Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Սուսաննա Կարապետյան

Փետրվար 27,2023 12:34

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»

Օդից կախված օրորվում է հայոց Արցախը,
Վեր ու վարից թուրքն է բացել անտակ բերանը:

Արցախ աշխարհն իր ինքնակենսագրական այսպես է սկսում: Կյանքն աշխատում է մաթեմատիկական արագությամբ և անցնում կայծակնային արագությամբ: Պետք է համահունչ քայլել կյանքի հետ, հակառակ դեպքում այն առանց վարանելու քեզ կվերացնի իր ճանապարհից, իսկ երազանքներդ կմնան օդում: Ես չեմ ուզում իմ երազանքներն օդում մնան և վազում եմ չարաբաստիկ ժամանակի արագությամբ, բայց նա, դժբախտաբար, ինձնից միշտ մեկ քայլ առաջ է լինում: Հիմա կմտածեք, որ թեմայից որոշ չափով շեղվեցի, բայց բնավ, քանի որ որտեղ Արցախ, այնտեղ երազանք: Այս թեման անդառնալի է, ողբերգական, եղերական: Թեմա, որի մասին մտածելիս անկախ քո կամքից հոգիդ տակնուվրա է լինում, աչքերդ արցունքոտվում են, իսկ ապագայի մասին պլաններ կազմելը դառնում է ուղղակի անտրամաբանական: Եթե երազել, ապա միայն խաղաղություն, եթե ապրել, ապա հանուն խաղաղության, եթե մտածել, ապա միայն խաղաղության տանող ճանապարհների մասին:

Պատերազմ ու խաղաղություն կամ պարզապես արյուն: Վերոհիշյալ հասկացությունները նժարի վրա դնելով՝ խաղաղությունը զիջում է պատերազմին: Փորձում ենք նժարները փոխակերպել՝ խաղաղության վրա արյուն ավելացնելով: Բայց, ցավոք, մեզ այս քայլից մնում է միայն արյունոտ ու արցունքոտված մի բուռ հողը:

Արցախն իր կյանքի ընթացքում բազում մարտահրավերների է բախվել ու շարունակում է: Ես ուզում եմ խոսել իմ կյանքի՝ 18 տարիների, ընթացքում ականատես եղած ու մաշկիս վրա զգացած մարտահրավերների մասին:

2016 թվական, ապրիլի 1…

Բոլորն իրենց առօրյա հոգսերով էին, իրենց խնդիրներով: Մեկը հարևանի հետ էր կոնֆլիկտային իրավիճակում հայտնվել, մյուսը՝ ընկերոջ: Մայրը զայրանում էր որդու վրա, որ դպրոցում երկու էր ստացել: Գիշերը խաղաղ էր…

Ապրիլի 1, 2, 3, 4…

Առավոտը բացվելուն պես բոթը տարածվեց (միշտ էլ այդպես է, գույժն ավելի արագ է տարածվում, քան ավետիսը): Պատերազմը սկսվել էր, տղերքը պայքարում էին, մարտնչում էին, կենաց-մահու կռիվ տալիս: Պայքարը գնալով թեժանում էր սահմանին, մարդիկ երանի էին տալիս իրենց երեկվա կոնֆլիկտներին, մայրը երազում էր տղայի երկու ստանալու մասին: ՀՀ առաջին ալիքով հաղորդավարուհին արցունքները խեղդելով ընթերցում էր զոհված «անմահների» անվանացանկը:

100 տան օջախի լույս մարեց, 100 մոր աչք արցունքոտվեց:

Ապրիլյան քառօրյան բոլորիս իր ճիրանների մեջ էր առել ու զգացվում էր ավելի քան երբևէ միասնական ու համախմբված լինելու անհրաժեշտությունը: Մարդիկ ուշքի եկան, ոտքի կանգնեցին ու հասկացան, որ պայքարը լացելու մեջ չէ, այլ ժպտալու, իրենց մեջ ուժ գտնելու ու մի բռունցք դարձած առաջ գնալու մեջ է: Մեզ երջանիկ լինելու համար (եթե, իհարկե, կարելի է այդպես անվանել) չորս տարի էր հատկացված:

