Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Գասպարիչի հին «Մոսկվիչ»-ը (պատմվածք)

Փետրվար 26,2023 12:15

Փայլակը նոր էր ավարտել Պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և նրան գործուղել էին Էլեկտրամեքենաշինական գործարանում աշխատելու և նա ուղեգիրը ձեռքին մտավ այդ գործարանի Կադրերի բաժնի վարիչ Վերանյանի աշխատասենյակ ու նրան պարզեց իր ձեռքում բռնած ուղեգիրը:

-Գնա ցեխեր ու բաժիններ ման արի, հետաքրքրվիր, կա արդյո՞ք քո մասնագիտությանը համապատասխան ազատ աշխատատեղ, արի ինձ ասա, ես էլ կփորձեմ քեզ տեղավորել,-ասաց կադրերի բաժնի վարիչը անտարբեր տոնով և Փայլակին հանձնեց իրեն տված ուղեգիրը:

Փայլակը կոտրված սրտով այդպիսի սառը և անտարբեր վերաբերմունքից, երիտասարդ ճարտարագետի նկատմամբ, հրաժեշտ տվեց բաժնի վարիչին և դուրս եկավ գործարանի ընդարձակ ճեմուղի, ապա մտազբաղ քայլեց դեպի ներքև::

Երկար դեգերելով հսկա գործարանի լայնարձակ  տարածքով, այցելելով տարբեր ցեխերի ու բաժինների ղեկավար կազմերին ու չգտնելով ոչ մի իրեն հարմար ազատ աշխատատեղ, նորից դուրս եկավ գործարանի լայնարձակ ճեմուղի և սկսեց հանդարտ քայլերով առաջ ընթանալ

Հանկարծ նրա դիմաց հայտնվեց իրենց համալսարանի մի այլ խմբի շրջանավարտներից մեկը, որին ընկեր (այն ժամանակ պարոն չէին ասում) Վերանյանը նույն հանձնարարությունն էր տվել:

Ջերմ ողջագուրվելուց հետո նրանք սկսեցին զրուցելով առաջ շարժվել: Փայլակից տեղեկանալով, որ նույն հարցով է թափառում այս գործարանի հսկա տարածքում, ընկերը նրան առաջարկեց անմիջապես գնալ Տեխնիկայի Անվտանգության  բաժին, որտեղ իրեն գործ էին առաջարկել, բայց ինքը հրաժարվել էր:

-Գուցե քեզ դուր կգա այդ աշխատանքը, բաժնի վարիչն էլ լավ մարդ էր երևում,-ավելացրեց ընկերը:

Շուտով նրանք հրաժեշտ տվեցին իրար և Փայլակը քայլերն ուղղեց դեպի Տեխնիկայի Անվտանգության բաժին, որը գտնվում էր գործարանի բազմաթիվ մասնաշենքերից մեկի երկրորդ հարկում:

Գտնելով համապատասխան աշխատասենյակը,  Փայլակը քաղաքավարի ծեծեց դուռը և լսելով ներսից հրավիրող տղամարդու ձայնը, բացեց աշխատասենյակի դուռը և թույլտվություն ստանալով, ներս մտավ:

Լայնարձակ աշխատասենյակում հարմարավետ սեղանների շուրջ նստած էին երեք տղամարդ և մի կին: Տղամարդկանցից մեկի սեղանը իր մեծությամբ և նրա վրա տարածված  թղթապանակների  առատությամբ տարբերվում էր մյուսներից, իսկ սեղանի տերն  էլ բավականին երիտասարդ էր երևում մնացածից:

Փայլակը կռահելով, որ հենց այդ տղամարդը կարող է լինել բաժնի վարիչը, արագորեն քայլերն ուղղեց դեպի նրա սեղանը և նրան դիմելով հարցրեց.

