Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. «Ես գլխարկս հանում եմ Արցախի մարդկանց առջեւ եւ հարգանքս արտահայտում, որ հաղթահարեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ձմեռ»

Փետրվար 25,2023 15:20

Ռուբեն Վարդանյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որպես երբեւէ պետական պաշտոն չզբաղեցրած գործիչ, 112 օր Արցախի պետնախարար աշխատելու փորձն իրեն ի՞նչ տվեց, ասել է. «Երբեք այս ժամանակահատվածին որպես պետական ծառայողի տեսանկյունից չեմ նայել, որովհետեւ դա այնքան էլ սովորական ժամանակահատված չի եղել: Ես Արցախ եկա օգոստոսի վերջին եւ ասացի, որ պատերազմը չի ավարտվել, որ նոյեմբերի 9-ին մենք նույնիսկ հրադադար չենք ստորագրել, որ պարզապես ռազմական գործողությունները կանգնեցվել են, իսկ պատերազմն իրականում շարունակվում է: Ես զգում էի, որ պետք է լինեմ այստեղ ձեր հետ միասին:

Որպես ամբողջ կյանքում մասնավոր եւ բարեգործական ոլորտներում աշխատած մարդու, այս փորձառությունն իմ համար բացառիկ է, քանի որ դա մարտահրավերների ժամանակահատված էր: Կդիմանա՞նք ծանրագույն ձմռանը, թե՞ չենք դիմանա: Բառացիորեն մի քանի օր մնաց գարնան գալուն: Այս առումով ֆանտաստիկ փորձառություն էր: Որ դժվար ձմեռ կարող է մեզ սպասվել, ասել եմ Արցախ գալուց արդեն մի քանի օր հետո: Նշել եմ հինգ ճգնաժամ. ֆինանսական, սահմանադրական բարեփոխումների, որ սկսվել է 2022 թվականի հունվարին եւ մինչեւ հիմա այդպես էլ չի ավարտվել, ծանր իրավիճակում պետություն կառավարելու, պոտենցիալ շրջափակման կամ ծանր ձմռան եւ հիասթափության ու անտարբերության ճգնաժամ:

Այս հինգ ճգնաժամերի մասին խոսելը եւ դրանց դեմ պայքարելը ես համարել եւ համարում եմ կարեւոր: Որոշ բաներ փոխել մեզ հաջողվել է, որոշները՝ ոչ: Մենք ձմեռ մտանք ոչ այնքան պատրաստված, որ այն կլինի այսքան կոշտ: Եվ ես իսկապես գլխարկս հանում եմ Արցախի մարդկանց առջեւ եւ հարգանքս արտահայտում, որ հաղթահարեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ձմեռ»:

Ռուբեն Վարդանյանն, ընդհանուր առմամբ համաձայնել է, որ պետնախարարի պաշտոնը զվաղեցնելու 112 օրում չհաջողվեց լիարժեքորեն արդարացնել կյանքը լավացնելու՝ արցախցիների ակնկալիքները: «Մենք բոլորս էլ հրաշք ենք ուզում: Երբ ես եկա Արցախ, հարց տվեցի, թե եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:

Մենք արեցինք ամենագլխավորը. գույքագրեցինք այն ամենը, ինչ կա Արցախում: Ներդրումներ բերելու, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար նախ պետք է հասկանալ, թե դու ինչ ունես այստեղ: Երկրորդ՝ մենք վերլուծեցինք, թե Արցախում ինչպես է իրականացվում երկրի ղեկավարումը, ինչպես են որոշումները կայացվում: Երրորդ՝ մենք տեսանք մեր թույլ տեղերը եւ ավելի շատ որտեղ են մեր խնդիրները: Հեշտ չէ ախտորոշել եւ ցավոտ կետերը հասկանալ: Դա ժամանակատար է: Մենք պլանավորել էինք առաջին հարյուր օրը հասկանալ իրավիճակը: Եվ դա արեցինք: Սակայն կոշտ շրջափակումը, տեղաշարժվելու խիստ արգելափակումը եւ կյանքի կոշտ սահմանափակումը շատ բաներ կանգնեցրեցին: Եվ մենք չկարողացանք շատ բան անել: Սակայն բազմաթիվ նախագծեր ուժի մեջ են եւ մենք դրանք իրականացնում ենք»,-ասել է պարոն Վարդանյանը:

Իսկ հարցին, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը ի՞նչ տվեց Արցախին եւ ի՞նչ է փոխանցում իր հաջորդին, պատասխանեց, որ բազմաթիվ մշակումներ կան, սակայն հարցի հասցեատերը նախագահն է, որովհետեւ վերջին հաշվով նա է որոշումներ կայացնում: Նա կարող է հաջորդ պետնախարարին ավելի մեծ կամ ավելի փոքր լիազորություններ տալ: Իրենք այդ մշակումները կփոխանցեն նախագահին, իսկ թե դրանք ինչպես կտնօրինի, ինչպես կաշխատի նոր պետնախարարի հետ, դա արդեն իր որոշումը կլինի: «Գլխավորն այն է, որ մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր հետ ինչ է ուզում անել հարեւանը: Ինտեգրացիան, ինչի մասին նա հայտարարել է եւ չի թաքցնում, շատ կոշտ ձեւակերպել  է եւ ձգտում է դա շատ կոշտ ձեւով իրականացնել: Մենք կարողացանք սահմանել այն կարմիր գծերը, որոնք անթույլատրելի են արցախցիների համար: Դա շատ կարեւոր է: Մենք շատ հստակ բացատրել ենք, որ պայքարելու ենք: Պայքարել, չի նշանակում ինքնաձիգով վազել եւ գնդացրից կրակել: Պայքարել, նշանակում է ամեն օր փոխել տնտեսական, սոցիալական վիճակը, ազնիվ լինել ժողովրդի հետ: Օրինակ, ֆինանսների, պետական կառավարման, որոշումների ընդունման թափանցիկությունը եւ այլն: Սրանք հիմքեր են, որ մենք դրել ենք այս հարյուր օրերի ընթացքում: Իսկ թե մեր մշակումներ կարող են օգտակար լինել կամ մերժվել, դա երկրի ղեկավարության տիրույթում է»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728