Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 25,2023 16:21

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարարը և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել:
Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր մարդկանց շրջանում ներկայացնում էր որպես Արցախի ապագա, մարդ, ով ունակ է իրավիճակ փոխելու և իր ահռելի հնարավորություններն ի շահ Արցախի ներդնելու:

Թե ինչ եղավ այդ խոսքերից 2 ամիս անց` բոլորը գիտեն: Հարությունյանի կողմնակիցների մի մասը սկսեցին խոսել այն մասին, որ Վարդանյանը խնդիր է պետական համակարգի համար, մյուսները «պարզեցին», որ Վարդանյանը ռուսների մարդը չէ, մի խումբ այնքան առաջ գնաց ստեղծագործական մոտեցումներում, որ Վարդանյանի նշանակումը կապեցին ՀՀ ընդդիմության ջանքերի հետ:

Ի դեպ, Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է, ով նշանակել ու կարճ ժամանակ անց հեռացրել է իր նշանակածին` անկախ պատճառներից ու ներսում խորը ճգնաժամ ստեղծել, իսկ հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ:

Այս և նախորդ ժամանակահատվածում Հարությունյանի անկանոն ու անկանխատեսելի քաղաքական վարքագիծը հաշվի առնելով՝ դժվար է ասել, թե ինչ կունենանք նոր պետնախարարի նշանակումից հետո:
Ներսիսյանի մասին վերջին շրջանում տարբեր բնույթի տեղեկություններ շրջանառվեցին` ՀՀ իշխանությունների, սորոսականների ներկայացուցիչը լինելուց մինչև պաշտոնակռվի մասնակցի:

Ես ինքս` ի պաշտոնե իմ ծառայության տարիներին իր հետ առնչվել եմ Արցախում, լավ տպավորություն եմ ունեցել, որովհետև իր գործում եղել է հստակ ու սկզբունքային, իսկ իր մասին տարածվող լուրերը հաստատող որևէ փաստի չեմ հանդիպել:

Չնայած ծանր ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային վիճակի՝ մեծ պատասխանատվություն է ստանձնել և իմ ցանկությունն է, որպեսզի նա ու մյուս պաշտոնյաները հաջողեն, որովհետև դա բխում է Արցախի շահերից:

Կարևորը աշխատանքի հիմքում դրվող հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներն են, որոնք պետք է բխեն արցախցիների` 3 տասնամյակ առաջ հռչակած մոտեցումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728