Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հայերի մարմինները գիշերով տեղափոխել, լցրել փոսը․ դրվագներ սումգայիթյան փաստագրությունից

Փետրվար 26,2023 16:52

1988թ․-ի փետրվարին Խորհրդային Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված՝ Սումգայիթի հայերի ցեղասպանության եւ բռնի տեղահանության տարելիցի առիթով այսօր ադրբեջանական եղեռնագործությունից փրկվածները Ծիծեռնակաբերդի բարձունքում էին՝ ծաղիկներ խոնարհելու ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։

«Ադրբեջանը Սումգայիթի, Բաքվի, Գանձակի դեպքերն ամեն ձեւով կոծկել է՝ փոխարենը դեմ տալով Խոջալուի դեպքերը։ Հայկական կողմը ոչինչ չի արել՝ սա բարձրաձայնելու համար, մինչդեռ Սումգայիթում եղել են 1915թ․-ի դեպքերը։ Ի դեպ, 2020թ․ պատերազմի օրերին ՌԴ նախագահը երեք անգամ հիշատակեց Սումգայիթի դեպքերը՝ ոչ թե նրա համար, որ ցավ էր ապրում, այլ որովհետեւ հայկական հարցը թանկ գնով ուզում էր վաճառել Ալիեւին եւ Էրդողանին։ Նա ասաց, որ հայերը դաժան պատմություն են ունեցել 1915թ-ին, հետո հայերին վատ են վերաբերվել Սումգայիթում, հետո՝ ԼՂ-ում, նրանք էլ զենք են վերցրել։ Հետո հավելեց՝ ստացվել է այն, որ ԼՂ ժողովուրդը հայտարարել է ինքնորոշման մասին։ Սա նշանակում է, որ շատ լավ էլ գիտեն, թե Սումգայիթում քանի հայ են կոտորել եւ թե Ադրբեջանում ատելությամբ լցված ինչ սերունդ է մեծացել, գիտակցում են, որ սումգայիթները կարող են լինել առջեւում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հայկական համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։

Նրա բնորոշմամբ՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանությունից հետո Սումգայիթն ահազանգ է ողջ հայությանը, որ նման ոճրագործությունները կարող են կրկնվել Կապանում, Երեւանում, Երեւանում։

Մարիամ Ավագյանը  պատմեց, որ փորձագիտական հետազոտության ժամանակ վեր է հանել դեպքեր, որ Սումգայիթից բռնազավթվածներին ՀՀ-ն մինչեւ օրս փախստականի կարգավիճակ չի տվել։ Ուսումնասիրություններից մեկի ժամանակ ջարդերից փրկված տիկնոջից հետեւյալն է լսել․ «Իրենց հարեւաններից մի ադրբեջանցի, որին հայ ընտանիքը ժամանակին հաց ու ջրով օգնել էր, իսկ ադրբեջանցին հետո դարձել էր Սումգայիթի քաղաքապետարանի պաշտոնյա, ասել է, որ այսօր երեկոյան ձեր ազգակիցներին տանելու են թաղեն։ Եվ կոնկրետ փողոցի անունն է տվել։ Գիշերը տիկինն ու ամուսինը պատուհանից ժամ ու կես շարունակ տեսնում են, թե ինչպես են 20-30 զինվորական «Զիլ» մեքենաներով տանում հայերի դիերը։ Տարել են մի տեղանքում փորված փոսը լցրել։ Մարինա Գրիգորյանի «Սովորական ցեղասպանություն» ֆիլմում հայ բժշկուհին ասել է, որ բահերով մարմինները լցրել են փոսը։ Տարրական հաշվարկով՝ առնվազն 1,5 հազար դիակ է եղել։ Եթե գումարենք Սամվել Շահմուրադյանի եւ Աշոտ Բաղդասարյանի թվերը, ապա մինչեւ երեք հազար հայ է մորթվել փետրվարի 26-28-ը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728