«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»
Ապրելով իմ կյանքի 19 տարին Արցախում, միշտ մտածել եմ` ինչպիսին կուզեի լիներ իմ Արցախը, և պատկերացումների գիրկը ընկնելով, հասկացել, որ ուզում եմ, որ իմ Արցախը լինի այնպիսին, ինչպիսին որ կա` գեղեցիկ բնությամբ` բնական հուշարձաններով լի, պարզ ու հասարակ, արժեհամակարգով դաստիարակված, աշխատասեր ու հոգատար ժողովրդով։ Միայն կցանկանայի բացառել Արցախի ու Արցախցու կյանքից պատերազմը՝ ավերող, ցավեցնող ու ոչնչացնող իր բնույթով։ Եվ չնայած առաջին հայացքից թվում է, թե դա անհնար է, նամանավանդ արդեն ստեղծված իրավիճակում` 2020 թ 44-օրյա պատերազմ, դրա հետևանքով առաջացած մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, տնտեսության անկում, տեղահանվածների խնդիր, նոր տարածքների կորուստ (Փառուխ, Աղավնո) իսկ հիմա, երկու տարի անց, Արցախի շրջափակում ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից (70 օր), այդուհանդերձ անհնարին ոչինչ չկա, մեծ ցանկություն ու կամք է պետք դրսևորել` շարունակելու պայքարը։ Մի քանի անգամ Հայ ժողովուրդը ապացուցել է, որ «Մի ծաղկով գարուն կգա» և «Մի ձեռքը ծափ կտա», մնում է հիմա էլ նույնը ապացուցել։ Եվ պետք է ապացուցենք մեր միասնական պայքարով, մեր պետականամետ մտածելակերպով, հաղթական տրամադրվածությամբ։ Սակայն, այս անգամ հաղթանակը պետք է տանենք, ոչ թե մարտի դաշտում, պատերազմական գործողություններում, այլ քաղաքական դաշտում, քանի որ այդ կարգի հաղթանակները պատմության մեջ ավելի կայուն են, քան պատերազմների հետևանքով կրած հաղթանակները։ Իսկ դրա համար, անհրաժեշտ է ունենալ առնվազն Վարդան Մամիկոնյան` հայրենասեր, ռազմագետ-ստրատեգ, աղվեսի խորամանկությամբ հմուտ դիվանագետ, կիրթ և հասարակության սերն ու հարգանքը վայելող Առաջնորդ։
Քանի որ միջազգային ընդունված օրենքներին համապատասխան Արցախը հռչակվել է անկախ, մնում է հմուտ դիվանագիտությամբ աշխարհի առաջատար պետություններին համոզել` ճանաչել այդ անկախությունը` առաջարկելով Արցախը դարձնել չեզոք պետություն` բոլոր երկրների համար և հռչակել այն իբրև աշխարհի «Հաշտության» կենտրոն։ Ինչպես, օրինակ, Շվեյցարիան է աշխարհի համար անձեռնմխելի (բանկերի կենտրոն), ՀԱՀ-ը (ադամանդների, պլատինի, օգտակար հանածոների արտահանող), Լեհաստանը`(Բարձր տեխնոլոգիաների և ծրագրավորողների կենտրոն), Մոնակոն, Վատիկանը… այնպես էլ Արցախը պետք է դարձնենք անձեռնմխելի` դարձնելով այն Համաշխարհային հաշտության կենտրոն։
Իսկ համոզելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բնագավառում կիրթ, հատուկ հմտություններով օժտված, հայրենասեր սերունդ, և մենք կարող ենք լինել/դառնալ այդ սերունդը։ Մենք արդեն ունենք մեր պայքարի հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը, որը համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին։ Մնում է մշակել և ճիշտ մատուցել մեր գաղափարն ու իրավական ու շահեկան կողմերը միջազգային գերտերություններին, ՄԱԿ-ին, ԵՄ-ն, ճիշտ է, նրանց գործունեությանը «մրցակից» ենք դառնալու, բայց ամեն ինչ լավ համոզելուց է կախված։ Ես արդեն պատկերացնում եմ՝ ինչպես են Արցախում հանդիպում Պակիստանի և Հնդկաստանի առաջնորդները, Իրանի և Իսրայելի առաջնորդները, Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդները, Ռուսաստանի և արևմուտքի առաջնորդները… Պատկերացնում եմ մեր ժողովրդի հոգատար մոտեցումները, էկոմթերքների մատուցումը, ճիշտ ժամանցային ռեժիմը… մի խոսքով՝ համերաշխության ներշնչման բոլոր պայմանների ապահովման քայլերը, որով կարողանալու ենք հասնել ցանկալի նպատակին։ Եթե հաջողենք այս գաղափարը, կպահպանենք Արցախը հայկական և կզարգացնենք` բացառելով հետագա պատերազմական գործողությունները տարածաշրջանում։ Եվ այս ամենը կարելի է դարձնել իրականություն, անհրաժեշտ է ուղղակի ունենալ ցանկություն, ճիշտ պլանավորում, հմուտ դիվանագիտություն և Աստծո օրհնություն։ Ես հավատում եմ իմ երազանքին։
Իմ Արցախը ապրելու է։
Կարդացեք նաև
«Համաշխարհային հաշտության կենտրոն Արցախ» պրոյեկտն իրականանալու է։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