Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան․ «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լուրջ  քայլ է տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում»

Փետրվար 25,2023 17:20

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հայտնվելը Հայաստանում լրջագույն քայլ է ոչ միայն մեր սահմաններում, այլեւ տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում։ Այս մասին այսօր «ԵՄ դիտորդներ․ անվտանգային նոր հնարավորություններ եւ ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Նա ասաց, որ ՀՀ ձգտումը՝ ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ-ում բնական էր, քանի որ այնպիսի իրավիճակ էր, երբ մեր երկրի նկատմամբ ագրեսիա էր տեղի ունենում,  ՀԱՊԿ-ը պատրաստ չէր կամ ի վիճակի չեղավ կամ ցանկություն չունեցավ ստանձնել իր գործառույթը․ «Նախ մեր սահմանները չճանաչեց, մեր տարածքային ամբողջականությունը դարձավ խնդրահարույց իրենց տրամաբանությամբ։ Եվ բնական էր, որ Հայաստանի ձգտումն այս իրավիճակում՝ շտկումներ մտցնել այն  գործընկերների հետ հարաբերություններում, որոնց հետ մենք ունենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։ Սրանցից  որեւէ մեկը   ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի ձեւաչափում մեր դաշնակիցների մասին չէ։ Սա էր այն իրավիճակը, որ ՀՀ-ին թելադրեց գնալ նման որոշման եւ Հայաստանը դրանով իր մեծ ներդրումն ունեցավ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, ռիսկերը  կառավարելիության հունի մեջ պահելու գործում»։

Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության նկատմամբ Ռուսաստանի «խանդին», ապա Մեհրաբյանն ասաց․ «Խանդի պատճառը եղել է ի դեմս Հայաստանի նախկին ղեկավարությունների, որոնք բերել Ռուսաստանին նստացրել էին մեր գլխին եւ հիմա Ռուսաստանի համար անսովոր է, որ Հայաստանը կարող է իր շահերից բխող նշանակալից քայլ անել»։

Մեհրաբյանի կարծիքով՝ ԵՄ առաքելության տեղակայմամբ մեր հնարավորություններն ընդլայնվելու են, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ Հայաստանը չօգտագործի այդ հնարավորությունը․ «Հայաստանը շունչ քաշելու ժամանակ եւ հնարավորություն է ստանում՝  կենտրոնանալու իր տնային աշխատանքի վրա։ Ես կարծում եմ, որ Հայաստանը   հնարավորություն է ստացել  իր բարեփոխումների օրակարգին տալ եվրոպական ուղղություն։ Երկրորդը՝ դա ռուսական ուղղությամբ այդ անհաշվենկատ եւ գնալով ավելի վտանգավոր դարձող, այսպես կոչված՝ համագործակցության շարունակության նորմալիզացիան է, որը սպառնալիք է։ Դրա դրսեւորումներն են՝ երկրորդային պատժամիջոցների ռիսկն է մեծանում, ՀՀ միջազգային հեղինակությունն է տուժում։ Հայաստանը վնասից բացի, օգուտ չի ստանում ու չի ստանալու ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական առումով։ Հայաստանը պետք է նշանակալի քայլեր անի, մաքսիմալ հնարավոր դիստանցիա պահի ՌԴ-ից ՝ բոլոր հնարավոր ոլորտներում»։

Նա խոսքով՝ պետական ապարատի լխկած վիճակը  թույլ չի տա, որպեսզի ԵՄ դիտորդների  գործոնն առավելագույնս օգտագործվի ի նպաստ մեր երկրի անվտանգության եւ ապագայի տանող ճանապարհին։

«Հայաստանի զինված ուժերի բարեփոխման մի ճանապարհ կա՝  ՆԱՏՕ-ի չափանիշներով ԶՈւ ձեւավորման տեսլականն է, որ պետք դնենք մեր առջեւ»,-ասաց Մեհրաբյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Էտ միֆը որ բրդում են, թե բա ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ։
    ՆԱՏՕ ի չափանիշով դեռ չի նշանականում ուժեղ բանակ։
    Օրինակ Լատվիայի, Լիտվայի, Մոնտենեգրոյի, կամ Վրաստանի բանակները \շատ ուժեղ են՞
    Տրամաբանականա մեր չափի երկրների հետ համեմատել, ոչ թե նայել ԱՄՆ-ին ասել այ տես ՆԱՏՕի բանակը ինչ հզորա։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728