Օր 1 (27.09.20)
Լաստիվեր եմ գնում, դժկամությամբ․ ճանապարհը վտանգավոր է, ես էլ տանից դուրս գալու միտք չունեմ։
Խումբը հավաքվեց, շարժվեցինք ու նույն պահին մասնակիցներից մեկին զանգեցին։ Իջավ։ Տխրեցի։ Սպա էր։ Կանչել էին։
Պատերազմ է։
Կարդացեք նաև
Թուրքերը նորից հարձակվել են Արցախի վրա… Դպրոցական դասագրքերի այս տառակույտը հիմա ինձ շատ մոտ է, կանգնել է կողքիս, գողացել մտքերս ու հետս Լաստիվեր է գալիս։
Վերադարձի ճանապարհին ռադիոյով լուրեր էինք լսում… Թեքվում եմ ու տեսնում, որ մեր աղմկոտ խմբի բոլոր անդամները լռել են ու ուշադիր հետևում են։
«Պետք է թույլ չտանք թշնամուն, պետք է համախմբվենք…»։ «Պետք է ճանաչել Արցախի անկախությունը»։
Փորձում եմ գուշակել, թե ընկերներիցս ում առաջինը կզանգեն։ Զգուշությամբ թերթում եմ իրենց հետ հարաբերությունները, որ պարզեմ՝ ում եմ ամենաշատը հիշելու հետո…
Տեսնես Վարդանը գիշերը կգնա՞։
Օր 2 (28.09.20)
Առավոտյան արթնացա(նք) ուրիշ իրականության մեջ… Ուրեմն մենակ չեմ։ Վարդանը գնաց։ Բոլորիս հանգստացրեց, որ չի գնա։ Ինչպե՜ս են կարողանում այդպես ճիշտ ստել…
Յոթ տարի առաջ բանակ գնաց, ու իրեն ամբողջ ընտանիքով ճանապարհեցինք։ Լացելու ցանկությունն այդ ժամանակ լուծվեց մեր միասնության մեջ։ Արցախ գնաց։ Երկու տարի։ Առաջնագիծ։ Ու 24 նամակ։
Իսկ այս անգամ ես մենակ էի։ Միասին գտանք համազգեստը, գրկեց ու գնաց։ Վարդա՞ն…
Օր 3 (29.09.20)
Մամայի հետ գնացինք եկեղեցի։ Պսակ էր։ Համեստ ու կոկիկ՝ պահի պահանջներին համապատասխան։ Ինչ-որ տագնապով լի, փխրուն խաղաղություն։
Օր 4 (30.09.20)
Որոշեցի միանալ կամավորներին։
Ճանապարհին քայլերս դանդաղեցրի մանկապարտեզի կողքով անցնելիս։ Տեսնես՝ իրենց հասցրե՞լ են արդեն պատմել պատերազմից։
Եկեղեցում ինձ ծանոթ դպիրներից մեկն այսօր ասում էր, որ պետք է ուրախությամբ աղոթենք։ Իսկ ինչպես, չասաց։ Ու հետո էլ, ոչ ոք չի ասելու։ Պատերազմի ավարտից հետո էլ։ Անգամ տարիներ հետո։
Oր 5 (01.10.20)
Ինձ համար աշունը հոկտեմբերին է գալիս։
Եվ եղանակն է փոխվում, և ներքին ընկալումները։
Այս տարին ծնունդիս ուզում էի Տաթևում լինել՝ բոլորից, ամեն ինչից հեռու… Բայց հիմա երազելու, առանձնանալու օրեր չեն։
Օր 6 (02.10.20)
Սովորություն է դարձել ոտքից գլուխ ցավ դարձած մարմինը մահճակալի մեջ ապարդյուն տեղավորելուց հետո վեր թռչելով աչքերը բացելը։
Եղանակն առավոտվանից լավը չէ։
Տեսնես անձրև կգա՞։
Ուժեղ մնա, մեզ հետ մնա, մերը մնա, զինվո՛ր։
