Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան․ «ԵՄ հետաքրքրությունն է ՌԴ ազդեցության գոտին թուլացնել, մտնել այդ գոտի՝ ապահովելով բալանս տարածաշրջանում։ Մեզ համար դա ընդունելի է»

Փետրվար 25,2023 16:00

«Չենք կարող ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկել առանց աշխարհաքաղաքական կոնտեքստի, առանց  արեւմուտք-Ռուսաստան դրամատիկ առճակատման։ Այստեղ Հայաստանը հայտնվել է երկու քարի արանքում, ինչը մեծ խնդիր է դարձել մեզ համար, մանավանդ որ ՌԴ-ն, այսպես կոչված մեր դաշնակիցն է, միջազգային հարաբերություններում առաջնորդվում է այնպիսի սկզբունքներով, որոնք վտանգավոր են Հայաստանի համար, եւ հակառակը, որոնք շատ ընդունելի են Ադրբեջանի համար։ Դա ուժի իրավունքն է, ազդեցության գոտիների ստեղծման իրավունքն է  ուժեղների շուրջ»,-այս մասին այսօր «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «ԵՄ դիտորդներ․ անվտանգային նոր հնարավորություններ եւ ռիսկեր» թեմայով քննարկմանն ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Նա հիշեցրեց Ալիեւի՝ 2021-ին հնչեցրած հայտարարությունը՝ այլեւս համաշխարհային կարգը փոխվել է եւ մենք անելու ենք այն, ինչ ուզում ենք, որովհետեւ կարող ենք։ Ըստ Խուրշուդյանի, նման հռետորաբանություն հնչել է  տարբեր ժամանակների տարբեր բռնապետների կողմից․ «Նույնիսկ Ռուսաստանն  այդքան բացահայտ չէ, բայց նույնն է անում, երբ կարող է իրեն թույլ տալ խառնվել ՀՀ ներքին գործերին եւ ասել, թե մենք որ հարցում ինչպես պետք է վարվենք, ում հետ ոնց վարվենք, եւ եթե ինչ-որ մեկին դիմենք, որին իրենք դեմ են, մենք կարող ենք կորցնել երկիրը։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե մենք այս երկու խոշոր բեւեռների կիզակետում ենք հայտնվել, ապա ինչպիսին պետք է լինի մեր ընտրությունը, արդյոք կարող ենք նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից եւ ոչ միայն պահպանել ինքնիշխանությունը, որը գերխնդիր է այսօր, նաեւ պահպանել տարածքային ամբողջականությունն ու տնտեսական աճի դինամիկան»։

Ո՞րն է ԵՄ հետաքրքրությունը, որ մտավ տարածաշրջան․ Խուրշուդյանն այս հարցադրումը հնչեցրեց, ապա մեկնաբանեց՝ ԵՄ-ն  առկա է արդեն Վրաստանում՝   առաքելության ձեւաչափով,   բայց ավելի խորը ինստիտուցիոնալ առումով․ «Վրաստանը ստորագրել է  ասոցացման համաձայնագիրը, ունի ռազմական փորձագետների ինստիտուտ  ոչ միայն ԵՄ,  նաեւ ԱՄՆ, որը խիստ կարեւոր է ներքին ռեֆորմներ իրականացնելու համար։ Սրան մենք քայլ առ քայլ պետք է ձգտենք եւ հասնենք, որովհետեւ այն վիճակը, նկատի ունեմ հատկապես ռուսական ազդեցությունը մեր անվտանգային համակարգերում՝  բանակում, անվտանգության ծառայությունում, դատաիրավական համակարգում, անհնարին է դարձնում ՀՀ անվտանգ անցումը դեպի այլ աշխարհաքաղաքական համակարգեր»։

Հայաստանի գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Այս կարծիքին է Խուրշուդյանը։  Նա նշեց, որ ՀՀ-ում  հասարակական մակարդակում աշխարհաքաղաքական ընտրությունը վաղուց տեղի է ունեցել, եւ դա արեւմուտքն է, ոչ թե Իրանը։

«ԵՄ-ն ունի մի քանի հետաքրքրություն տարածաշրջանում։ Մասնավորապես Հայաստանում իր ներկայությունն ապահովելը։ Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելը քաջ քայլ է, նրանք բավականին ռիսկային գոտի են մտնում, որտեղ իրենց անվտանգությանը որոշակի սպառնալիք կա։  ԵՄ հետաքրքրության հիմքը մի քանի ուղղությունով եմ տեսնում՝  ՌԴ ազդեցության գոտին թուլացնել, եւ այդ ազդեցության գոտի մտնելով ապահովել որոշակի բալանս տարածաշրջանում՝ ի վնաս ՌԴ-ի։ Մեզ համար դա ընդունելի է։ Մյուսը՝ «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է։ Այստեղ ԵՄ շահերը համընկնում են Իրանի հետ։ Մյուս հիմքը՝ ԵՄ  ընդլայնումն է, որը դարձել է օրախնդրային հարց։ Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է 36 երկիր  ընդլայնի»,-ասաց Խուրշուդյանը։

Ու թեեւ այդ ծրագիրը, ըստ նրա, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը սառեցվել էր, հիմա կրկին ընկալում կա, որ նման ծավալում ԵՄ-ին անհրաժեշտ է․ «Հատկապես արեւմտյան Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար, բուֆերային գոտիները ապահովելու համար, ՌԴ դաշնակիցներին չեզոքացնելու համար։ Եվ այս գործընթացի մեջ, ինչպես հասկանում եմ, դիտարկվել է նաեւ Հայաստանը։ Ցավոք ՀՀ իշխանությունը որեւէ նշան չի հղել, որ ցանկանում է այդ երեք երկրների՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, շարքում  լինել։ Այսօր հնարավորություն կա փոխելու ՀՀ դիրքորոշումը՝ դառնալու ԵՄ անդամակցության պոտենցիալ թեկնածուներից մեկը։ Հասարակական տրամադրությունները բարենպաստ են, եթե ունենք նման նախադրյալներ, ուրեմն Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություն ունի ընդգրկվելու որպես անդամության թեկնածու, քան Վրաստանը, որտեղ ժողովրդավարության նահանջ է տեղի ունեցել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728