Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե մարդասիրական միջանցքի ապաշրջափակում լինի, ապա հնարավոր չի լինելու միանշանակորեն պնդել՝ դա հենց դատարանի որոշման եւ ոչ թե Վարդանյանի հեռացման պահանջը բավարարելու արդյունք է» 

Փետրվար 27,2023 14:30

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի՝ առերեւույթ, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների ոլորտում փոխվստահությունը նվազում է, ինչը կարող է նաեւ տհաճ կամ ցավալի հետեւանքների հանգեցնել՝ մեզ համար հատկապես ռազմական ու տնտեսական, իսկ Ռուսաստանի համար՝ քաղաքական շահերի տիրույթում:

-Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, քանի որ պարզ է, որ այս որոշմանը միանգամից չի հետեւելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, թեեւ որոշման մեջ այդպիսի հստակ պահանջ կա։

-Ժամանակագրական տեսանկյունից դատարանի որոշումն, ըստ էության, համընկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հետ: Ուստի, եթե Արցախը Հայաստանին կապող մարդասիրական միջանցքի ապաշրջափակումը եւ մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնումն իրականություն դառնան, ապա հնարավոր չի լինելու միանշանակորեն պնդել, որ դա հենց դատարանի որոշման եւ ոչ թե Ալիեւի կողմից Արցախի իշխանություներին ներկայացված՝ Վարդանյանի հեռացման պահանջը բավարարելու արդյունք է: Քանի դեռ մարդասիրական միջանցքի անխափան աշխատանքի ապահովման հստակ երաշխիքներ չկան՝ շրջափակումը կարող է կրկնվել:

-Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այս հանգամանքը Ադրբեջանի առաջ իր դավադիր նպատակներն առաջ տանելու դաշտ ստեղծո՞ւմ է։

-Չեմ բացառում, որ հայցվոր կողմն իր մեղադրանքը հաստատող բավարար ապացույցներ չի ներկայացրել: Այսինքն, տեղ է թողնվել ենթադրելու, որ Արցախի էլեկտրա եւ գազամատակարարումը դադարեցվել է, օրինակ, ռուս խաղաղապահների կողմից: Կարող են լինել կատարվածի նաեւ այլ պատճառաբանություններ կամ վարկածներ:

-Ինչպե՞ս կգնահատեք Արցախում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելու համատեքստում։ Արայիկ Հարությունյանի՝ «Ադրբեջանի պահանջները բավարարելու» թեզն իրատեսակա՞ն է, թե այլ՝ ավելի ստվերային գործընթացներ են իրականում տեղի ունենում։

-Հակված եմ այն կարծիքին, որ պարոն Վարդանյանի պաշտոնանկությունը կապված է եղել մի քանի գործոնների հետ, եւ Իլհամ Ալիեւի պահանջն այդ գործոններից մեկն է եղել: Բոլոր դեպքերում արցախցի մեր հայրենակիցներն այսօր գտնվում են ծայրահեղ ծանր իրավիճակում եւ պարտավորված են լինելու բոլոր հասանելի միջոցներով պաշտպանելու իրենց կյանքը եւ հայրենի հողում ազատ ապրելու իրավունքն, անկախ նրանից, թե տվյալ պահին Արցախում ով ինչ պաշտոն է զբաղեցնում:

-Ի՞նչ է կատարվում Սամվել Բաբայան գործչի շուրջ՝ վերջին շրջանում նրա վերաբերյալ քննարկումները, այսօր էլ նրա հայտարարությունը։ Ի՞նչ հավակնություններ ունի նա՝ ըստ Ձեզ։

-Զերծ կմնամ նրա ընթացիկ քայլերը մեկնաբանելուց: Կարող եմ ընդամենն ասել, որ Սամվել Բաբայանն Արցախում որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական դերակատարներից մեկն է, որի նկատմամբ հասարակության վերաբերմունքը բավականին բեւեռացված է:

-ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, եւ դա լուրջ խնդիր է, քանի որ եթե չկան սահմաններ, ուրեմն չկան պատասխանատվության գոտիներ։ Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը։ Հայ-ռուսական հարաբերությունների սրումը, ՌԴ-ի կողմից ԵՄ դիտորդական առաքելությանն ուղղված հայտարարությունները ի՞նչ վտանգներ են պարունակում։

-Սա վկայությունն է այն իրողության, որ պաշտոնական Երեւանի պատկերացումները Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի պայմանագրային ու դաշնակցային պարտականությունների վերաբերյալ չեն համընկնում վերջիններիս մոտեցումներին, ինչն, իր հերթին, նաեւ հրապարակավ արտահայտվող փոխադարձ դժգոհությունների, կշտամբանքների ու մեղադրանքների պատճառ է դարձել: Առերեւույթ, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների ոլորտում փոխվստահությունը նվազում է, ինչը կարող է նաեւ տհաճ կամ ցավալի հետեւանքների հանգեցնել՝ մեզ համար հատկապես ռազմական ու տնտեսական, իսկ Ռուսաստանի համար՝ քաղաքական շահերի տիրույթում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728