Օր 7 (03.10.20)
Ոտքերս դողում են։
Ոչինչ մասին մտածել չեմ կարողանում։
Ասում են՝ այսօր վճռական է լինելու…
Արցախի նախագահն առաջնագծում է։
Մի կին շատ լավ էր նկարագրել իրեն՝ ամուր արմատներով հողի մեջ կանգնած հաստատուն ծառի է նման։
Օր 8 (04.10.20)
Պատարագի քարոզին Տեր Վահրամն ասում էր՝ Մեզանից շատերն են փորձում պատկերացնել, թե ինչ է հիմա կատարվում առաջնագծում։ Առաջնագիծը մեր առջևով է անցնում, մեր ընտանիքներում է, մեր առօրյայում…
Ինչպես Աստծուն ասեմ, որ չեմ ուզում։ Պատերազմ լինի, տղաները զոհվեն, իրենց ընտանիքները կործանվեն, իսկ մենք համբերենք, ամուր մնանք ու շարունակենք հավատալ կյանքին։ Հերոսանան։ Հետո իրենց մասին վեհ տողեր գրվեն… Տխուր սրտհովանք է։
Օր 9 (05.10.20)
Պատերազմը աշխարհի ամենաբարդ ինտելեկտուալ ու հոգևոր խնդիրն է։
Օր 10 (06.10.20)
Հիմա 2014.-ի հուլիս-օգոստոսն է․ թուրքերը նորից հարձակվել են։ Վարդանից լուր չունենք։ Ազատն ու Արարատը զոհվեցին, մենք էլ, մեզ բնորոշ պաթոսով դա կապեցինք Արարատի ենթադրյալ վերադարձի հետ։ Ո՛նց ենք կարողանում, ո՛նց․․․
Ուզում եմ, որ Աստված մեր սերն ու մեզ ընտրի։
Օր 11 (07.10.20)
Պապ, թուրքերի ծնողներն էլ են մեղք, զավակ են կորցնում։
«Եթե դու չսպանես, քեզ կսպանեն»։ Եթե Վարդանը չսպանի, իրեն կսպանե՞ն… Իրականությունը չփոխվեց։
Օր 12 (08.10.20)
Էն տղան, Ալբերտը․․․ Էն, որ քաղաքի բոլոր գովազդային պաստառներին է պատերազմից ի վեր։ Էն, որ հայրենիքի հանդեպ կատարյալ սիրո մարմնացում դարձավ…
Վարդան Պետրոսյանը գրել էր.
«Իմ քաջ արծվիկ, իմ հրե տղա, իմ հերոս բազե…
Որտեղի՞ց եկար ու ե՞րբ գնացիր, կրակի նման… կրակների մեջ…»:
Հիշում եմ ժպիտով աղոթելու մասին ու սիրտս ավելի անզոր է կծկվում…
Օր 13 (09.10.10)
Դավիթի նամակը կարդալուց հետո փորձում էի պատկերացնել մեր զինվորներին, հատկապես առաջնագծում կռվողներին։ Փորձում էի անուններ, մասնագիտություններ, դիմագծեր երևակայել, որպեսզի մի փոքր մոտենամ իրենց։ Ինչո՞ւ․․․ Ո՞ւր եք, տղաներ․․․
Օր 14 (10.10.20)
Հրադադար է; Ու թուրքերը շարունակում են սպանել, վերացնել երբևէ բանականություն ունենալու իմ աննշմար հույսերը։
Իսրայելում ու Թուրքիայում անտառներ են այրվում։ Տեսնես՝ իրենք մի օր կապ կգտնեն մեր թշնամիներին զենք վաճառելու ու պատերազմ հրահրելու մեջ։
Օր 15 (11.10.20)
Բոլորն ասում են, որ լավ կլինի։
Ուղեղիս մեջ մինչև հիմա մի երգի բառեր էին՝ «Нас бьют – мы летаем, от боли всё выше».
