Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կազմակերպության ներկայացուցիչները Արցախի շրջափակման թեման քննարկել են ԱՄՆ սենատորի աշխատակազմում

Փետրվար 25,2023 20:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեխասը ներկայացնող ԱՄՆ սենատոր Ջոն Քորնընի Դալլասի տարածաշրջանային համակարգողի տեղակալ Բրայեն Ֆլորսը փետրվարի 23-ին ընդունել է Տեխասի հայ մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի մի շարք անդամների: Զրուցակիցների քննարկման առանցքում Բերձորի միջանցքի շրջափակումն ու դրա աղետալի հետևանքներն էին:

Կոալիցիայի համահիմնադիրներ Աննա Խաչատրյանի և Հասմիկ Ղարաղազարյանի փոխանցմամբ՝ համակարգողի տեղակալը մտահոգված էր ներկա իրողությամբ: «Մեր փոխանցած տվյալները նա գրի էր առնում, նաև հարցեր էր տալիս, ինչը փաստում է, որ նրան հետաքրքրում էր այս թեման», – ասում է հանդիպման մասնակիցներից Աննա Խաչատրյանը:

Կոալիցիայի ներկայացուցիչները պաշտոնյային ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հիմքերը, միևնույն ժամանակ ընդգծել, որ այս պահին հայերի միակ ակնկալիքը Արցախի ապաշրջափակումն է:

Ջոն Քորնըն

«Նրան բացատրեցինք, որ քանի դեռ միջանցքն անանցանելի է, արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման սպառնալիքի առջև: Ամենօրյա ռեժիմով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները: 21-րդ դարն է, բայց արցախցի 30.000 երեխա զրկված է պատշաճ կրթությունից, 120.000 արցախցի ապրում է սահմանափակ սննդով և դեղամիջոցներով, իսկ գազամատակարարումն արհեստականորեն դադարեցվում է», – քննարկմանը նշել է Հասմիկ Ղարաղազարյանը:

Հայկական կոալիցիայի ներկայացուցիչները խնդրել են սենատորին Կոնգրեսում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում հասունացող մարդասիրական ճգնաժամը և աջակցություն հայտնել Ներկայացուցիչների պալատի 108 բանաձևի ընդունմանը, որը դատապարտում է Բաքվի ապօրինի գործելաոճը:

Մեզ հետ զրույցում Աննա Խաչատրյանն ու Հասմիկ Ղարաղազարյանը նաեւ հայտնեցին, որ բավարարված են սենատորի աշխատակազմի արձագանքից: «Աշխատակազմից միանշանակ բավարարված ենք, որովհետև տեղակալը խոստացավ քննարկման բովանդակությունը մանրամասնորեն ներկայացնել սենատոր Քորնընին: Նա երախտագիտություն հայտնեց մեզ հանդիպումը նախաձեռնելու համար, ինչը շատ կարևոր էր մեզ համար», – շեշտում է Խաչատրյանը, իսկ Ղարաղազարյանն էլ հանդիպումը խոստումնալից է որակում: «Դրական արդյունքների ենք սպասում»,- ասում է նա:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728