Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Իզա Ասծատրյան

Փետրվար 27,2023 13:34

Արցախ 35. Պայքարը շարունակվում է

Հիշողությանս մեջ դեռ պարզ նշմարվում է այն մութ ու դատարկ փոխադրամիջոցը, որը մետաղե ջարդոն էր հիշեցնում և որն ինձ ավելի մոտեցրեց Արցախին: Լռելյայն ճանապարհն ասես խաղաղություն խորհրդանշեր, բայց ոչ, այն պարզապես տագնապած մենության պատկեր էր…

Արցախում վայելել եմ ամեն վայրկյանը, ինչպես թռչունն է վայելում իր չվանդակված կյանքը: Իսկ հետ գալուց ցավի զգացումս ավելի մեծ էր, չէի ցանկանում հայրենիքիս սահմանագծի որևէ սանտիմետրում ինձ օտար զգալ, չէի ցանկանում զգալ կորուստ ասվածը, պարզապես չէի ցանկանում…

Երբ հայացք հառեցի դեպի Շուշի՝ բացվող տեսարանն ասես ինձ ապտակ հասցներ և վերադարձներ իրականություն. գալով տուն, փորձեցի վերլուծել այն պատկերները, որոնք աննշան չանցան իմ աչքերի կողքով, որոնք ինձ սթափեցրին…

Հիացմունք, ոգևորություն և սքողված հպարտություն. սրանք Արցախյան առաջին պատերազմից հետո մեր ապրումակցված զգացողություներն են, որոնց մասին այնքան շատ եմ լսել, որ լիովին պատկերացնում եմ ամեն մի դրվագ, չնայած նրան, որ այդ ժամանակ դեռ չէի ծնվել:

Մեր երակներում հոսող արյունը մեզ հաճախ է հիշեցնում, որ մենք դեռ շատ անելիք ունենք այս հողում, որի վրա միշտ ամուր կանգնած ենք հայերս:

Ես և իմ սերունդը պարտական ենք բոլոր մարտնչողներին՝ այդ հաղթանակաշրջանի համար, որովհետև նրանք իրական հերոսների կերպարներ էին:

2020 թվականին, երբ պատերազմը սկսվեց, ընկերներս ծառայության մեջ էին, հիշում եմ իմ անչափ հպարտությունը, որ հենց սերնդակիցներս են պաշտպանում Հայրենիքը, դա նկարագրելու համար երևի դեռ բառեր չեն ստեղծվել: Ես ոչ մի վայրկյան չէի կասկածում նրանց քաջությանը, որովհետև նրանք պատանեկություն ասվածիս մի մասնիկն էին և ես նրանց ճանաչում էի այնչափ, որչափ և ինձ:

Տղաները դիրքերում էին, մենք՝ թիկունքում, և չնայած նրան, որ մեր տեղն ավելի անվտանգ էր, և որ քաղցի զգացումը մեզ ոչ մի վայրկյան չէր մտահոգում, այնուամենայնիվ, նրանք ավելի շատ էին մեզ ոգևորում և երբեք չհանձնվելու կոչեր անում:

Ծանր շրջանի էպիկենտրոնում հենց ես ու սերնդակիցներս էինք, սակայն, մենք չհանձնվեցինք, հաղթահարեցինք այդ փուլն ու առաջ շարժվեցինք՝ բոլոր կիսատ մնացած կյանքների փոխարեն ապրել փորձելու և երկիրը հզորացնելու վճռորոշ գործին անմասն չմնալուն: Մեր հաղթանակը փաստում է միայն այն, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու և առաջ ենք շարժվելու: Այժմ մենք պետք է ավելի միասնական լինենք և այս փուլը նույնպես հաղթահարենք՝ հանուն գալիք սերունդների:

Վիրավոր հայրենիքի ապաքինման գործում յուրաքանչյուրիս ներդրումը մեծ է, և որ ամենակարևորն է, չկան սահմանված ժամկետներ. Հայրենիքն այն հասկացողությունն է, որ յուրաքանչյուրիս պետք է սթափեցնի և առաջ մղի մեր հետագա աշխատանքներում:
Մի ակնթարթ հայացք գցեցի այն սպիտակ ամենագնացին, որով Արցախ էի գնացել և չկարողացա պատկերացնել, որ այժմ այն այլևս իր անիվները չի մաշում Գորիս-Ստեփանակերտ-Գորիս լեռնային, ամայի և սին ճանապարհին…

Հայրենիքը մեր անկողոպտելի հարստությունն է, անկախ նրա մակերեսից… Պայքարը շարունակվում է:

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728