերոջ՝ քանդակագործ Վարազդատ Ամյանի հետ օգնում են քանդակը բարձրացնել անտառի թեք զառիվերով, մասնակցելով տեղադրման ու հղկման աշխատանքներին:

Սկզբնապես ընտրում է դիմանկարչությունը, սակայն ժամանակի ընթացքում անցնում է դեպի գեղանկարչության ժանրը: Վերջինս նրա խենթության ու զգացական աշխարհն ու տարերքն է, իրենը, իր հոգեւոր պահանջմունքը, հայացքը, հոգու կանչը, որն ակունքվում է թափանցիկ մշուշի մեջ թաքնված Դիլիջանի անհուն զմրուխտակապույտ եզերքից: Գեղեցիկի եւ լուսավորի, ոգեշնչման ու բարու  սկիզբը այնտեղ է…: Նկարում է ամեն ինչ, որ վերաբերվում է Դիլիջանին եւ հենց ծննդավայրն է, որ աննկատելիորեն նրան ստիպեց անցնել այդ ժանրին:

Համլետ Ասատրյանը արվեստագետ է, որի ամեն խոսքում Դիլիջանի բնությունն ու պատմությունը կենդանանում է, ինչպես իր հրաշք կտավներում: Դրանցից անհնար է ակնթարթ իսկ կտրվել, ուզում ես շարունակ նայել, փնտրել խորհուրդն ու անբացատրելին, առեղծվածայինն ու խորհրդավորը: Նրա հավերժական բնությունը ապրեցնում է: Դիլիջանի բնության հեքիաթային պատկերները գերում են մի կախարդական ուժով ու գույնով, երանգի ճիշտ արտացոլանքով եւ արտահայտչականությամբ:

Հետաքրքիր է նրա դիլիջանյան փայտաշեն ու գեղեցիկ տների շարքը, որոնք անցյալի պատմության վկաներն են ու քաղաքի ինքնատիպ խորհրդանիշը՝ կարմիր կղմինդրե տանիքներով, տարբերվող շինվածքով եւ ավանդական փայտարվեստով: Թվում է՝ տները պահ են մտել քաղաքը գրկած կանաչի մեջ, հետո այդ կանաչը կտավներում դառնում է օխրայագույն կամ դեղին, դառնում տարվա եղանակ ու ծածկվում մաքո՜ւր-մաքո՜ւր ճերմակ ձնասավանով, ոնց Վարպետի խիղճն է: Բնության ամեն եղանակ իր երանգը, գեղեցկությունն ու ժամանակն ունի, բոլորն ապրված հոգու ողջ զգացումով, կյանքով ու խորքով:

Դիլիջանյան է նրա արվեստը: Դա գեղեցիկի, բարու եւ լուսավորի զգացական աշխարհն է: Վարպետն իր հոգու ջերմությունն ու լույսն է թողել իր պատկերած հոգու աշխարհում, իր խոստովանանքը: Դրանք ոգեղեն են, արարված գեղանկարչի շնորհաշատ ձեռքով ու ամենատես աչքով, նրա գերզգայուն սրտով: Ու այնպես է թվում, որ նա քո կյանքը դարձնում է լույս եւ դու այնպիսի քնքշությամբ ու կարոտով ես շոյում ծառերի մամռած բները, ասես ձեռք ես տալիս սեփական սրտիդ:

Ժամանակի մի հավերժագալար շարժ է, ու գույների աստիճանական փոփոխությամբ, շերտ առ շերտ, անցնում ես իրականի ու անիրականի եզրագիծը՝ հայտնվելով Դիլիջանի անցյալի ու ներկայի միջնաբաժանի տարածականության սահմանի մեջ: Ես հիշում եմ Վարպետի մի առիթով ասված խոսքը. «Բնությունը կատարելություն է, մենք՝ անկատարներս երբեմն ուզում ենք մոտենալ բնությանը»:

Հեքիաթային չքնաղ ու անկրկնելի է նրա ծաղիկների ստեղծագործական շարքը։ Նա մի սկզբունք ունի՝ նկարում է միայն դիլիջանյան ծաղիկները, որոնք սովորության համաձայն՝ հավաքում է անձամբ. մշակում-դասավորում է, հետո՝ ստեղծագործում: Դա իր զգացումի տարածքն է, իր բնաշխարհի ծաղիկները, անծայրածիր հոգու քնքուշ ու զգայուն պատառիկները: Ծաղկային գործերում գերակշիռ է մանուշակագույն-կապույտը, դեղին ու ճերմակ դաշտային ծաղիկները: Հիշում եմ Վարպետի մի խոսքը. «Կարող ե՞ս, ուրեմն ստեղծիր ինչքա՜ն ուզում ես…»:

Հետաքրքիր ու գրավիչ է նրա պատմություններն ու զրույցը: Նա միշտ պատմելու, հիշելու մի բան ունենում է, որ թե՛ իր, թե՛ ուրիշների կյանքից է: Նրա հիացական ու խրատական խոսքն ուղղակի ստիպում է հաղթահարելով ամեն խոչընդոտ՝ առաջ գնալ, կանգ չառնել դժվարին բացվող դռների առջեւ, փնտրել, գտնել դրանց կորած բանալին, սիրել արվեստը, մարդուն ու կատարյալը՝ բնությունը: Վարակիչ է Համլետ Ասատրյանի լավատեսական տրամադրվածությունը դեպի մարդը եւ կենսասիրությունը դեպի կյանքը, քաջալերանքը, խրատական խոսքը՝ երիտասարդների հանդեպ, նրա ուսուցման տեխնիկան: Այստեղ է, որ հիշում եմ միտքը, որ մարդն է արվեստագետի հիմքը:

Նրա հետ ամեն զրույցով դիլիջանոտ է դառնում օրը ու հասկանում ես, որ ուր էլ գնաս՝ կարոտելու ես Դիլիջանը։ Ի՞նչն է պատճառը, որ Վարպետի կտավների դիլիջանյան կապույտն ապրում է նույնիսկ հիշողությանդ մեջ, չի մեռնում, չի տարալուծվում, այլ հավերժանում է… Ու մտորում եմ կապույտն այդպես տեսնելու եւ արտահայտելու նրա տեսակի մասին: Տեսնես ինչի՞ց է, որ դիլիջանցի արվեստագետների մոտ այդ կապույտն այնքա՜ն շատ է, այնքան սիրելի, այդքան հետաքրքիր ու յուրօրինակ  տարբեր:

Դա սերն է առ Դիլիջան, կապույտ մշուշում թաքնված սերը…

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728