Օր 16 (12.10.20)
Գերճշգրիտ կրկնակի հարվածներից ավերված Ղազանչեցոցում մի թավջութակահար կռունկն էր նվագում։ Չգիտեի՝ որպես բողոքի ճիչ, հաղթանակի հավաստում, թե ողբ… Անտեսվածության, անտարբերության, մահվան։
Առաջնագծում մի խումբ տղաներ խարույկի շուրջ նստած երգում են․․․ Այնպես հանգիստ են նստել, այնպես խաղաղ… Ինչպես են կարողանում այդպես պատրաստակամորեն ընդունել կյանքը, իրենց բաժին հասած առաքելությամբ։ Ինչ մեծ ու ամուր սրտեր ունեն, ինչպես են կարողանում այդքան բան տեղավորել՝ հայրենիքի կյանք ու ճակատագիր, հազարավոր մարդկանց հոգսեր ու ժպիտներ, ընկերոջ կորուստ ու դառնություն։ Ինչպե՛ս։ Այդպես խաղաղ էլ զոհվում են, այդպես լուսե ու մաքուր։ Երգերը սրտերում…
«Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն վերքերը վիրավոր հողի,
Հուշում էին, որ դեռ պատերազմ էր գնում»։
Օր 17 (13.10.20)
Սիրտս ծակծկվում է բոլոր հարվածներից։ 500-ից ավելի զոհ ունենք… Իրենց խոցած գնդակները սրտիս մեջ են…
Օր 18 (14.10.20)
Աստծո հետ խոսում եմ։
Գիտեմ, որ լսում է։
Պատասխան չկա։
Օր 20 (16.10.20)
Մենք վերջանում ենք, պատերազմը՝ ոչ…
Օր 24 (20.10.20)
Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» գրքում Տեր Խորենն ասում էր «Եթե երկինքը լցվի Քրիստոսի համար նահատակվածներով, ով կաղոթի Քրիստոսին մեր ազգի փրկության համար…»։ Բայց աղոթեցինք, փրկվեցինք։ Ապրեցինք։ Հառնեցինք…
Մի կին երեկ ասում էր հաղթելու ենք, որովհետև Արցախը պատմականորեն, արդարացիորեն, աստվածորեն մերն է։
Օր 25 (21.10.20)
Տեսնես՝ Աստծուն տեսա՞ն…
Գրկեցի՞ն…
Խաղաղվեցի՞ն…
Օր 26 (22.10.20)
Տավուշում ունենք արծվի նման թևերը զինվորների վրա տարածած Բագրատ Սրբազան։ Տաթևում՝ աստվածապարգև Հայր Միքայել։
Դադիվանքում՝ իմաստուն Պարգև Սրբազան։
Աստված էլ մեր կողքին է։
Ինչպես երեկ, հիմա ու միշտ։
Օր 27 (23.10.20)
Մամ, այ մամ, ամեն ինչ լավա լինելու, մի գրամ անգամ չկասկածես։ Երկիրն էլ կխաղաղվի, մենք էլ։ Վարդանը կգա։
Տեսնես՝ աղոթքները հակակշռո՞ւմ են անեծքներին…
Օր 28 (24.10.20)
Աշխարհում չեմ տեսել ավելի մաքուր դեմք, քան ձերն է…
Ձեր դեմքին՝ հողի հատիկներով գրված է մեր ամեն օրվա խաղա՜ղ քունը, մանուկների օրորոցայինը, արևածա՛գը, մայրամու՛տը…
Փոշեհատիկներով է գրված մեր ապագան՝ հաղթանակը ձեր դեմքին։
Օր 29 (25.10.20)
Քանի-քանի օր է երկինքը փայլում է լույսերի մեջ..․
Օր 30 (26.10.20)
Տեր Մարկոսն անցած տարի ասում էր, որ Քրիստոսին Սբ ծննդյան օրը պիտի մեզ նվիրենք՝ մեր մաքուր սիրտը… Հիմա երևի մի ամբողջ հազարամյակ նվերների կարիք չլինի…
Օր 33 (29.10.20)
Նարեկ սարկավագը զոհվեց…
Օր 44 (09.11.20)
Վերջացավ… Արցախ չունենք։ Հանձնեցին, ծախեցին, դավաճանեցին, թե գրավվեց, արդեն կարևոր չէ։ Երբեք էլ չի լինելու…
Անուշ ԳԵՎՈՐԳՅԱՆ