Արցախ 35. Պայքարը շարունակվում է
Երջանկություն է ծնված լինել Արցախում: Էլ ավելի մեծ երջանկություն է լինել արցախցի ու ապրել Արցախում, մեր պապերի հզոր ու շեն Արցախում: Մայր հայրենիքի այս մի հատվածը, այս անբաժան հատվածն այսօր փոքր-ինչ վիրավոր է: Թվում է՝ Արցախն անելանելի վիճակում է: Սակայն դա միայն թվացյալ դժվարություն է: Արցախն ու Մայր Հայաստանը միասին հաղթահարել են իրական անելանելի իրավիճակներ, տեսել են պատերազմներ, դավադրություններ, պառակտումներ, բայց դրանք բոլորն էլ հաղթահարվել են: Իհարկե, այս մեկն էլ կանցնի, թշնամին քաջ ծանոթ է արցախցու աննկուն կամքին ու նրա անհաղթ ոգին սարսափահար է անում նենգին: Նա, ով փորձում է խաթարել այս դրախտավայրի անդորրը, շարժում է ամենակարող Աստծո զայրույթը:
Հաճախ եմ ճանապարհորդում Արցախում: Չլինելով արցախցի, ինձ նրա անբաժան մասնիկն եմ համարում: Ամեն անգամ ոտքս Արցախի հողին դնելիս, հոգիս փառավորվում է, միտքս պայծառանում, իսկ հայացքս ճախրում Արցախի լեռներով ու հովիտներով: Արցախը հազարավոր թելերով կապում է ինձ իրեն: Չգիտեմ՝ ինչումն է կայանում այդ կախարդանքը, այդ կապվածության զգացողությունը, այս կախվածությունը այս հողից: Այստեղ ամեն քար մի պատմություն է պատմում, ամեն թուփ ու ծաղիկ վկա է մի պատմական իրողության: Հոգիս դեռ Արցախում է, թափառում է Ղազանչեցոցի կամարների տակ, շոշափում Ամարասի պարսպի քարերը, Գանձասարի բարձունքից դիտարկում հեռուները, փորձում հասկանալ Տնջրի ծառի առեղծվածը… Իսկ երբ լքում եմ Արցախը, մի աննկարագրելի թախիծ է ինձ համակում. ամեն անգամ Արցախից վերադառնալիս, ասես մի մասնիկ եմ այնտեղ թողնում, երբեք լիարժեք չեմ վերադառնում: Բոլոր այս զգացողությունները ծանոթ են Արցախում եղած մարդուն, անծանոթը չի պատկերացնում: Նա, ով երբևէ չի տեսել Արցախը, չի կարող ընկալել այս զգացողությունները:
Ես գրեթե վստահ եմ, որ Արցախին ու Մայր Հայաստանին պատուհասած այս բոլոր փորձությունները ժամանակավոր բնույթ են կրում: Ներքին ձայնս հուշում է, որ շատ քիչ է մնացել, որ շուտով ամեն ինչ հօդս է ցնդելու վատ երազի նման, միայն մի փոքր համբերություն, և ամեն ինչ կկարգավորվի: Մինչ այդ, յուրաքանչյուրս մի պահ խորհենք, մի պահ մենակ մնանք յուրաքանչյուրս մեր «ես»-ի հետ ու հասկանանք ինքներս մեր ընկալումներում, ինքներս մեզ երկու հարց տանք. «Ի՞նչ եմ անում ես Արցախի համար» և «Ի՞նչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի»:
Կարդացեք նաև
«Ի՞նչ եմ անում ես Արցախի համար», կամ ուղղակի ի՞նչ եմ անում ես իմ հայրենիքի, իմ քաղաքի, իմ գյուղի համար: Ուզում եմ, որ մի պահ յուրաքանչյուր հայ կանգ առնի, խորհի ու պատասխանի այս հարցին: Ամենաճոխ սեղանների շուրջ չե՞մ զլանում ու հոտնկայս խմո՞ւմ եմ հայրենիքի ու հայ զինվորի կենացը, հետո այդ ճոխ ճաշկերույթի ավարտին հավաքում եմ աղբը և անխնա շաղ տալիս իմ թանկ հայրենիքի բնության գրկում: Սա՞ է մեր պատկերացրած հայրենասիրությունը: Ո՛չ, սա ցավալի իրականությունն է: Այնինչ մեր նախնիները երբեք այսքան նյութապաշտ ու որկրամոլ չեն եղել:
Ի՞նչ եմ անում ես Արցախի համար, ես՝ ինքս, չեմ խմում երբեք հայրենասիրական կենացներ, ո՛չ հոտնկայս, ո՛չ հանդիսավոր ու ցուցադրաբար: Փոխարենը, ուժերիս ու սեղմ հնարավորություններիս սահմանում այցելում եմ Արցախ, պատերազմից առաջ ու հետո, այս կերպ օգնության ձեռք մեկնելով հպարտ արցախցուն: Գնում եմ ու գնալու եմ Արցախ, իմ փոքրիկ ներդրումը ունենալու այս հզոր երկրի հզորացմանը, գնումներ եմ անում փոքրիկ կրպակներից, փողոցում մանր-մունր իրեր վաճառող տատիկ-պապիկներից, վանքերին կից վաճառասեղաններից ընտրում եմ փոքրիկ ձեռագործ իրեր ու հետս բերում Հայաստան: Գումարս ծախսում եմ արցախյան հյուրատանը, արցախյան ռեստորանում արցախյան խոհանոցի բարիքները ըմբոշխնելու վրա: Հորդորում եմ բոլոր ընկերներիս նույնն անել և այդպիսով փոքրիկ ներդրում ունենալ ավելի հզոր Արցախ կերտելու ճանապարհին:
