Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Հովհաննես Ղազարյան

Փետրվար 27,2023 14:04

Արցախ 35․ Պայքարը շարունակվում է

Արցախյան հակամարտությունը հայ ժողովրդի պատմության ծանրագույն էջերից է, քանի որ մենք՝ մեր ազգային ինքնության, արժանապատվության պաշտպանության համար պայքարում, առերեսվել ենք ու շարունակում ենք առերեսվել անտարբերության, կողմնակալության և, իհարկե, բիրտ ուժի, որն ունի միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել հայ ժողովրդին՝ զրկելով իր հայրենի հողում ազատ ապրելու իրավունքից։

Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ․ փետրվարին, երբ ի պատասխան Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջի՝ ադրբեջանական իշխանությունները հայ բնակչության էթնիկ զտումներ և կոտորածներ սկսեցին Ադրբեջանի ողջ տարածքում՝ հատկապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում (պատմական Գանձակ)։ Ցավոք, Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց նաև հետագայում, և հայ ժողովուրդը ստիպված եղավ իր իրավունքների իրականացման համար կրել զրկանքներ, մեղադրական կոչեր։

Սակայն, կայացած փաստ է, որ հայ ժողովրդի չպարտվող ոգին՝ իր ազգային միասնության և ջանքերի համատեղման շնորհիվ, կարողացավ շունչ տալ սկսված պայքարին, որի արդյունքում 1991թ․ սեպտեմբերի 2–ին, թեժ պայքարի ճիրաններում, ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, որի լեգիտիմության մասին են վկայում 1991թ․ դեկտեմբերի 10–ի հանրաքվեի արդյունքները, երբ մասնակիցների 99․89%-ը կողմ քվեարկեցին՝ ի օգուտ անկախության։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը չէր ուզում ընդունել այն իրողությունը, որ Արցախը՝ իր պայքարի շնորհիվ, իրավունք է ստացել վաստակելու ամենաթանկը՝ անկախությունը։ Եվ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով բռնապետը՝ ստանալով դաշնակիցների աջակցությունը (քաղաքական, ռազմական) և միջազգային հանրության լուռ համաձայնությունը, փորձեց ուժի կիրառմամբ ոչնչացնել, վտարել հայ ժողովրդին իր բնօրրանից։ Այդպիսի փորձեր արվեցին 2016 և 2020 թվականներին, երբ Ադրբեջանը, գործի դնելով իր ողջ զինանոցը՝ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Այս ամենի արդյունքում, ցավոք սրտի, հայ ժողովուրդը ունեցավ տարածքային կորուստներ և զգալի մարդկային կորուստներ, ովքեր պետք է լինեին վաղվա իրենց հայրենիքի և պետության տերերը։ Սակայն, այս պայքարը ցույց տվեց մեկ բան, որ հայը պարտվել չգիտի և հաղթանակը հայի այրան մեջ է։

Ադրբեջանը, հասկանալով, որ զենքի ուժը բավարար չէ հային հաղթելու համար, փոխեց իր մարտավարությունը և խախտելով միջազգային իրավունքի նորմերը ու հակամարտող կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները, սրիկայաբար, փակեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ուղղին՝ կյանքի ճանապարհը։ Արցախի մեր հայրենակիցները 2022թ․ դեկտեմբերի 12–ից գտնվում են շրջափակման մեջ և զրկված են մարդու բնականոն կյանքի ապահովման տարրական պայմաններից։ Իսկ Ադրբեջանի նախագահը, ցինիկաբար, հայտարարեց, որ ճանապարհը փակ չէ, և Ղարաբաղում բնակվող հայերը ազատ կարող են հեռանալ Ղարաբաղից։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ մտադրություն չունի հանգիստ թողնելու հայ ժողովրդին՝ ապրելու իր հայրենիքում, և ավելին, այս քայլն ապացուցեց, որ Ադրբեջանը ընտրել է պայքարի անմարդկային ուղղին, և նրանք` փակելով ճանապարհը՝ մտադրված սովի են մատնում Արցախի հայ բնակչությանը։ Հետևաբար, սա վկայությունը կարող է դառնալ այն հանգամանքի, որ մեր կյանքի, մեր ազատ ապրելու իրավունքի երաշխավորը հենց մենք ենք, որի իրականացման միակ տարբերակը պայքարն է հանուն խաղաղության, ազատության և բարօրության։

Ուղիղ 35 տարի անց, մենք կրկին կանգնած ենք արժանապատվության և տառապանքի, արդարության և խաբեության, պայքարի և մահվան միջև։ Եվ մենք՝ լինելով հայ, չենք կարող ընտրել տառապանքը, խաբեությունը և ուղղակի «սկուտեղի վրա մատուցել» մեր հայրենիքը, որի փրկության, ազատության և ապրելու համար հազարավոր հայորդիներ են տվել իրենց ամենաթանկը՝ կյանքը։

