Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ իմ գալը Ադրբեջանը գնում էր Արցախն աննկատ իրեն ինտեգրելու ճանապարհով, իսկ հիմա հասկանում է, որ դա այլեւս չի ստացվի». Ռուբեն Վարդանյան

Փետրվար 25,2023 16:30

Արցախի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանելով հստակ հարցին, թե ինչո՞ւ անխուսափելի դարձավ իրեն Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է նախագահին ուղղել: Կարող եմ ասել, որ իմ հրաժարականի մասին շշուկները ի հայտ եկել են դեկտեմբերին: Եկել է օտար մարդ՝ իր ամբիցիաներով ու կանոններով: Իհարկե, շատերի հանգիստ կյանքը խաթարվել էր: Մենք մեծ ֆինանսավորում ստացող շատ մարդկանց օդը փակել էինք: Եվ կարծում եմ, շատերը հիմա երեկոները դա նշում են»:

Իսկ արդյոք դրսից, կոնկրետ՝ Ադրբեջանից, ճնշում եղե՞լ է, ինչի առիթով ասում են, թե դավաճանություն էր, որ Ադրբեջանը պահանջեց, Արցախի նախագահն էլ ստորագրեց, ճշգրտող հարցին Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ ինքը երբեք չէր մտածի, որ իր ազգանունը կքննարկվի Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում կամ Եվրոպառլամենտում: «Բայց Ադրբեջանը որոշեց առավելագույնս անձնավորել Արցախի շուրջ ամբողջ իրավիճակը: Չեմ հասկանում՝ ինչու, որովհետեւ մեծ հաշվով, ինչ ես ասել եմ ու ասում եմ,  իր խոսքում ասաց նաեւ նախագահը, որ ինքը եւ Արցախի Հանրապետության ղեկավարությունում աշխատող մարդկանց մեծամասնությունը նույն կերպ կիսում է այդ հայացքները՝ կապված կարմիր գծերի հետ, որ չենք ինտեգրվի Ադրբեջանին, որ կապրենք կողք-կողքի, բայց ոչ միասին:

Հավանաբար, տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջին, որ անսպասելի էր  իմ նման մարդու գալն Արցախ, ինչը կոնսպիրոլոգիական վարկածի առիթ դարձավ: Որ հնարավոր չէ՝  մարդը լինի հայրենասեր, գա իր երկիր եւ մտահոգվի, թե ինչ էր կատարվում Արցախում:

Երկրորդ: Ցանկանում եմ հիշեցնել, որ դեռ անցած տարվա ամռանը ադրբեջանական կողմն ասում էր, թե  հայկական կողմի հետ ոչ մի բանակցություն չի վարի, որովհետեւ արցախցիներն իրենց քաղաքացիներն են: Բայց անցել է վեց ամիս ու տեսեք, որ իրենք ասում են, թե պատրաստ են բանակցություններ վարել, բայց ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների հետ, որ կարող են լինել Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով բանակցություններ: Կարծում եմ, իմ գալով Արցախի հանրայնորեն ճանաչումը մեծացավ: Ադրբեջանը համարում էր, թե սա ներքին խնդիր է ու գնում էր Արցախը դանդաղորեն իրեն ինտեգրելու ճանապարհով: Իսկ հիմա Ադրբեջանը հասկանում է, որ Արցախն աննկատ ինտեգրել այլեւս չի ստացվի:

Եվ երրորդ: Կարծում եմ, Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների եւ կցանկանար, որ ամեն ինչ ուժով լիներ: Ես  մեծերի հետ շփվելու բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել, այդ թվում, Եվգենի Պրիմակովի եւ Հենրի Քիսինջերի շփումներին ներկա գտնվելու: Հակադիր հայացքներ ունեցող երկու երկրներ ներկայացնող մարդիկ, որոնք պատրաստ են շփվել: Գիտե՞ք, երկու հավասար կողմերի միջեւ բանակցությունը ավելի հեշտ է, քան թե մեկը մյուսի վրա ուժ կիրառելը եւ վերջում ինչ-որ անհասկանալի բան ստանալը: Գալով Արցախ՝ ես սկզբից էլ համոզված էի եւ վստահ, որ կարող եմ երկխոսությունը նորմալ հուն տեղափոխել: Բայց դա հակառակ արտացոլում ստացավ:

Կրկնում եմ, պետք է հարցն ուղղել նախագահին: Նա է որոշում կայացրել, կշռադատել բոլոր փաստերը: Նա իր ելույթում նշել է բոլոր այն պատճառները, թե ինչու է այդ որոշումը կայացրել: Ես գտնում եմ, որ դա ճիշտ որոշում չէ եւ դրա մասին բարձրաձայն ասել եմ: Բայց ոչ թե պաշտոնի համար: Ես Արցախ չեմ եկել պետնախարարի պաշտոնի համար: Իմ նպատակը Արցախին իր անկախությունը պահպանելուն օգնելն է: Եթե իմ գործողություններով օգնում եմ, շատ լավ է, եթե խանգարում եմ, ուրեմն պիտի հեռանամ: Դա որոշում է նախագահը»,-ասաց նախկին պետնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728