«Արցախ 35․ պայքարը շարունակվում է»
Մութ ու ցուրտ տարիներն էին։ Այն ժամանակ չկար նյութական գրեթե ոչինչ, բայց կար անջնջելի ու վեհ մի գաղափար՝ հայրենիքի պաշտպանություն։ Հայրս, այն ժամանակ դեռ երիտասարդ մի պատանի, հայրենի հողի կանչով մեկնեց պատերազմ ու մասնակցեց Արցախյան առաջին ազատամարտին։ Շատ չի սիրում խոսել պատերազմի ու իր աչքով տեսածի մասին։ Հաճախ են աչքերն արցունքոտվում՝ սահմանային լարվածության մասին լսելիս, հատկապես, որ երկու զինվոր որդի ունի կանգնած սահմանին։ Այնուամենայնիվ, հորս ու էլի շատ ու շատ հայրենասեր զավակների նվիրումի շնորհիվ ձեռք բերվեց բաղձալին՝ հաղթանակը։ Այն տարիներ շարունակ մեզ տվեց հպարտություն ու անպարտելի լինելու զգացողություն։
Հաղթանակը նվաճեցին նրանք, իսկ մե՞նք․․․
Հանուն Արցախի շատ քաջորդիներ տվեցին իրենց կյանքը, վստահ լինելով, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու և որ իրենց սերունդները պիտի խաղաղ ու անկախ ապրեն։ Արցախի համար պայքարում են բժիշկները։ Շինարարները տներ են կառուցում՝ հայ օջախի շենացման համար, եկեղեցիներ՝ մեր մշակույթի ու ինքնության պահպանման համար։ Հոգևորականներն իրենց գործունեությամբ նպաստում են հայ մարդու քրիստոնյա մնալուն և այսպես շարունակ։
Կարդացեք նաև
Որպես պատմաբան ու ապագա ուսուցիչ իմ զենքն, իմ գրիչն է։ Ես նույնպես ուզում եմ պայքարել այն պայծառ ու հաղթական օրվա համար, որն ապագայում անպայման պիտի՛ գա։ Կարծում եմ, որ Արցախի համար պայքարը պետք է սկսել դպրոցից։ Նոր սերնդի մեջ պիտի խորը արմատներ ունենա հայրենիքի գաղափարը։ Չպետք է տարանջատում լինի Հայաստանի ու Արցախի, չէ՞ որ մենք նույն հայն ենք։ Անկեղծ ասած, ունեմ տպագրված հոդված «Արցախյան ազատագրական պատերազմ» թեմայով, որտեղ նշել եմ, թե ինչ հաստատուն քայլերի միջոցով պետք է թեման դասավանդվի դպրոցում։ Կարծում եմ, որ Արցախի մասին պիտի էլ ավելի շատ գրենք ու դա հասանելի լինի միջազգային հանրությանը ու մեր դիպուկ փաստարկներով պիտի ապացուցենք, որ Արցախն իսկապես հայկական է։ Մենք պետք է հզորանանք, սա է ժամանակի հրամայականը։ Ներկա իրադարձությունները ցույց են տալիս, որ իսկապես՝ ուժն է ծնում իրավունք։ Սրա համար մենք պետք է, որ մտածենք ոչ թե միայն մեր եսի, այլ, որ ամենակարևորն է՝ մեր Մենքի մասին։ Այսպես են առաջնորդվում շատ հայորդիներ, որոնք բլոկադայի օրերին իրենց քաղաքական, քաղաքացիական ու զինվորական պարտքն են կատարում Արցախում։
Որպես մայր, առանց վարանելու պետք է զավակիս մեծացնեմ իսկական հայրենասեր ու ազգային արժեքների կրող քաղաքացու։
Ես լիահույս եմ, որ մեր ապագա սերունդը, իսկապես կանի ամեն ինչ Արցախի ու արցախցու համար, չէ՞ որ հայրենասիրությունը՝ գործ է։
Հայը պայքարող տեսակ է, իսկ պայքարը չունի վերջ քանի հայը կա։ Փափագում եմ, որ մենք կամ գոնե մեր ապագա սերունդները Արցախը դարձնեն առաջվանը՝ ազատ ու ամբողջական։
Այնտեղ, ուր առաջ լուսաբացները
բացվում էին խաղաղ մանկան ծիծաղով,
այնտեղ, ուր առաջ երեկոները
լցված էին միայն աղոթքով խաղաղ,
փռված է այնտեղ
Արցախն ի՛մ ուժեղ,
Արցախն ի՛մ հաղթած
Արցախն ի՛մ վիրավոր։
Կորցրել է նա բազում հերոսներ,
Բայց կանգուն է նա, սիրտը՝ վիրավոր։
Չունի նա ա՜վաղ «կյանքի ճանապարհ»
Լցված են միայն սրտերը՝ հույսով։
Բայց, միևնույն է․
Նա իր ուժով՝ աստվածատուր,
Ինչպես փյունիկ՝ վերածնված,
Վե՛ր կհառնի բարգավաճած։
․․․ Ու կմորմոքվեն վերքերդ բոլոր,
Դու վեր կհառնես՝ իմ դրախտավայր։
Ու դո՛ւ, որ հաղթած դարերին անցել
Հաղթանակի՛դ դրոշը պիտի ծածանես։
Հրանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
22 տարեկան