«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»
35 տարի առաջ սկսվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը։ Արցախահայությունը և ողջ հայ ժողովուրդը դուրս ելան պայքարի՝ հանուն Արցախի ազատության, հանուն արցախահայության անվտանգության, հանուն հայ ազգի ապագայի, որը պսակվեց փայլուն հաղթանակով։ Հաջորդ տարիների ընթացքում թույլ տրված սխալները, թերացումներն ու բացթողումները հանգեցրին մինչ այդ ձեռք բերված հաղթանակի մասնակի կորստին: Սակայն վիրավոր Արցախը կանգուն է, շրջափակված արցախահայությունը՝ անկոտրում: Այսօր յուրաքանչյուր հայ պետք է մտածի, թե ինքը ի՞նչ է անում մեր պատմական հայրենիքի՝ Արցախի համար, ի՞նչ է թողնելու և ի՞նչ գործ է պատգամելու հաջորդ սերունդներին։
Որպեսզի հասնենք մեր ազգային նպատակներին, առաջինը պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ուղիղ առերեսվենք այն իրողությունների հետ, որոնք ունենք այսօր, ընդունենք և խորությամբ հասկանանք մեր սխալներն ու բացթողումները, իրատեսորեն գնահատենք այն պոտենցիալը, որը ունենք և նոր միայն, այս ամբողջը համադրելով, մշակենք մեր հստակ ճանապարհային քարտեզը, որը հայ ժողովրդին կտանի դեպի ազգային զարթոնքի և ինչպես մեր թշնամիներին, այնպես էլ միջազգային հանրությանը կստիպի հաշվի նստել մեր հայկական օրակարգի հետ։
Հանուն Արցախի պայքարի հաջողության կենսական կարևոր գործոն է ողջ հայության միասնականությունը։ Միասնականությունը, ոչ թե անձանց, կուսակցությունների և ինչ-որ ուժերի շուրջ, այլ միասնականությունը ազգային գաղափարախոսության շուրջ։ Անձինքն ու կուսակցությունները անցողիկ են, իսկ ազգայինը, հայ ժողովուրդը, հայրենիքը՝ հավերժական։ Մեր երեխաները դեռևս մանկապարտեզներից և դպրոցներից պետք է դաստիարակվեն ազգային արժեքներով, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Եթե մենք ցանկանում ենք վաղը ունենալ միասնական, ազգային մտածելակերպով և մեծ հայրենասիրությամբ լցված հասարակություն, ապա այսօր այդ ամենը պետք է դաստիարակենք մեր երեխաների մեջ։
Կարդացեք նաև
Արցախը և արցախահայությունը այսօր գտնվում են լուրջ սպառնալիքների ներքո։ Չթերագնահատելով միջազգային հանրության կարևոր դերը, անհրաժեշտ է ընդգծել, որ յուրաքանչյուր պետության անվտանգության գլխավոր երաշխավոր են հանդիսանում տվյալ երկրի զինված ուժերը, իսկ մենք, որպես մի ժողովուրդ, որը բազմիցս տեսել և իր մաշկի վրա է զգացել այս իրողության ճշմարտացիությունը, այսօր պետք է իր ողջ ներուժը ուղղի սեփական զինված ուժերի արդիականացման, զարգացման և հզորացման գործին։ Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ սեփական զարգացած ռազմարդյունաբերություն, ինչն էլ իր հերթին կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը և կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Որքան էլ փորձենք Արցախը դիտարկել որպես առանձին պետություն, այսօր նրա անվտանգությունը ուղիղ կախված է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես և Հայաստանի անվտանգությունն է լրջորեն կապված Արցախի հետ։
Ինչպես 1990-ական թվականներին ՀՀ-ում տիրող իրավիճակը, այնպես էլ այսօր Արցախի շրջափակումը ևս մեկ անգամ փաստում են, որ անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ունակ լինի ինքնուրույն, առանց արտաքին աշխարհի հոգ տանել իր կենսական կարիքների մասին։
