Հայկական շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել է Դյուսելդորֆում անցկացված WR Chess Masters մրցաշարում։ Եզրափակիչ տուրից հետո երեք գրոսմայստերներ՝ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը, հնդիկ Դոմմարաժու Գուկեշը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, 5,5-ական միավորով բաժանել էին առաջին տեղը:
Կանոնակարգի համաձայն անցկացվել է թայ-բրեյք։ Լեւոն Արոնյանը այստեղ էլ գերազանց է հանդես եկել՝ պարտության մատնելով երկու մրցակիցներին էլ եւ միանձնյա զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Այս հաղթանակի համար Լեւոն Արոնյանը կստանա 40 հազար եվրո։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