Իսկ ի՞նչ պետք է անի ապագա սերունդը հանուն ավելի հզոր Արցախի: Նախ և առաջ մեզանից յուրաքանչյուրը պետք է պարտավորվի դաստիարակել ու կրթել հայրենիքին արժանի սերունդ, հայրենասիրությամբ տոգորված, որը չի խնայի ոչինչ հայրենիքի զարգացումն ու անվտանգությունը ապահովելու համար: Հենց այս արժանի սերունդն էլ կդառնա հայրենասեր առաջնորդ, հեռատես դիվանագետ, բանիմաց տնտեսագետ, նվիրված ուսուցիչ ու պարզապես հայրենասեր ՀԱՅ:
Ի՞նչ պետք է անի ներկա և ապագա սերունդը հանուն ավելի հզոր Արցախի: Ես մի խելացի ու խորամանկ նախագծային գաղափար ունեմ, որը կօգնի Արցախին արագորեն դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից: Ինչպես արդեն վերևում նշել եմ, այս իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, և Արցախը այսպես, թե այնպես, իմ գաղափարով կամ առանց դրա, կհաղթահարի այս դժվարությունները: Այնուամենայնիվ, ես չեմ դադարում նորանոր գաղափարներ ու լուծումներ փնտրել իմ հայրենիքի ու հայրենի Արցախի շարունակական զարգացումն ապահովելու համար:
Իմ նախագծսյին «փայլուն» գաղափարը կայանում է հետևյալում: Ինչպես գիտենք, դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ կերպ ասած «կյանքի ճանապարհը»: Իսկ մեր բնապահպան հարևանը՝ Ադրբեջանը, հարմար առիթը բաց չի թողնում և զրկում է Արցախի բնակչության կենսական կարևորություն ունեցող պայմանների ապահովումից՝ սնունդ, դեղորայք, վառելիք, էլեկտրաէներգիա, կապի միջոցներ: Նախագծի էությունը հենց դրանում է կայանում: Արցախը ունի հսկայական ներուժ՝ բնակլիմայական շատ նպաստավոր պայմաններ, որոնց խելացի կիրառության դեպքում հնարավոր կլինի արագորեն հաղթահարել ճգնաժամը: Արցախում տարեկան կտրվածքով արևոտ օրերի քանակը կազմում է մոտ 300 օր: Սա բնական հարստություն է, մեզ տրված բնությունից: Այսօր աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ են օգտվում այս բնական հարստությունից և լուծում իրենց բազմաթիվ էներգետիկ խնդիրները: Շնորհիվ խելացի լուծումների՝ Արցախն այսօր ունի շատ մեծ հնարավորություններ՝ հրաժարվելու ռուսական գազից և Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայից, փոխարենը ստեղծելու սեփական արևային կայանները և կուտակել այնքան էներգիա, որը կբավականացնի ոչ միայն Արցախի բնակչության կարիքները, այլ նաև կծառայի արդյունաբերական կարիքները հոգալուն: Ես հարցին չեմ կարող մասնագիտորեն մոտենալ, քանի որ չունեմ համապատասխան մասնագիտություն և որակավորում, սակայն համոզված եմ, որ հայ և արցախցի լավագույն մասնագետները ճշգրիտ հաշվարկների միջոցով կարող են ապահովել նախագծի իդեալական իրականացումը: Իհարկե, ենթադրվում է պետական մակարդակի մոտեցում, քանի որ ծրագրի իրականացումը ծախսեր է պահանջում, որոնք անհատը միայնակ չի կարող հաղթահարել: Եվ այս տեսակի էլեկտրաէներգիայի աղբյուրը չի կարող խափանվել Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի միջամտությամբ, քանի որ այն բնական հարստություն է, և ոչ ոք չի կարող արցախցուն զրկել իր երկրի բարիքները ազատորեն վայելելու հնարավորությունից:
Ամփոփելով այն ամենը ինչ ասվեց, կցանկանայի միայն հավելել, որ անկախ ամեն ինչից Արցախը եղել է, կա ու միշտ լինելու է հայկական, որ հայ ժողովրդի հավերժ ներկայությունը չի կարող խաթարվել որևէ մարդկային գործոնի պատճառով:
Հեղինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