1988թ․-ի փետրվարին Խորհրդային Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված՝ Սումգայիթի հայերի ցեղասպանության եւ բռնի տեղահանության տարելիցի առիթով այսօր ադրբեջանական եղեռնագործությունից փրկվածները Ծիծեռնակաբերդի բարձունքում էին՝ ծաղիկներ խոնարհելու ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
«Հանուն Հադրութի» հ/կ ղեկավար Լեւոն Հայրյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատում է՝ այստեղ քաղաքացիներից բացի նաեւ պաշտոնյաներ պետք է լինեին, բայց հերթական անգամ տարելիցի հանդեպ պետական ուշադրություն եւ վերաբերմունք չկա։ «1988թ․-ի փետրվարյան շարժումը ես համարում եմ մեր նորօրյա պատմության սկիզբը, եւ Սումգայիթն առաջին եղեռնագործությունն էր հայության հանդեպ։ Հայության ազատատենչ գործողություններին հակազդելու Մոսկվայի գործիքն Ադրբեջանի միջոցով մեզ պատժելն էր»,-համոզմունք հայտնեց Լեւոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ սովետական քարոզչամեքենան լծված էր դեպքերը կոծկելուն․ «Սումգայիթի վերաբերյալ հստակ գնահատական չտալը հետագայում բերեց Բաքվի ջարդերին։ Մեր օրերում դա բերեց նրան, որ բռնապետական Ադրբեջանը 2020թ․-ին հարձակվեց Արցախի վրա եւ ջարդեց։ Ես այստեղ նույնպես ռուսական հետքն եմ տեսնում։ Ուզում եմ ասել, որ Հադրութը վերջը չի, շարունակություն է լինելու, որովհետեւ այսօրվա իշխանությունն իր ազգի շահերը պաշտպանելու ցանկություն չունի։ Բոլոր հայերին եմ ասում՝ նայեք հադրութցիների վիճակը եւ տեսեք ձեր ապագան։ Իշխանությունը մեր շահերը չի պաշտպանում։ Իրենց թվում է, թե հակառակորդն ինչ-որ տեղ կանգ է առնելու։ Սուտ է։ Չի լինելու նման բան»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ եթե իշխանությունը պատրաստ չէ կամ չի ուզում հայության շահերը պաշտպանել, պետք է հրաժարական տա, եւ պետք չէ իրավիճակն արդարացնել թույլ կամ փոքր պետություն լինելով։
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