2020 թվական, սեպտեմբերի 27… (նախօրեից չխոսեմ, ապրիլի 1-ից հասկացաք)

Ու նորից կարմրեց սև այգին, արյամբ այգեպանների: Ամենուր վատ լուրեր, ողբ, հառաչանք, ամենուր զոհեր ու անհետ կորածներ, ամենուր աղոթք, ամենուր եկեղեցի շտապող մարդկանց հոսք: Հայրենի հողը արյունով ու արցունքով էր շաղախված: Մեր ականջին հասնող լուրերն անտանելի էին, անդիմադրելի, անհավատալի: Այդ օրերի միակ լավ լուրը, լուրի բացակայությունն էր: Աշնան 44 օրեր չորս դին առան արյունով:

Մի՛ զարմացեք, այո՛, մենք էլի շարունակեցինք ապրել: Ապրել հանուն անմահների թափած արյան, հանուն որդեկորույս մայրերի արցունքների, հանուն մանուկների «պապաս ո՞ւր ա » արտահայտության:

Այն ազգը, որի ժողովուրդը պատերազմի օրերին արյունաբանականի մոտ հերթ էր կանգնում, որ առաջինը արյուն հանձներ, այդ ազգը հանձնվել չգիտի, այն ազգը, որի մանուկները մատերով հաղթանակի նշաններ էին ցույց տալիս, այդ ազգը հանձնվել չգիտի:

Եռաբլուրում ծածանվող յուրաքանչյուր դրոշ վաղվա հայրը պիտի դառնար, Եռաբլուրում աղեկտուր լացող յուրաքանչյուր մայր, վաղվա տատը պիտի դառնար: Իսկ ի՞նչ դարձան, ի՞նչ դարձանք: Բոլորս մեռած հոգիներ, հոգիներ, որոնք ուղղակի շնչում են, առանց ապրելու:

Մի՛ զարմացեք, այո՛, մենք էլի շարունակեցինք ապրել: Ապրել հանուն Եռաբլուրում փռփռացող դրոշների, հանուն այն հողի, որի վրայով քայլում ենք: Ապրում ենք, չնայած պայքարը շարունակվում է:

Մեր կյանքը, կարծես, մի առակ լինի այսպիսի խրատական հատվածով. «Որքան ծանր է խաղաղության հասնելը, խաղաղությունը պահելը ծանր է ավելի»:

Տևական պատերազմներում հայերը (արցախցին հետն է) շատ տարածքներ ընկրկեցին:

Այդ տարածքները հանվեցին քարտեզների վրայից, բայց հայի սրտից հողը երբեք չես հանի:

Արցախը հայի կակաչն է, բայց սև ունի իր կարմիր սրտում: Ասում են՝ հավերժական կորուստ չկա, բայց հայի կորուստը հավերժական է այնքան ժամանակ, մինչև կակաչի սևը չի փոխվել կապույտի:

Հաղթել ես ուզում թշնամուդ, առաջինը հաղթի՛ր ներսիդ թշնամուն: Մեր ներքին թշնամին միշտ ուրիշից օգնության սպասող հատկությունն է: Մենք կարծում ենք, թե բոլորը մեզ նման են՝ առաջինը դիմացինի ծառը ջրող: Բայց սխալվում ենք, քանի որ 21-րդ դարը, սիրելի՛ ազգ, խաբեության ու ստորության դար է:

Արյուն, արցունք, աշխատանք, քրտինք: Ունենք այն, ինչ ունենք:

Խոսել հայից, չխոսել Աստծուց, նշանակում է չխոսել հայից: Ասա՛, երբ ես հետ գալու, ո՞րն է ազգիս վերջին տխուր մեղեդին:

Մի՛ զարմացեք, այո՛, մենք էլի շարունակում ենք ապրել:

Պայքար է դեռ սլանում հայոց Արցախում,

Փամփուշտները գիշեր-ցերեկ ոռնում են, ոռնում,

Սարդարապատի զանգերի ձայնն է Գանձասարում…

Սուսաննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728