Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Արփինե Սարգսյան

Փետրվար 27,2023 10:08

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Մենք Շուշին տուն կբերենք։

Արցախը, Սյունիքն ու Նախիջեւանը դարավոր մեր հայրենիքի (երբեմնի հզոր հայրենիքի մասերն են, ինչ-որ գրքում կարդացել եմ անգամ Սյունյաց Արցախ, Սյունյաց Նախիջեւան տերմինները, ուղղակի հիմա չեմ կարող մտաբերել, թե որ գրքում էր դա)։ Մենք՝ որպես ազգ, առանց այդ հիմնաքարերի գոյատեւել չենք կարող, ու դժվար չէ պատկերացնել, թե ինչո՞ւ եւ ի՞նչ գնով են մեր նախնիները պահել այս մարզերը, անգամ եթե անկախություն չենք ունեցել։ Ու իզուր չէ, որ այս մարզերի մելիքություններին թե՛ օտարերկրյա իշխանները, եւ թե՛ տեղի՝ Հայկական թագավորության թագավորները չեն կարողացել կամ շատ դժվարությամբ են ենթարկեցրել իրենց տիրապետությանը։

Նախաբանից հետեւում է, որ անգամ այսօր, երբ «արնաքամ» է Արցախը, կորցրած իր տարածքի մոտ 10.000 քառ. կմ, ավելի քան 65 օր փակված «կյանքի ուղիով»՝ ՀՀ-ի իրական սահմանի միակ ճանապարհով անգամ, էլի պայքարում ու պայքարելու է հանուն իր եւ ՀՀ անկախության։

Ներկայացնեմ փոքրիկ դրվագ իմ կյանքից, որով կկիսվեմ ձեզ հետ Արցախ այցից, համոզված եմ՝ շատ-շատերը կտեսնեն հենց իրենց առաջին այցը Արցախ, իմ աչքերով…

2018 թվականն էր, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ։ Առաջին տպավորությունս եղավ այն, որ ՀՀ տարածքը 29,800 քառ. կմ է, Արցախինը՝ 12.000, ոնց է փոքրիկ ՀՀ-ն ապահովում Արցախի Հանրապետության (այսուհետ կանվանենք ԱՀ) անվտանգությունը (դեռ հետո պետք է իմ համար պարզ լիներ, որ իրականում հակառակն է՝ Արցախն է պահում ՀՀ անվտանգությունը)։ Ինչեւէ, առաջին անգամ այցելեցի Արցախ. տպավորություններս աննկարագրելի էին։ Ես ՀՀ բոլոր մարզերով էլ միշտ ճամփորդել եմ. հրաշք է Լոռին իր բնությամբ, Տավուշը, Սյունիքը՝ Տաթեւով, Խուստուփով, Շիրակս՝ արհեստների ու արվեստների բնօրրանով, բայց Շուշին այլ էր, կարծես թե երկար ժամանակ մայր հողի աննկարագրելի մասնիկ, որը կարոտել ենք, բայց չենք կարողացել այցելել։ Տպավորություն էր, որ մայր էր, որ իր մոտ էր կանչում։ Երդվեցի ամեն տարի այցելել Շուշի եւ 2020թ.-ին եւս պլանավորում էի գնալ Շուշի, քայլել այս հրաշք քաղաքի կոլորիտային փողոցներով, հանդիպել Ղազանչեցոց եկեղեցու մոտ ժենգալով հաց պատրաստող մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք նրանցից մեկին՝ որն ամենածերն էր՝ սպիտակահեր տատիկը, որը մեզ գերեց, իր խոսք ու երգով, որ սնում էր խմորը, ու հարցիս, թե՝ տատի, արդյոք դուք մենախոսությա՞մբ եք զբաղվում, պատասխան հնչեց՝ իհարկե՝ ոչ, ես խոսքով եմ սնում խմորը, իմ դրական էներգիայով, իմ երգով, որպեսզի այդ էներգիան փոխանցվի ձեզ, որդիս։ Այդ խոսքերի մեջ այնքա՜ն հոգատարություն, ջերմություն ու սեր կար։ Որոշեցի, որ ամեն անգամ Արցախ այցելելիս պետք է այցելեմ տատիին, նրա պատրաստած եւ էներգիայով լեցուն ժենգյալով հացն ու Ղազանչեցոց հրաշք եկեղեցին վայելեմ։ Եկեղեցին գերել էր իր հրաշք սպիտակությամբ, հրեշտակներով ու ներսի յուրահատուկ հանգստությամբ, ինչպես ընկերներս հետագայում ասացին՝ Շուշվա գեղեցկուհին։ Նկարագրվածին գումարում ենք անզուգական լեռնային բնությունը, եւ Շուշիի թանգարանը, որը կարծես պատմում էր հայոց դարավոր պատմության մասին ու «մինչ այդ իմ չտեսած հայրենիքի» մասին։