-Ներեցեք, դո՞ւք եք այս բաժնի վարիչը:

-Այո, ես եմ, ի՞նչ կա, որ,-ժպտալով արձագանքեց վարիչը:

-Իմ ընկերներից մեկը Ձեզ մոտ էր եկել աշխատանքի հարցով, բայց չէր ցանկացել այստեղ աշխատել, դրսում պատահաբար հանդիպեցի նրան և նա խորհուրդ տվեց աշխատանքի հարցով Ձեզ դիմել, քանի որ այստեղի Կադրերի Բաժնի վարիչ ընկեր Վերանյանը ինձ ուղարկեց ցեխերում և բաժիններում ազատ աշխատատեղ փնտրելու, Սովնարխոզից (Совет Народного Хозяйства) են ինձ ուղեգիր տվել Ձեր գործարանի համար:

-Տղա ջան, նստիր-սիրալիր տոնով դիմելով Փայլակին բաժնի վարիչ ընկեր Սարգսյանը  աթոռ առաջարկեց և սկսեց տարբեր տեսակի հարցեր ուղղել նրան:

Փայլակը սիրով պատասխանում էր տրվող հարցերին, իսկ հանդիպման  վերջում ընկեր Սարգսյանը ասաց.

-Դու երիտասարդ ես և այստեղ քո տեղը չէ, այ, նայիր, իմ բոլոր աշխատակիցները թոշակառուներ են, բայց ժամանակավորապես աշխատելով այստեղ, աշխատանքի բնույթից ելնելով դու կծանոթանաս գործարանի բոլոր ցեխերի ու բաժինների աշխատանքին և կարող ես գտնել քո ցանկալի տեղը ըստ մասնագիտության:

Ոգևորված այս առաջարկից, Փայլակը տեղից վեր կացավ, շնորհակալություն հայտնեց  ու ցտեսություն ասելով մոտեցավ դռանը, կամացուկ բացեց այն և հրաժեշտ տվեց ապագա աշխատակից ընկերներին:

Մեկ շաբաթ անց Փայլակը ներկայացավ աշխատանքի, նախապես ավարտելով բոլոր փաստաթղթային ձևակերպումները:

Շուտով բաժնի միակ աշխատասենյակի ազատ տեղում հարմարավետ  տեղավորեցին նրա համար բերված աշխատասեղանը և աթոռը:

Այստեղ հիմնական երեք աշխատողները, ինչպես արդեն իմացաք, թոշակառուներ էին, իսկ բաժնի վարիչը դեռ բավականին ժամանակ ուներ թոշակի անցնելու համար: Հիմա արդեն նրանց շարքերը համալրեց բաժնի վարիչից էլ ավելի երիտասարդ, ճարտարագետ Փայլակը:

Բաժնի աշխատակիցների աշխատանքի բնույթը հիմնականում կայանում էր նրանում, որ նրանք օրվա ընթացքում պետք է շրջեին իրենց կցված ցեխերի ու բաժինների տարածքներում և հայտնաբերեին տեխնիկայի անվտանգության կանոնների խախտումները, ապա շրջաբերականներ գրեին այդ խախտումների մասին, նշեին դրանց վերացման ժամկետները և կրկնօրինակը հանձնեին տվյալ միավորի վարիչին, իսկ  բաժնի հատուկ թղթապանակում պահեին առաջնային շրջաբերականը: Ամեն օր ստուգելով շրջաբերականների կատարման ժամկետները և ժամանակին չվերացրած թերությունների դեպքում, այդ մասին հաղորդեին բաժնի պետին, իսկ նա էլ իր հերթին զեկուցեր վերադասին:

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր արդեն աշխատում Փայլակը, բայց նկատել էր, որ աշխատակիցներից մեկը՝ Գուրգեն Գասպարիչը, բացի հիմնական աշխատանքից, կարծես թե լրացուցիչ անձնական աշխատանք էլ էր կատարում:

