Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը միմյանց դեմ հանում է երկու հզորագույն ուժերի՝ Արեւմուտքին եւ Ռուսաստանին. «Հայացք Երևանից»

Փետրվար 26,2023 17:16

«Հայացք Երևանից» – Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովի շրջանակում եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ անդրադարձ եղավ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման-սահմազատման իրականացմանը՝ համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

Ամենահատկանշական երանգը, որ պարզ նկատելի էր մյունխենյան ներկա գործընթացի համատեքստում, հակառուսական եւ հակաիրանական ուղղվածությունն էր՝ Ռուսաստանի դեմ անթաքույց ատելությամբ, Իրանի նկատմամբ՝ մի փոքր ավելի մեղմ «կսմիթով»: ՌԴ-ն համաժողովում հնչած շատ ելույթների քննադատության հիմնական թիրախն էր՝ սկսած ՆԱՏՕ-ի ղեկավարի նախատինքից, վերջացրած Ֆրանսիայի նախագահի կոշտ բնորոշմամբ: Էմանուել Մակրոնը, ի մասնավորի, կարեւորեց ակտիվ ներգրավվածությունը Ուկրաինային զենք-զինամթերք մատակարարելու գործում: «Մեր խնդիրն է՝ բացատրել, հասկացնել, որ Ռուսաստանը անկայունություն եւ քաոս տարածող ուժ է»,- նշեց Ֆրանսիայի նախագահը:

Իրանի հանդեպ հասցեական քննադատություն գրեթե չեղավ: Իրանը կարելի է էներգետիկ գերտերություն համարել, եւ դրանով էր, թերեւս, պայմանավորված Արեւմուտքի որոշակի զգուշավորությունը՝ չնայած ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած պատժամիջոցները նույնական են թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի պարագայում: Բնականաբար՝ այդ երկու պետությունների ներկայացուցիչները բացակայում էին, հնարավոր է՝ չէին էլ հրավիրվել: Չհաշված օրակարգի՝ Հարավային Կովկասին եւ, գլխավորապես, հայ-ադրբեջանական թեմային վերաբերող հատվածը, որը մեր քննության առանցքային նյութն է, այսպիսին էր մյունխենյան համաժողովի ընդհանուր խորապատկերը:

Հիմա փորձենք հակիրճ նկարագրել, թե ինչ կարեւոր իրադարձություններ էին Երեւանում ծավալվել Մյունխենից առաջ: Անվտանգության համաժողով մեկնելուց օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հարյուր հոգուց բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը շուտով կժամանի Երեւան՝ դիտարկելու Ադրբեջանի սահմանի մոտ, իբր, կուտակված հայ-ռուսական համատեղ զինուժի զորաշարժը: Երկրի առաջին դեմքի շուրթերով արտաբերված տարօրինակ հայտարարությունը մեծ աղմուկ էր հանել այդ օրերին: «ԵՄ առաքելությանը վերագրել ռուսական զորքի շարժերն արձանագրելու գործառույթ՝ աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հետաքրքիր է՝ աշխարհում կգտնվի՞ մեկ ուրիշ պետություն, որի ղեկավարն իր տարածքը պատերազմ բերի՝ անմտորեն կամ գիտակցաբար: Երկու դեպքում էլ նման ղեկավարին պետք է ցույց տալ իր տեղը: Փաշինյանը միմյանց դեմ հանում է երկու հզորագույն ուժերի՝ Արեւմուտքին եւ Ռուսաստանին: Ընդ որում՝ որպես առճակատման թատերաբեմ, տրամադրելով սեփական երկրի տարածքը: Այդ ուժերից մեկը՝ ՌԴ-ն, մեր ռազմավարական դաշնակիցն է եւ լավ թե վատ՝ ՀՀ-ի ու հայապատկան ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը: Մյուսը՝ հավաքական Արեւմուտքը, Հայաստանին ուղղակի օգտագործում է իր շահերի համար, այսինքն՝ խաղում է նրանով, ինչպես՝ Ուկրաինայով: Հայաստանը՝ փոխանակ սթափվելու, սրում է իրավիճակը, խաղաղության սին քարոզով երկիրը տանելով ռազմական նոր բախումների:

Եվրոպացի դիտորդների հրավիրմանը բավական կոշտ էին արձագանքել ՌԴ-ն եւ Իրանը: Իշխանությունները՝ խեղաթյուրելով ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը, կեղծ լուրեր են տարածել, թե Իրանը դեմ չէ Հայաստանում եվրոպացի դիտորդների տեղակայմանը: Բայց մախաթը պարկում չես թաքցնի, շատ չանցած՝ սուտը «ջրի երես» ելավ: ՌԴ-ի պատասխանը եւս չուշացավ, այն էլ՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի մակարդակով. «Նա, ով նման հարցերում մեծ հույսեր է կապում եվրոպական կառույցների հետ, կարող է իր երկիրը կորցնել, իսկ նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, պետք է հեռու մնան այդ քաղաքականությունից»,- անձամբ Փաշինյանին ու նրա «ուսապարկերին» զգուշացրել է Վոլոդինը։

Մյունխեն մեկնելու օրը՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը զգայացունց եւս մեկ լուր նետեց հրապարակ՝ ժողովրդին էլի որոշ ժամանակ զբաղեցնելու կամ, ինչպես ասում են, «կուտ տալու» համար: Նա հայտարարեց. ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներն ու առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը, ըստ նրա, պետք է պարունակի այնպիսի տրամաբանություն, հակակշիռների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման որեւէ սցենար։ «Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հնարավոր է, այլ հակառակն, իսկապես նշանակի տեւական խաղաղություն»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա վստահ չէ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կբացառի նոր պատերազմի հավանականությունը: Եվ, այդուհանդերձ, նման պայմանագիր ունենալը, նրա խոսքով, Կառավարության եւ իր հանձնառությունն է, ուստի «պատրաստ է վերցնել ու կրել այդպիսի պատասխանատվություն»: Հնարավոր համարել, որ խաղաղ դաշն կնքելուց մի քանի օր անց կարող է նոր պատերազմ ծագել, բայց, այնուամենայնիվ, գնալ նման գործընթացի՝ բացարձակապես անհասկանալի է: Զրո տրամաբանություն: Հայտարարության տեքստում եւս մեկ բազմախոսուն ընդգծում կա՝ խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար:

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է 44-օրյա պատերազմից առաջ նրա արտահայտած նմանատիպ միտքը, թե արցախա-ադրբեջանական հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի համար, Արցախի համար եւ Ադրբեջանի համար: Վերջում, ինչպես պարզվեց, այն ընդունելի եղավ միայն Ադրբեջանի համար: Ժամանակն աննկատ անցնում է, իրավիճակներ ու մոտեցումներ են փոխվում, սակայն Փաշինյանի կերպարում, էության ու մտածողության մեջ ոչինչ չի փոխվում: Խնդրո առարկա պայմանագրի ստորագրմանը դարձյալ նույն վերջաբանն է սպասում՝ հայոց տառապանքը փորձ ունի. ՀՀ-ն ներկայացնող անձի յուրաքանչյուր բառ կամ արտահայտություն կոդավորված աշխատում է հօգուտ թշնամիների: Անգամ՝ նրա լռությունը:

Բացառություն չէին նաեւ մյունխենյան բանակցությունները: «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով ծավալված պանելային քննարկումը լավ առիթ էր՝ արծարծելու մի շարք կարեւոր հարցեր եւ պնդելու ստորագրվելիք փաստաթղթում դրանց ներառումը, ինչպես վարվեց Ադրբեջանի նախագահը: Ի՞նչ էր Իլհամ Ալիեւի պահանջածը. ա/ բացառել խաղաղության պայմանագրում «Լեռնային Ղարաբաղ» եզրի հիշատակումը, բ/ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերին եւ Լաչինի ու Հայաստանի միջեւ տեղադրել հսկիչ անցակետեր, գ/ Ղարաբաղից վռնդել «Ռուսաստանից ներդրված անձին»՝ Ռուբեն Վարդանյանին, եւ ինքը պատրաստ կլինի բանակցել Արցախի «հայ համայնքի» ներկայացուցիչների հետ: Ու էլի նման ուրիշ պահանջներ:

Փաշինյանն՝ ի պատասխան, բազմանշանակ լռում էր կամ իր կցկտուր, թերատ անգլերենով թույլ «դիմադրություն» էր ցույց տալիս: Ալիեւի պահանջները, որոնց նա կարողանում էր խորամանկորեն «միջազգային նորմերի», «եվրոպական կոնվենցիաների» աստառ հագցնել, իրականում շատ վտանգավոր մարտահրավերներ են: Արցախ մուտքի-ելքի ճանապարհի Բերձորի հատվածում հսկիչ անցակետի տեղադրման հեռահար նպատակը, կարծում եմ, հասկանալի է. անցող-դարձող հայ տղամարդկանց, նշանավոր ռազմաքաղաքական, գործիչներին, Իլհամին դուր չեկող երեւելի անձանց շինծու մեղադրանքներ առաջադրելով՝ ձերբակալել, տանել-լցնել Բաքվի բանտերը, ինչը Արցախը հայաթափելու գործուն միջոցներից մեկն է:

Լիներ Փաշինյանը կարգին, հայրենասեր ղեկավար՝ Արցախի պետնախարարին կառներ իր հովանու տակ, այլ ոչ թե, ի կատարումն Ալիեւի կարգադրության, Արայիկ Հարությունյանին կդրդեր՝ ազատել նրան պաշտոնից, ինչը եւ արվեց փետրվարի 23-ին: ԼՂՀ եկած օրվանից՝ Ալիեւը քարկոծում է Վարդանյանին, որովհետեւ վախենում է նրանից: Համարձակ, պետական մտածողությամբ օժտված այր լիներ Փաշինյանը՝ Ալիեւի պորտը տեղը կդներ, հակադարձելով նրա անօրինական, լպիրշ պահանջին: Հասկանալ կտար Բաքվի բռնապետին, որ Վարդանյանի պաշտոնավարման հարցը Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ առանց հաշվի առնելու որեւէ մեկի ճաշակը կամ ցանկությունը՝ առավել եւս Իլհամ Ալիեւ անունով պատերազմական հանցագործի:

Եվ վերջապես՝ կարգին, խելքը գլխին վարչապետ ունենար Հայաստանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում կբարձրացներ հայկական զույգ պետություններին եւ ժողովուրդներին կենսականորեն հուզող հարցերը՝ ՀՀ բռնազավթված տարածքներից թշնամական զորքերի անհապաղ դուրսբերում ու բոլոր գերեվարված անձանց տունդարձի կազմակերպում, միջազգայնորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմանների ապահովում, Բերձորի միջանցքի շրջափակման շուտափույթ վերացում ու միջանցքով անխափան երթեւեկության հստակ երաշխիքների տրամադրում՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ դրան հարակից մյուս փաստաթղթերով նախատեսված կարգավորումների:

Փաշինյանը Մյունխենից վերադարձավ պարտված ու դատարկաձեռն, սակայն սեփական ձախողումները չգիտակցողի ճմրթված հպարտությամբ: Ինչ էլ որ պատահի՝ ինքն իրեն երբեք պարտված չի ճանաչի: 44-օրյա պատերազմի առաջին օրերին ԱԺ ամբիոնից նույնը խորհուրդ տվեց «իրքայլականներին», ինչի տրամաբանական ավարտն այսօր արդեն ակներեւ է: Պարտության խորհրդով երկիր կառավարող իշխանությունից այլ բան չէր էլ կարելի ակնկալել:

 

Գեւորգ ԲՐՈՒՏՈՒՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728