Հետևաբար` Արցախի տնտեսությունը պետք է կառուցել այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարողանա անցնցում աշխատել առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ ապահովելով սեփական բնակչության պարենային անվտանգությունը։ Անկախ տնտեսությունը անկախ պետության անկյունաքարերից է։
Մենք այսօր ունենք այնպիսի իրողություն, երբ հայ ժողովուրդը օտարության մեջ մի քանի անգամ ավելին է, քան Հայաստանում և Արցախում միասին վերցրած։ Չնայած այս ցավալի փաստին, հայերն ապրելով օտարության մեջ, անգամ սերունդներ անց, չեն կորցրել իրենց ազգային նկարագիրը և պահպանել են իրենց հայ տեսակը։ Հայկական սփյուռքը շատ հզոր ներուժ ունի և նրա դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, զարգացման և բարգավաճման գործում անգնահատելի է։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պարագայում մենք պետք է զարգացնենք ու ամրացնենք կապը հայկական սփյուռքի հետ։ Հայկական սփյուռքը այն կարևոր գործոններից է, որը չափազանց մեծ դեր է խաղում միջազգային հարթակներում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեղինակության բարձրացման ու ամրապնդման գործում։
Արցախը, որպես անկախ պետություն, պետք է լուրջ ջանքեր գործադրի, խթանելու ծնելիության մակարդակի բարձրացումը։
Արցախի այսօրվա բնակչությունը վաղը պետք է դառնա մի քանի անգամ ավելի շատ։ Սա զարգացող, հզորացող և բարեկեցիկ պետության կարևորագույն բնորոշիչներից է, ինչպես նաև անվտանգության ապահովման համար կարևոր գործոն։ Եթե այսօր Արցախի բնակչության թիվը լիներ ավելի շատ, քան կա, շատ ավելի հավանական է, որ մենք չէինք ունենա Արցախյան երկրորդ պատերազմը, իսկ Արցախը միջազգային հանրության կողմից, որպես անկախ պետություն ճանաչված լինելու ավելի մեծ հնարավորություններ կունենար։
Եվ այսպես, Արցախի առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու և առաջ գնալու համար նախևառաջ անհրաժեշտ է գեներացնել ողջ համահայկական մտավոր ներուժը և ապահովել ամբողջ հայության կուռ միասնականությունը։
Պետք է զարկ տալ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տնտեսությունների ու զինված ուժերի զարգացմանը և հզորացմանը։
Անհրաժեշտ է ամրապնդել և ուժեղացնել Արցախ, Հայաստան և Սփյուռք կապը։
Անհրաժեշտ է մշակել Հայաստանի և Արցախի միասնական, ներդաշնակ ազգային քաղաքականությունը, ընդգրկելով Սփյուռքի հեղինակավոր հայկական կազմակերպություններին, հայ մտավորականությանը, աշխարհի հեղինակավոր հայ անհատներին։
Անհրաժեշտ է հայ հասարակության միավորումը և նրա ողջ պոտենցիալի օգտագործումը համազգային գաղափարների իրագործման համար։ Առանձնահատուկ դեր և տեղ պետք է տալ հայ երիտասարդությանը, նրանց գաղափարներին. նրանց ներուժը անսահմանափակ է։
Պետք է նախագծել և ունենալ մեր հեռահար, հստակ համազգային ծրագիրը, որի իրագործումը անհրաժեշտ է սկսել հիմա։ Այն պետք է սաղմնավորվի այսօրվա սերնդի մեջ և փոխանցվի սերնդեսերունդ։ Յուրաքանչյուր հայ պետք պահի իր ազգային նկարագիրը, իր ինքնությունը և այն փոխանցի հաջորդ սերունդներին։ Մենք պետք է ունենանք հստակ պատկերացում, թե ինչպիսի Հայաստան, ինչպիսի Արցախ ենք ունենալու՝ 10 տարի, 50, 100… տարի հետո։
Այսօրվա սերունդն է պատասխանատվություն կրում նախկին և գալիք սերունդների առջև, թե ինչպես ենք մենք տեր կանգնում մեզ ժառանգված հայրենիքին և ինչպիսին ենք այն փոխանցելու հաջորդ սերունդներին։
Հայրենիքի ոչ մի մասնիկի կորուստ մեզ չի ներվի։ Մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել ավելի հզոր ու պաշտպանված հայրենիք, քան ժառանգել ենք։
Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