Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Սիսիանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները․ «Հանուն Հանրապետության» Նախշուն Յազուլյանը եւս դարձել է կառավարող ուժի անդամ

Փետրվար 26,2023 20:02

Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդգրկված է 63 թեկնածու, որոնցից 61-ը կառավարող ուժի անդամ են, իսկ երկուսը՝ անկուսակցական։

2022թ.-ի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում ներկայացրած ընտրացուցակից «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը չնայած էապես չի տարբերվում, բայց կան նոր անուններ։ Այսպես, ցուցակի առաջին եռյակը նույնն է մնացել։ Այն գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական, 41-ամյա Արմեն Հակոբջանյանը։

 

Արմեն Հակոբջանյան

Նրան հաջորդում են ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական Արմենակ Միրզախանյանն ու Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն, ՔՊ-ական Անիկ Գրիգորյանը։

Անիկ Գրիգորյան

4-րդ հորիզոնականի թեկնածուն նույնպես անփոփոխ է մնացել՝ Սիսիանի փոխհամայնքապետ Կարեն Հովհաննիսյան։

Կարեն Հովհաննիսյան

Ցուցակի երկրորդ անկուսակցական թեկնածուն՝  Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Աղաջանյանն է, որը կառավարող ուժի ընտրացուցակի 5-րդ հորիզոնականում է։ Համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլով՝ Գորայք համայնքն  անցած տարի միացավ Սիսիան համայնքին։  Նախորդ ընտրացուցակում՝ 5-րդ համարի ներքո «Ջերմուկ Ինթերնեշնլ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ» շուկայի զարգացման պատասխանատու Հովսեփ Առաքելյանն այս անգամ 7-րդ հորիզոնականում է։ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Գեւորգյանն այս անգամ ցուցակի 15-րդ հորիզոնականում է՝ նախորդ 12-րդ հորիզոնականի փոխարեն։

Աշոտ Աղաջանյան

Իսկ դպրոցի տնօրենը 12-րդ հորիզոնականը զիջել է թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նախշուն Յազուլյանին։ Վերջինիս անունը հայտնի դարձավ 2022թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստում, երբ նա խառնեց բոլոր խաղաթղթերը՝ քվեարկելով ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի օգտին, ու վերջինս ընտրվեց համայնքի ղեկավար։

Նախշուն Յազուլյան

Այդ ժամանակ Նախշուն Յազուլյանը մանդատ էր ստացել Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունից։ Տիկին Յազուլյանը նախորդ ընտրություններում «Հանուն Հանրապետության» ընտրացուցակի 3-րդ հորիզոնականում էր։ Եվս մեկ հետաքրքիր փաստ․ 2022թ-ի հոկտեմբերին Նախշուն Յազուլյանը «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ էր, իսկ հիմա պարզվում է՝ անդամակցում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ի դեպ, «Հանուն Հանրապետության» ցուցակում Նախշուն Յազուլյանի աշխատավայրը նշված էր Սիսիանի ավագ դպրոց, այս անգամ՝ թիվ 3 դպրոցի ուսուցչուհի։

Տիգրան Համբարձումյան

Կառավարող ուժի ընտրացուցակում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը։  Վերջինս «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրենն է եւ ցուցակի 14-րդ հորիզոնականում է։ Բացի Սիսիանի թիվ 1 դպրոցի տնօրենից, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում են նաեւ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի, Անգեղակոթի, Սպանդարյանի, Նորավանի, Բնունիսի, Ույծի, Աղիտուի, Բռնակոթի, Ախլաթյանի դպրոցների տնօրենները։

Ցուցակի 61-րդ հորիզոնականում Սիսիանի մյուս փոխհամայնքապետն է՝ Գարիկ Հակոբյանը, որը նախորդ անգամ 32-րդ հորիզոնականում էր։

Բացի «Քաղաքացիական պայմանագրից», Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Այդ կուսակցությունների ընտրացուցակներին  կանդրադառնանք առաջիկայում։

Տիգրան Համբարձումյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728