2020թ.-ից սկսած վերհիշում եմ դեպի Արցախ եւ Շուշի այցերս, կարոտում, սիրում ամեն թուփը, քարն ու անտառը։ Հիմա էլ նպատակս է հասկանալ, թե ինչ պետք է անեմ ես եւ ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի։

Առաջին հարցի պատասխանը, ի՞նչ պետք է անեմ ես։

Պետք է լինեմ արժանի քույր, զավակ, թոռ մեր հերոս զինվորների, հայրերի եւ պապերի, որոնք կյանք ու արյուն չեն խնայել հանուն բոլորիս  միասնականության ու մեր մի բուռ հողի ազատագրման։ Դրա համար անում եմ ամենօրյա աշխատանքներս է՛լ ավելի լավ, քան պետք է լինի, փորձում եմ լինել ավելի լավ Արփինե Սարգսյան վաղը, քան այսօր եմ ու իմ ներդրումն ունենալ որպես մարդ-քաղաքացի վաղվա Արցախյան ազատագրման պայքարում։

Հիմա 2-րդ հարցին՝ թե ի՞նչ պետք է անի մեր սերունդը։

Նվազագույնը՝ փորձի ներառվել բոլոր ազատագրական նախաձեռնություններին՝ «Հայոց հզոր բանակ» ծրագրին, «ՈՄԱ», ՊՈԳԱ եւ այլ ռազմահայրենասիրական կազմակերպությունների միջոցով փորձել ազգ-բանակ տարբերակով առաջնորդվել՝ ինչպես ասում է մեր ընկերներից մեկը՝ մեկ ձեռքով կռվել-մեկ ձեռքով կրթվել։

Սա պետք է լինի մեր սերնդի յուրաքանչյուրի կյանքի ուղին, քանի դեռ մեր հարեւանները ակնկալիքներ ունեն մեզնից՝ տարածքային եւ ֆինանսատնտեսական։ Իսկ երբ արդեն այս ծրագրերը կդառնան պետական կամ կդրվեն պետական քաղաքականության մեջ ու ռազմական հավասարակշռությունը կվերականգնվի տարածաշրջանում, փորձել արդեն հստակ բարեկամներ գտնել, մեր ընդհանուր թշնամի ունեցող երկրների շարքերում։ Ամենանվիրականը, որ կարող է լինել՝ մեր հայկական սփյուռքի շատ չէ՝ 10-15-ի վերաբնակեցում Սյունիքում, իսկ Շուշին տուն բերելուց հետո արդեն Արցախը եւ Նախիջեւանը վերաբնակեցնելու գաղափարը։ Այդժամ մենք իրոք կկատարենք մեր պապերի նվիրական երազանքը եւ հայը կապրի անվախ իր հողի վրա ու չի ցանկանա գաղթել այլ երկրներ, որքան էլ քաղցր լինեն արտերկրի «խոստումները»։

Շուշին տուն բերելու գաղափարը պատկերացնում եմ, ոչ միայն պատերազմով, այլեւ խիստ ընդգծված ճիշտ դիվանագիտությամբ ու ճնշումներով, իսկ մենք որպես կուռ եւ միասնական հասարակություն կկարողանանք մեր «Շուշին տուն բերել»։

Առհասարակ, ասում են մեր փրկությունը մեր միասնականության մեջ է, իսկ ես կասեմ մեր միակ փրկությունը մեր բոլոր մարզերի միասնականության մեջ է (Արցախի Հանրապետություն- Հայաստանի Հանրապետություն)։ Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ մենք միահամուռ ուժերով մեր երիտասարդությամբ կհասնենք նրան, որ ի վերջո Շուշին տուն կբերենք ու կրկին կտեսնենք Շուշիի փողոցները, ժենգյալով հաց պատրաստող տատիկին եւ իմ երազ Ղազանչեցոցը։

Արփինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728