Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Սևակ Խաչատրյան

Փետրվար 27,2023 13:04

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Ես դեռ կառուցելու եմ իմ տունը Քարվաճառում. ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար

Չլուծվող հիմնախնդիրը

Առաջին անգամ Քարվաճառում եղել եմ, երբ դեռ 10 տարեկան էի, հայրս էր տարել։ Մեր մոտից` Վարդենիսից, Քարվաճառ հասնելը կես ժամվա խնդիր էր։ Քարվաճառի անտառները, անսասան լեռները, Թարթառ գետը, Դադիվանքը` այդ դրախտավայրն անգամ մանուկին կարող է խելքահան անել։ Խենթանում էի Քարվաճառի համար և անընդհատ հորս խնդրում էի մեզ այնտեղ տանել, որ վազվզեի անտառներում, Թարթառ մտնեի, ջրոտվեի, խորոված ուտեինք բնության գրկում… Ձգում էր ինձ այդ հողը, այն ժամանակ` ենթագիտակցաբար, այսօր` գիտակցաբար։ Տարիներ անց որոշել էի՝ Քարվաճառում տուն եմ սարքելու, այնտեղ ապրեմ։ Հենց այդ անտառներում է հայրս հաճախ ինձ ու եղբորս պատմել ազգային զարթոնքի, հաղթական ազատամարտի մասին։

Մեծացա և հասկացա, որ Արցախի համար պայքարը երևի երբեք չի ավարտվի, չեն թողնի, որ ավարտվի։ Այն ոչ միայն տարածաշրջանի դրախտն է` հանքերով հարուստ, այլ նաև խաղաքարտ գերտերությունների ձեռքին Հայաստանի կամ Ադրբեջանի դեմ կիրառելու համար` նայած աշխարհաքաղաքական իրավիճակի և շահերի բախման։

Եվ քանի որ դժվար թե գա մի սերունդ, որը, այսպես ասած, ազատված կլինի Ղարաբաղյան հիմնախնդրից, ուրեմն բոլորս պիտի պատրաստ լինենք դրան, բոլորս պիտի ամեն բան անենք հաջորդ սերունդներին պայքարի ճիշտ ձևը, ճիշտ պատմությունն ու ճիշտ գաղափարախոսությունը փոխանցելու համար։

Ազգային զարթոնք
88–ին ազգային զարթոնքն ու Արցախի համար պայքարը տասնամյակների չէ, հարյուրամյակների կուտակված պոռթկում էր։
Համազգային այդ շարժմանն անձամբ չեմ մասնակցել, շատ հարգելի պատճառով` դեռ չէի ծնվել։ Բայց բազմամարդ ցույցերի ու հաղթական պատերազմի որոշ մանրամասներ այնպես եմ հիշում, որ, երբեմն, թվում է, թե ապրել եմ այդ օրերը։ Հայրս էր մասնակցել… ու ամեն օր պատմում, վերապրում, մեզ էր փոխանցում այն էներգիան, այն ոգին, որ եղել է Օպերայի հրապարակում, այն դժվար, բայց հավատով և հայոց հողն ազատագրելու ձգտով լեցուն կռիվը, որ մղում էր ազատամարտիկներից կազմված առաջին հայկական անկանոն բանակը։

Մեր ժամանակի հերոսը
Հայրենասեր, իրենց կյանքի գնով Արցախն ազատագրելու պատրաստ տղաները, և ոչ միայն տղաները, քիչ չէին այն օրերին։ Բայց ժամանակի հերոսը մեկն է լինում։ Իրական հերոսների կարիք ազգն անգամ խաղաղ օրերին ունի, իսկ ապրել–մեռնելու սահմանագծին նրանց գոյությունը հավասար է ազգի լինել–չլինելուն։

Վազգեն Սարգսյանը 500 մահապարտներով սկսեց պայքարի ուղին, դա նաև առաջին քայլն էր` հայոց բանակ կազմավորելու։ Դժվար էր, կարծիքներն ու վերաբերմունքը` հակասական, բայց նա անցավ այդ ամենի միջով և, սկզբում ազատամարտիկներով, ապա քայլ–քայլ` ինչպես հարկն է, ստեղծեց հայոց կանոնավոր բանակը։

Բանակ անգամ Շվեյցարիայի նման ապահով երկրին է պետք, ուր մնաց մեզ` հարյուրամյակների մեջ ավարտվող ու չավարտվող պատերազմների բովում ապրողներիս։ Սպարապետը դա լավ էր հասկանում։ Եվ հայոց անկանոն, ապա կանոնավոր բանկն ու մեր միասնականությունը` հայրենի հողն ազատագրելու ընդհանուր ձգտումով, դարձան 94–ին գրանցված Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականները։

Ինչպե՞ս հաղթանակը փոխեցինք պարտությամբ
Հաղթանակած երկրի զավակ լինելը հաճելի է, հեշտ է ապրել հաղթանակ կերտած երկրում… տասնամյակներ անց վերջապես ազգը դուրս էր եկել զոհի բարդույթից։ Բայց պետք է ուժ գտնել նաև պարտություն տեսած հայրենիքն ընդունելու, այնտեղ ապրելու, շենացնելու, նոր հաղթանակների համար ճանապարհ հարթելու։ Չէ՞ որ հիվանդ ու աղքատ մայրն ավելի շատ որդու կարիքն ունի… այդպես է նաև մայր հայրենիքը։