Ուստի, մենք պետք է ուշադրություն չդարձնենք բոլոր այն կոչերին, որոնք, մեր իրավունքի և մեր արժանապատվության հաշվին փորձում են սին խաղաղություն ներարկել մեր արյան մեջ։ Չպետք է տրվենք բոլոր այն արժեքներին, գաղափարներին, նյութական բարիքներին, որոնք նպատակ ունեն վերացնել ազգայինը և ազգը դարձնել ժողովուրդ, որի համար չկա՛ն գաղափարներ, չկա՛ն արժեքներ և չկա՛ հայրենիք, հանուն որի պետք է պայքարել։

Այն սերունդը, որը տեսավ 2020թ․ պատերազմը և իրեն համարում է հայ, չի կարող հանձնվել, զենքը վայր դնել և լուռ համակերպվել այն իրողության հետ, որը փորձում են ներկայացնել փրկության միակ ճանապարհ։ Իմ սերնդի բարոյական պարտավորությունն է պայքարել, ազատել և ծաղկեցնել հայրենիքը հանուն նախորդ սերունդների, որոնք ջանք չխնայեցին գալիք սերունդների բարօրության համար և հանուն ապագա սերունդների, որոնք ևս պետք է ապրեն իրենց հայրենիքում և զգան հայրենի հողում ազատ ապրելու բերկրանքը։ Անտեղի չի լինի հիշատակել մեծ հայրենասեր, ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից․ ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»:

Այսպիսով, մենք պետք է վերաիմաստավորենք և արժևորենք հայրենիքը, հայրենասիրությունը, հայի ազգային ինքնությունը, և այն կրելով մեր հոգում՝ պայքարենք հանուն հայրենիքի՝ Արցախի, Հայաստանի, և առհասարակ՝ յուրաքանչյուր հողակտորի, որի վրա թափվել է մեր նախնիների արյունը։ Այս ամենը իրականացնելու համար պետք է կոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որոնք այսօր հայ ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, դավաճանների ու հայրենասերների, թուրքասերների և ռուսասերների և, իհարկե, հայաստանցու ու արցախցու։ Հաջողության հասնելու գրավականը միասնությունն է, և քանի դեռ մենք չենք համախմբվել, միավորել ջանքերը և պայքարել հանուն հայրենիքի, այսօր կասկածի տակ կդրվի Արցախի հայկականությունը, վաղը՝ Սյունիքինը, իսկ մյուս օրը, գուցե, կասկածի տակ դրվի հայերի՝ տարածաշրջանում բնիկ լինելու հանգամանքը։

Այս տարին խորհրդանշական է, քանի որ ուղիղ 35 տարի առաջ սկիզբ դրվեց այս պայքարին, որը միայն մեկ նպատակ ուներ՝ պաշտպանել հայրենիքը և հայրենի հողում ազատ ապրելու իրավունքը։ Այսօր ևս, հասունացել է պահը, երբ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր հայրենիքը, որը բռնի ուժով, մոլորությամբ փորձում են խլել իրենից։ Եվ պետք է նույն խորհրդանշական ձևով պայքարը մեկնարկը տալ Արցախից, որը կարևոր ուղերձ կլինի ինչպես թուրք–ադրբեջանական տանդեմի համար, ովքեր փորձում են ուժով ստիպել հային հրաժարվելու իր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքից՝ այնպես էլ ողջ միջազգային հանրության համար, ովքեր պետք է գիտակցեն, որ հայ ժողովուրդը պատրաստ է զրկանքներ, մեղադրանքներ կրելով շարունակել իր արդար պայքարը։

Այսօր, առավել քան երբևէ, յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ Արցախը «բեռ» չէ՝ այլ ստեղծված իրավիճակի փրկության միակ ճանապարհը։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավորություն ունի փրկել, ծաղկեցնել և ապրեցնել Արցախը։ Դրա համար կան մի քանի կարևոր քայլեր, որոնք առաջնահերթ պետք է իրականացվեն։ Դրանք հետևյալն են՝

  • Խթանել ազգային, հոգևոր, պետական արժեքներով ազգային գաղափարախոսության ձևավորմանը,
  • վերաիմաստավորել հայրենասիրությունը, հայրենաճանաչողությունը և ազգային ինքնատիպությունը,
  • ձևավորել ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ազգային հայրենասիրական շարժում, որի դերը որոշիչ կլինի քաղաքական կուրս իրականացնող մարմինների համար՝ զսպելով նրանց միակողմանի կամարտահայտությունը պետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։

Եվ ինչպես ժամանակին Հայաստանի և Արցախի ազգային հերոսն է ասել. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։ Այս խոսքերը՝ որպես պատգամ կրելով մեր հոգում, վստահաբար, պետք է ասենք, որ այո՛, պայքարը հանուն Արցախի շարունակվում է, և այդ պայքարը շարունակողը ես եմ, մենք ենք ու հայ ժողովուրդն է։

Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728