Գրեթե ամեն օր, առավոտյան Գուրգեն Գասպարիչը սենյակ էր մտնում ձեռքին սպիտակ թղթով փաթաթված մի ծանր իր, որը դնելով իր աշխատասեղանի ազատ տեղում, նստում էր աթոռին, մի քիչ հանգստանում էր, ապա դանդաղորեն վեր էր կենում, հագնում իր սև գույնի խալաթը, վերցնում  փաթեթը ու դուրս գնում:

Սկզբում Փայլակը դրան ուշադրություն չէր դարձնում, բայց տեսնելով, որ այդ  գործընթացը գրեթե ամեն  օր է տեղի ունենում, հետաքրքրությունից դրդված, մի օր դիմեց Գուրգեն Գասպարիչին:

Գուրգեն Գասպարիչ, կներեք, որ հետաքրքրություն եմ ցուցաբերում, եթե գաղտնիք չէ, այդ ի՞նչ եք գրեթե ամեն օր առավոտյան հետդ բերում, իսկ երեկոյան տուն տանում:

-Փայլակ ջան,-ժպտալով պատասխանեց Գուրգեն Գասպարիչը, ոչ մի գաղտնիք էլ չկա, այս անիրավ ավտոմեքենան կյանքս կերել է, ամեն օր կամ մասերից  մեկը կոտրվում է կամ ծռվում, ես էլ, երբ հասնում եմ գործարան, հանում եմ այդ մասը, փաթաթում թղթի մեջ, որ մյուսները չտեսնեն, բերում եմ հետս բաժին, ապա տանում համապատասխան ցեխ ու վերանորոգման տալիս, աշխատանքից հետո էլ գնում վերցնում եմ, տեղադրում ավտոմեքենայի վրա ու տուն սլանում:

-Բայց այս գործարանում ամեն ի՞նչ են կարողանում վերանորոգել,-հարցրեց Փայլակը:

-Հիմնականում, այո, նույնիսկ ավտոմեքենայի շարժիչի որոշ մասեր, քանի որ մենք արտադրում ենք նաև ինքնավար շարժական էլեկտրակայաններ, որոնց վրա բենզինով աշխատող շարժիչներ են դրվում,-ժպտալով պատասխանեց Գուրգեն Գասպարիչը:

-Նույնիսկ նոր դետալ այստեղ կարո՞ղ են պատրաստել,-զարմացավ Փայլակը:

-Իհարկե, ոչ բոլոր դետալները, բայց  հիմնականում կարող են, իմացիր, որ  մենք ձուլման ցեխ էլ ունենք, կոնստրուկտորական բյուրո էլ, վերջիններս դետալի գծագիրն են նախապատրաստում, տալիս, ցեխում էլ պատրաստում են մակետը և ձուլում:

-Իսկ չե՞ք վախենում, որ մի օր կարող է այդ մեքենան Ձեզ դավաճանել և Ձեր կյանքին վտանգ սպառնալ:

-Իհարկե այդ վտանգը կա, բայց ես շատ ուշադիր եմ և ավտոմեքենան վարելիս արդեն զգում եմ, թե ինչ երևույթ է տեղի ունենում և հասնելով գործարան, ստուգում և ճշտում եմ իմ կասկածները ու համոզվելով դրանում, քանդում, հանում եմ տվյալ դետալը ու տանում այն արտադրամաս, որտեղ ի վիճակի են այն վերանորոգելու կամ  նորը պատրաստելու:

-Իսկ դեպքեր պատահել ե՞ն, որ մեքենան Ձեզ դավաճանել է և չի ենթարկվել:

-Այդպիսի մի զավեշտալի դեպք պատահել է:

-Կպատմե՞ք դրա մասին,-հարցրեց Փայլակը, հետաքրքրությունից դրդված:

-Ձմռան ամիսներից էր, Աբովյանից էի վերադառնում, Ռադիոկայմի մոտ շրջադարձ պետք է կատարեի, որ մտնեի Քանաքեռ տանող ճանապարհը, այնտեղ եմ ապրում, սակայն ավտոմեքենայի անիվները սահեցին սառույցի վրայով և այն հայտնվեց ճանապարհի եզրի փոսում ու ոչ մի կերպ չկարողացա մեքենան դուրս հանել այնտեղից: Բավականին ուշ ժամ էր, երթևեկությունը գրեթե դադարել էր: Ստիպված անջատեցի շարժիչը, դուրս եկա մեքենայից, փակեցի դռները և ոտքով գնացի տուն: Մտածեցի հարևաններին կհավաքեմ, կգանք միասին մեքենան դուրս կհանենք փոսից:

-Հետո՞,-հետաքրքրվեց Փայլակը:

-Այդպես էլ արեցինք, մի քանի հարևանի հետ ուղևորվեցինք այնտեղ, երբ արդեն մոտենում էինք մեքենային, տեսանք, որ նա փոսի մեջ չէ, այլ ճանապարհի աջ եզրին նորմալ կանգնած է: Կարծես հրաշք էր կատարվել, հարևաններն էլ կարծեցին, թե իրենց խաբել եմ, հումոր եմ արել, որ հետագայում վրաները ծիծաղեմ: Արդեն պատրաստվում էինք մեքենայում տեղավորվել ու տուն վերադառնալ, երբ այդ պահին ճանապարհի դիմացի ուղում  կանգ առավ մի ավտոբուս և ազդանշան տվեց: Ես ակամայից շուռ եկա դեպի ավտոբուսը և լսեցի վարորդի ուրախ ձայնը, որը գլուխը հանել էր  ավտոմեքենայի խցիկի պատուհանից և գոռում էր իմ ուղղությամբ. Հոպար, հո չե՞ս նեղացել, որ մեքենադ փոսից հանել ենք: Ես արագորեն կտրեցի, անցա ճանապարհը, մոտեցա վարորդին և շնորհակալություն հայտնեցի իր բարի արարքի համար: Նա ասաց, որ երբ քաղաք էր գնում տեսել էր վթարված մեքենան, խնդրել էր ուղևորներին, որ իջնեն ավտոբուսից և իրեն օգնեն այն փոսից հանելու համար, նույնիսկ սպառնացել էր, որ եթ չիջնեն իրեն օգնելու, ապա չի շարունակի ավտոբուսը վարել:

-Հետաքրքիր պատմություն է,-խորը շունչ քաշելով ասաց Փայլակը,-իսկ չե՞ք մտածում այդ մեքենայից երբևէ հրաժարվելու մասին:

-Հիմա ես յոթանասունինը  տարեկան եմ, մի ոտքս ավտովթարից կոտրվել է, կաղում եմ, լեղապարկս հեռացրել են, ադենոմայից նեղվում եմ, դժվար եմ քայլում, չշարունակեմ,  ութ վիրահատություն եմ տարել, բայց շարունակում եմ ապրել, չէ՞, ու տեսնում ես, որ ինձնից չեն հրաժարվել չէ իմ հարազատները, մի կերպ պահում են դեղերով, վիրահատություններով, ես էլ դիմանում եմ, իրենք էլ դիմանում են, հո դեն չեն շպրտի, ժամանակը կգա, կհեռանամ կյանքից, հիմա այս ավտոմեքենան ինձ նման է, ես նրան կխնամեմ ու կվերանորոգեմ  այնքան ժամանակ մինչև այլևս հնար չլինի նրան աշխատեցնելու:

-Հասկացա Գուրգեն Գասպարիչ, դուք շատ բարի և հոգատար մարդ եք,-ասաց Փայլակը, տեղից հուզված դանդաղորեն վեր կացավ, մոտեցավ նրան ու ջերմորեն գրկեց ծերությունից կորացած նրա ուսերը ու որոշ ժամանակ մնաց այդպես:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728