Պարտություն ծնող պատճառները շատ են, շատ են ու մեր մեջ։ Տասնամյակներ շարունակ հասարակության մեջ ներմուծվեցին ու տարածվեցին գաղափարախոսություններ, որոնք «բաժանիր, որ տիրես»–ի համար էին արվում։ Իսկ միասնականության կորուստը միշտ է կործանարար։
Պակաս կործանարար չէ նաև հաղթանակի դափնիներին տասնամյակներով ննջելը։ «Ուզում ես խաղաղ ապրել, պատրաստվիր պատերազմի». չեմ հիշում` ով է ասել, բայց այն է, ինչ մեզ պետք է։ Իսկ մենք մեծամասամբ դատարկ սնապարծությամբ էինք տարված` թշնամու ամեն օր ու ժամ զինվելու ֆոնին…

Ի՞նչ պետք է անի մեր սերունդը
Անկախության սերունդ լինելը շատ պատասխանատու բան է։ Մեզնից պահանջվում էր պահպանել մեր հայրերի նվաճումը, սնել մեր հաղթանակը, եթե ոչ նոր հաղթանակներով, ապա գոնե եղածը շենացնելով։

Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Անդունդի եզրից հետ գալն էլ պակաս հերոսություն չէ, քիչ ջանք չի պահանջում։ Ուրեմն եկեք միավորենք մեր ջանքերը…

21–րդ դարում տեղեկատվական պատերազմն իրականից վտանգավոր կարող է դառնալ, ավելի ճիշտ տեղեկատվական պատերազմներն են ծնում իրականներին, դրանք էլ գծում են հաղթության և պարտության սահմանները։ Նոր սերունդը պիտի ճիշտ կռվի նաև այս տիրույթում, իսկ այստեղ սովորելու բաներ շատ ունենք։

Կարելի է ռուսամետ կամ արևմտամետ լինել, բայց հայամետության հիմքի վրա։ Ուրեմն այսօր մեզ պետք է ազգային, հայակենտրոն գաղափարախոսություն` հայրենիքն ամենակարևորն է կոնցեպտով։ Իսկ հայրենասիրությունը միայն պատերազմում մեռնելը չէ, այլ հայրենիքի համար ապրելը, ազնիվ, նվիրված գործելը` յուրաքանչյուրն իր ոլորտում։ Ազգ-բանակ կոնցեպտն այլընտրանք չունի մեզ համար, հատկապես մեր ունեցած հարևանների պարագայում։

Մենք այսօր հասարակությանը ճիշտ կրթելու, ճիշտ դաստիրակելու խնդիր ունենք։ Ոչ թե դպրոցից, այլ մանկապարտեզից պետք է սկսել հայրենանվեր, ճիշտ ու բարեկիրթ քաղաքացի ստանալը։ Ուրեմն կրթական բարեփոխումներն ավելի քան անհրաժեշտ են և հրատապ։
Անգամ շատ կասկածելի «խաղաղության դարաշրջան» ստեղծելու պարագայում հզոր բանակ ունենալն առաջնահերթություն է մնում։ Ամենքս բանակը պիտի սիրենք, ինչպես ամենակարևորին։ Ամենանորագույն զենքերն անգամ անզոր են, եթե դրանք կիրառող չկա։ Ուրեմն ծառայությունը պետք է գրավիչ դարձնել ոչ միայն գաղափարախոսությամբ, այլ նաև պայմանների առումով։ Կիրթ ու նվիրյալ զինվորականն ամենանորագույն և հզոր «զենքն» է բոլոր ժամանակներում։ Նաև ժամանակի հերոս է մեզ պետք նոր սերնդին իր հետևից տանելու համար։
Ու նաև հարմարվողականությունը պիտի արմատախիլ անենք։ Չպիտի հաշտվել Արցախի կորստի հետ, չպիտի թողնել, որ ժամանակն այն սովորական դարձնի…

Վերջին անգամ Քարվաճառում եղա 2020-ի նոյեմբերի 25-ին` նրա հայկական լինելու վերջին օրը… մինչ այդ, պատերազմս հենց Քարվաճառում էի տվել…

Եղբորս հետ շրջեցի անտառում, քայլեցի Թաթառի երկայնքով, մտա Դադիվանք, աղոթեցի երկար, լռեցի երկար (որ Աստված մտքերս կարդա), լաց եղա երկար… հետո եկեղեցու կողքից հող վերցրի… որ արմատներս չչորանան…

Վերջին րոպեներն էին… այլևս այնտեղ մնալն անհնար էր… մի հայացք ձգեցի մայրամուտի ու գերության մեջ խրվող Քարվաճառիս և երդվեցի… ուխտեցի, որ վերադառնալու եմ… վերադառնալու եմ ու կառուցեմ իմ տունը հայոց դրախտավայր Քարվաճառում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհակալություն Ձեզ , Ձեր ապրումները փոխանցվեցին կարդալու, ուզում եմ ասել , որ երանի իմ աչքեր Ձեր աչքերի փոխարեն տեսներ առաջվա ջրառատ Թառթառը, Դադիվանքը և վերջին մի հայացքը այդ Սուրբ հողին ու քարերին , բայց չեմ կարող , դրանք անգին են յուրաքանչյուր Արցախը սիրող ու ապրումակցող մարդու համար ։ Փոխանցեք Ձեր սերը սերունդներին , դա անգին է։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728